ԴԱՐԵՐԻ ՄԻՋՈՎ ՀԱՍՆԵԼ 1991-ԻՆ ԵՎ ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ

Սեպտեմբերի 21-ը մեզանում տոն դարձավ 1991 թվականին, երբ դեռ լինելով ԽՍՀՄ կազմում՝ Հայաստանը համաժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը։ Այդ օրը «այո» ասաց քվեարկության մասնակիցների 99,31%-ը կամ ընտրական իրավունք ունեցող բնակչության 94,39%-ը։ Անկախ Հայաստանի առաջին քաղաքացին դարձավ սեպտեմբերի 22-ի ժամը 00:01-ին Հանրապետական հիվանդանոցում ծնված տղան: Ծնողներն էին՝ Բորիս Արշալույսի Նազարյանն ու Հասմիկ Հայկի Խալաֆյանը: Հետաքրքիր է, որտե՞ղ են նրանք հիմա և ի՞նչ անուն են տվել տղային։

31 տարվա ընթացքում սեպտեմբերի 21-ի նախաշեմին բազմիցս վիճակվել է մտորել այն մասին, թե ինչ ենք կարողացել և ինչ չենք կարողացել անել անցած ժամանակահատվածում։ Ստիպված ենք եղել նշել, որ այդ օրը, ըստ էության, այդպես էլ չդարձավ համաժողովրդական տոն։ Նույնիսկ համեմատաբար բարեկեցիկ տարիներին։ Այսօր տրամադրություններն առավելևս տոնական չեն։ Խնդիրը ոչ միայն աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդագույն իրավիճակն է և հարյուրավոր հայ ընտանիքներին պատուհասած վիշտը։ Այսօր մեր անկախության նշաձողն ընկել է աղետալի սահմանագծի, իջել ավելի ցածր, քան Խորհրդային Հայաստանում։ Եվ այս բոլոր «ձեռքբերումները» տեղի ունեցան պատմական չափանիշներով չնչին ժամանակահատվածում. 4 տարի 5 ամիս։

Ավելորդ է անուն առ անուն մատնացույց անել բոլոր այն գլխավոր «հեղափոխականներին», որոնք պարզունակ, պոպուլիստական ներկայացում խաղալով՝ տարան իրենց հետևից են երկրի քաղաքականապես անգրագետ բնակչության մի մասին և նրա մյուս, շատ ավելի մեծաթիվ մասի լռության պայմաններում եկան իշխանության։ Գուցեև «նորերից» ոմանք անկեղծ էին իրենց մտադրություններում։ Բայց եթե այդպես է, ինչո՞ւ են նրանք շարունակում լռել կամ ձայնակցել այսօր իրենց «շեֆին», որն անցել է ազգային շահերի ու արժեքների բոլոր ռուբիկոնները և տանում է պետությունը դեպի քաղաքական կործանում։

... Սովորաբար Անկախության օրը պետությունների ղեկավարները արարողակարգային սիրալիրություններ են փոխանակում, շնորհավորում միմյանց։ Հաճախ` զուտ ձևականորեն։ Այս անգամ շատ դժվար է ասել, թե ով իրավունք ունի անկեղծորեն, իսկական ընկերոջ պես շնորհավորել Հայաստանին։ Դիվանագիտական խուսավարումները մեկ բան են, իսկ իրական հետաքրքրությունն ու ճիշտ պահին կողքիդ լինելու ցանկությունը՝ այլ բան: Հայաստանի վրա ադրբեջանցիների սեպտեմբերյան հարձակումը ցույց տվեց համաշխարհային հանրության մեզ վաղուց հայտնի ձեռագիրը՝ իր անհրապույր քաղաքական ողջ կողմնակալությամբ ու ծախվածությամբ։ Միայն Ռուսաստանը, միջամտելով, մարեց բախումը (բայց արդյոք երկա՞ր ժամանակով): ՄԱԿ-ում զբաղված են ավելի կարևոր գործերով, քան ագրեսորի ներխուժումը այլ պետության ինքնիշխան տարածք։

Բայց եթե Մոսկվան մարել է, ապա խաղաքարտերն էլ պիտի իր ձեռքը վերցնի։ Ավելի ճիշտ՝ քարտեզները. աշխարհագրական, այն նույն խորհրդային քարտեզները, թեթևակի անկախ միութենական հանրապետությունների վարչական սահմաններով։ Ինչո՞ւ է ուշանում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթման (դեռևս 2021 թվականից) արձանագրումը։ Չէ՞ որ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, և նրան գերազանց հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի բոլոր քարտեզների պարամետրերը, որոնք խորհրդային տարիներին պարբերաբար փոփոխվել են հօգուտ «ինտերնացիոնալ» Բաքվի՝ առանց որևէ իրավական հիմքերի...

XX դարի 20-ական թվականների Բաքվի նավթի պարագայում ամեն ինչ պարզ է, XXI դարի «թուրքական» գազի առումով՝ նույնպես։ Մերօրյա Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգները տեսանելի են անզեն աչքով։ Սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է համաձայնենք այն ամենին, ինչ մեզ ձգտում է պարտադրել տեղից վերկացող յուրաքանչյուրը։

Այստեղ հարցը միայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ը չէ։ Մենք պարտավոր ենք հարգել մեր ողջ պատմությունը, բոլոր այն հերոսներին, որոնք կյանք են զոհել հանուն անկախության և մեզ համար պահպանել գոնե այս հողակտորը՝ դրոշով ու զինանշանով։ Շատ կուզենայի տեսնել, թե ինչ վիճակում կլինեին այլ ժողովուրդները՝ դեռ մեր թվարկությունից շատ առաջ հայտնվելով մեր պատմական «կուպեում»։ Եթե, իհարկե, նրանցից ինչ-որ բան պահպանվեր։ Խաղաղ դարեր մեր պատմության մեջ չեն եղել։ Բայց մենք այնուամենայնիվ կանք և կշարունակենք մեր ճանապարհը՝ հակառակ մեր պետականության ներքին և արտաքին թշնամիների ծրագրերին։

Անկախությունը լավագույն բանն է, որ մենք կարող ենք ժառանգել մեր զավակներին ու թոռներին, որոնք այդ օրը անպայման կշնորհավորեն միմյանց տոնի կապակցությամբ։