ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՍԿՍՎԵԼՈՒ Է ԵՌԱԲԼՈՒՐԻՑ

Երկու տարի առաջ այս օրը սկսվեց դաժան, արյունահեղ, մեր ժողովրդի համար աղետալի պատերազմը. ագրեսոր պետություն, ահաբեկիչ պետություն Ադրբեջանը, որին բացահայտ աջակցում է Թուրքիան, հարձակվեց Արցախի վրա։ Այսօր պատերազմը դեռ շարունակվում է. արդեն Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության, հայերի դեմ։

ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է։ Իսկ ահա այն, ինչ վերապրեց և շարունակում է վերապրել հայ հասարակությունը՝ փորձելով գիտակցել և դիմակայել Հայրենիքի դավաճանության հրեշավոր ալիքին, սեփական քաղաքացիների նկատմամբ ցինիզմին ու անբարոյականությանը, որ դրսևորում է Փաշինյան ռեժիմը երկու տարի շարունակ և առ այսօր, դա այն է, ինչը թվում էր, թե երբեք չի կարող պատահել մեզ՝ հայերիս հետ։ Բայց պատահեց։

Ո՞րն է ավելի սարսափելի. կադրերը, որտեղ ադրբեջանցի զինվորները, ծանակելով ու հռհռալով կտրում են հայ ծերունու կոկորդը, թե՞ այն կադրերը, որտեղ հայ ոստիկանները, զոհված հայ զինվորների սևազգեստ մայրերի ձեռք ու ոտքից ճանկած, բռնի քարշ են տալիս նրանց Ելաբլուրից, և դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության օրը:

Ո՞րն է ավելի նողկալի. Բաքվի սուլթանի ճառերը, որը հայտարարում է, թե Ղարաբաղի երկնքի տակ այսուհետ միայն ադրբեջանական խոսք է հնչելու, թե՞ Փաշինյանի ելույթները, որը պատերազմում զավակ կորցրած ծնողներին հայտարարում է, թե պետք է դադարել սգալ և սկսել հպարտանալ։

Ո՞րն է ավելի զարհուրելի. ահաբեկչական պետության կողմից նոր ագրեսիայի սպասումը, թե՞ Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային պարկերով իրար վրա նետած մեր զինվորների աճյունները և այդ աղաղակող փաստը չքաղաքականացնելու կոչ անող առողջապահության նախարարի դատարկ աչքերը։

Հիշում եմ, «ԳԱ»-ին տված հարցազրույցներից մեկում հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու մեր հասարակությունը վերջապես չի արթնանում, պաշտպան չի կանգնում իր անձնական, ազգային, պետական արժանապատվությանը, ասաց, որ չափազանց շատ են հարվածները, մարդիկ չեն հասցնում ուշքի գալ մեկից, երբ իշխանությունը հասցնում է հաջորդ՝ ավելի ցավոտ հարվածը...

Մենք վերապրել ենք պատերազմը, պետական մեքենայի տոտալ ստախոսությունը պատերազմի ընթացքում, տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, որոնք սպանդի են ուղարկվել վարչապետ-գլխավոր հրամանատարի կոչով՝ «գնալ ԲՇՏ, միավորվել ջոկատի, մեկնել ռազմաճակատ, հաղթել» ոգով, ռազմագերիների թեմայի շահարկումը իշխանության կողմից՝ բերաններ փակելու և քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով, Փաշինյանի կոչն իր կողմնակիցներին՝ պատրաստվելու վրեժ լուծել համաքաղաքացիներից, այսինքն քաղաքացիական պատերազմի փաստացի կոչը նոյեմբերի 9-ին կապիտուլյանտական համաձայնագրի իր ստորագրումից անմիջապես հետո, և բազմաթիվ այլ բաներ։

Եվ որպես ապոթեոզ՝ բռնությունը պատերազմում զոհված զինվորների ծնողների նկատմամբ, իրենց երեխաների մահով հպարտանալու խորհուրդը։ Անսահման ցինիզմ, շիզոֆրենիա, պսիխոզ, թե՞ այդ ամենը միասին։

...44-օրյա պատերազմի մեկնարկի օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում հավաքված որդեկորույս ծնողները հայտարարել են, որ «Հայաստանի կառավարության ոչ մի անդամ չպետք է մոտենա զինվորների շիրիմներին»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «կառավարության անդամները սեպտեմբերի 27-ին չեն այցելի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ իրավիճակը առավել չբորբոքելու համար»: Թերևս, չկա համաժողովրդական էյֆորիայի ալիքի վրա 4 տարի առաջ փողոցից իշխանության եկած վայ-հեղափոխականների բարոյական անսահման դեգրադացիայի ավելի ակնառու օրինակ, քան այդ երկու հաղորդագրությունները...

Իսկ քաղաքական ֆիասկոն 44-օրյա պատերազմի երկրորդ տարեդարձին ցուցադրվեց նախօրեին Փարիզում։

«Հայաստանի դեմ շարունակվող ցեղասպան ագրեսիայի պայմաններում Փաշինյանը կրկին զառանցում է հայ-ադրբեջանական «սահմանների փոխադարձ ճանաչման», «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման», «տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման և նոր ուղիների կառուցման» մասին,- «ԳԱ»-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:- Իսկ Մակրոնը գովում է «Փաշինյանի խիզախությունը, որը նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի նկատմամբ», ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում անցկացնելու և «շատ կարևոր հարցի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը»:

Լիակատար տպավորություն է, թե երկուսն էլ լուսնից են ընկել։ Ի՞նչ է նշանակում սահմանազատում, ի՞նչ է նշանակում սահմանագծում, ի՞նչ «խաղաղության պայմանագիր», Երբ թշնամին ոչնչացնում է ամեն հայկականը, քայլ առ քայլ զավթում երկիրը, կտրում միջպետական կապուղիները և պատրաստվում վերջին վճռական ցատկին»։

2020թ. սեպտեմբերի 27-ի ժամը 07:10-ին Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին լայնածավալ զինված ագրեսիան Արցախի դեմ։ 2021թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը խախտեցին ՀՀ պետական սահմանները, ներխուժեցին և բռնազավթեցին ինքնիշխան պետության տարածքը։ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը իրականացրեց հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։

Պարտություն 44-օրյա պատերազմում, Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստ, թշնամու կողմից առնվազն 150 քառ. կմ տարածքի զավթում, հազարավոր զոհեր, հարյուրավոր ռազմագերիներ, անհայտ կորածներ, անօթևան մնացած տասնյակ հազարավոր մարդիկ, թելից կախված Արցախի ճակատագիր, Հայաստանի դեմ նոր պատերազմի հեռանկար. ինչո՞վ ես կոչ անում հպարտանալ, Նիկո՛լ։

Ասենք, հպարտության առիթ այնուամենայնիվ կա. մարդիկ, որոնք հավաքվել են Եռաբլուրում, որպեսզի պաշտպանեն իրենց պատիվն ու արժանապատվությունը, պատերազմում հերոսաբար ընկած իրենց զավակների պատիվն ու արժանապատվությունը։ Հենց նրանցից, ովքեր այդքան երկար լռել են, հենց այստեղից՝ Եռաբլուրից է հավանաբար սկսվելու Հայաստանի և Արցախի վերածնունդը…