ՓԱՇԻՆՅԱՆ-ՊԱՊԻԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Սեպտեմբերը միանգամայն ամառային ամիս է Հայաստանի համար։ Աշունը մեզ մոտ իրապես սկսվում է հոկտեմբերին։ Ներկայիս մոտեցող աշունն ու կլիմայական գործոններով դրա առաջին ամիսը մեծ փորձություններ են խոստանում մեզ, եթե չասենք` ցնցումներ։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը։

Փաշինյանը ջղաձիգ շարժումներ է անում՝ փորձելով ապահովել արևմտյան երկրների աջակցությունը, և ցուցադրաբար փչացնում է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Պապիկյանը չեն հանդիպում Երևան այցելած կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Ահա այդպիսի զիլ տղերք են իրենք՝ Նիկին ու Սուրիկը:

Այո, իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր և՛ ավելի կոնկրետ, և՛ ավելի հասցեական լինել իր հայտարարություններում։ Հասկանալի է, որ այնտեղ ցանկանում են համահարթել Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական ահագնացումը դիվանագիտական քայլերով, քանի որ Ադրբեջանի հետ պատերազմելու մտադրություն ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ Ռուսաստանը չունեն։ Բայց այ կոչ անել Ադրբեջանին զորքերը հետ քաշել մինչև սեպտեմբերի 13-ը զբաղեցրած դիրքեր, ՀԱՊԿ-ը միանգամայն կարող էր։ Ինչպես որ դա, իրար հերթ չտալով, անում են այսօր Վաշինգտոնը, Փարիզը և նույնիսկ Լոնդոնը։ Ի դեպ, կասկած չկա, բացի ամենից՝ նաև այն նպատակով, որ ավելի ընդգծեն ՀԱՊԿ ղեկավարության սխալը։

Ինչո՞ւ նման հայտարարություն-կոչ չարվեց։ Դեր խաղա՞ց արդյոք այդ հարցում Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ի վարկաբեկման վաղեմի պատմությունը՝ 2018-ին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությամբ։ Կամ այն, որ Ստանիսլավ Զասը Բելառուսի ներկայացուցիչն է, որի առաջնորդը շատ, դե շա՜տ մտերիմ է Իլհամ Ալիևի ընտանիքի հետ։ Կամ բավական է հենց միայն այն փաստը, որ, ինչպես արդարացիորեն նշեց Ռոբերտ Քոչարյանը, բոլոր անդամ երկրները Բաքվի հետ շատ ավելի սերտ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի...

Բայց այդ հարցում ումի՞ց կարող է նեղանալ Փաշինյանը։ Նման իրավիճակն իր ավելի քան 4-ամյա կառավարման արդյունքն է։ Փողոցից եկած մի խումբ դիլետանտների կառավարման, որոնց արտաքին քաղաքականությունը իրենց պոպուլիստական և սպառողական աշխարհայացքի արտացոլումն էր։ Այնպես որ Նիկոլի այսօրվա «թքողական» վերաբերմունքը ՀԱՊԿ ղեկավարության հանդեպ, այն է՝ Զասի հայաստանյան այցի անտեսումը վարչապետ Փաշինյանի և պաշտպանության նախարար Պապիկյանի կողմից, պարզապես մանկապարտեզի տպավորություն է թողնում։ Նեղացած երեխայի արձագանք, որը 5 օրվա մեջ ժամանակ չի գտել հանդիպելու այն կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ, որում այսօր նախագահում է Երևանը։

Անհեթեթությո՞ւն։ Աբսո՞ւրդ։ Բայց Հայաստանի համար դա սովորական բան է։ Մի՞թե մենք չենք այն երկիրը, որի նախագահը փախավ այլ երկիր և այնտեղ տվեց իր հրաժարականի դիմումը։

Զասի հանդեպ իր քամահրանքով Փաշինյանը, ըստ երևույթին, ընդգծում է գլխավոր քարտուղարի անձնական պատասխանատվությունը Ադրբեջանի վերջին ագրեսիայի առնչությամբ, ըստ Երևանի, համարժեք քայլերի բացակայության հարցում: Նիկոլի թիմը, ինչպեսև ինքն անձամբ, եռանդագին ակնարկում են, որ դիտարկում են կազմակերպության շարքերը լքելու հնարավորությունը, և ահա արդեն հրաժարվել են մասնակցել ՀԱՊԿ հերթական զորավարժություններին։ Մի՞թե դա չէ, ի դեպ, պատճառը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսում է Փաշինյանի «արիության» մասին, որը «հանդես է գալիս տարածաշրջանի ապագայի վերաբերյալ նոր առաջարկով»։

Հայաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքումը, նույնիսկ եթե դրա համար կան ձևական առիթներ, ձեռնտու է Ալիևին։ Ադրբեջանի նախագահն առավել քան շահագրգռված է այդ տրամադրությունների ուժգնացման հարցում։ Բացի ամենից՝ նաև այդ մասին էր խոսում իր երեկվա ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը։

Իլհամ Ալիևն անչափ շահագրգռված է Հայաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքման և, որպես հետևանք, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հետագա թուլացման մեջ, քանի որ դա առաջին հերթին հանգեցնում է թուրք-ադրբեջանական ազդեցության, Անկարայի և Բաքվի դիրքերի ուժեղացման: Դա պարզ է, ինչպես երկուսին գումարած երկուն։ Ուստի ստացվում է, որ ՀԱՊԿ-ի քննադատման միջոցով հակառուսական տրամադրություններ բորբոքելու հարցում նույնպես Փաշինյանի թիմը փաստացի անում է բացառապես այն, ինչ ձեռնտու է Անկարային ու Բաքվին։