Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում․ ՀԱՅԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՆԱՎԹԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԹԱԳՆԵԼ ԵԽ ԱՆԴԱՄԱԿՑՈՂՆԵՐԻ ՄԻՏՔԸ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:

Ելույթում նա, մասնավորապես, նշել է. «ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

Կցանկանայի հանձնաժողովի անդամներին տեղեկացնել մեր տարածաշրջանում վերջին զարգացումների մասին:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք: Մի քանի օր տևած այս զանգվածային ագրեսիայի հետևանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են: Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլև նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով: Հսկայական վնաս է հասցվել Ջերմուկ հանգստավայրի բնությանը, որը հայտնի է բուժիչ հանքային ջրերով:

Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021 թ. մայիսից զավթումներին:

Այս պատերազմը ոտնահարել է Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն անհատապես խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը և հորդորել վերադառնալ բանակցություններին: Որոշ անդամներ, նույնիսկ չքողարկելով դիվանագիտական լեզվով, հստակ մատնանշել են ագրեսոր պետությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները:

Գործընկերնե՛ր,

այս կազմակերպությունում մենք դեռ կանգնած ենք դժվար ընտրության առջև: Մի անդամ պետությունը պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա, մինչդեռ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել: Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ և անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից:

Մեր կազմակերպության լռությունն ու մեր կամավոր մեկուսացումը, ըստ էության, ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որևէ կերպ չի պատժվում հարևանի դեմ իր ագրեսիայի համար և շարունակում է վերահաստատել սեփական հորինվածքները:

Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին և նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը: Չենք ուզում տեսնել թյուրքական պետությունների գլոբալ ծրագրերը՝ ֆիզիկապես միավորելու իրենց պետությունների առանձին հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմամբ կամ բռնակցմամբ և հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքի գնով:

Փաստորեն երկակի ստանդարտների և աշխարհաքաղաքականության ականատեսն ենք: Այլապես ի՞նչ բացատրություն տալ այն հանգամանքին, որ անգամ պատերազմները մեր կազմակերպությունում տարբեր վերաբերմունք ու արձագանքներ են ստանում: Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում և գործողություններում:

Հանձնաժողովի հարգելի՛ անդամներ,

օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրն էր: և չնայած վերջին շրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը ջանում են հաղթահարել իսկապես հսկայական մարտահրավերներ, մեր ազգը շարունակելու է պայքարել և ապրել արժանապատիվ: Արժանապատվության այս խոր զգացումն արմատացած է այն պատմական ժառանգության մեջ, որ հայկական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում կերտել և ստեղծել է աշխարհի այս հատվածում: Մենք միշտ կառուցել և ստեղծագործել ենք, որտեղ էլ ապրել ենք՝ հայրենիքում, թե աշխարհով մեկ սփռված:

Սա վերաբերում է նաև այսօրվա Թուրքիային, որտեղ ժառանգության զգալի մասը հայկական արմատներ կամ հայկական հետքեր ունի, լինի դա Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Ստամբուլի Դոլմաբահչե պալատը: Նմանապես էլ Բաքվում, որտեղ հայերը շատ բան են կառուցել և ստեղծել, Իզմիրում, որտեղ հայկական հարուստ մշակութային և պատմական ժառանգության զարգացումն ընդհատվել է 1922 թ.: Ի դեպ, տարբեր երկրների հայկական ծագում ունեցող բազմաթիվ հայտնի քաղաքական, պետական և հասարակական գործիչներ սերում են հին Զմյուռնիայից: Նրանց թվում են Ֆրանսիայի հանգուցյալ վարչապետ Էդուարդ Բալլադյուրը, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, հայտնի ամերիկացի գործարար և բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը և այլք:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

News.am