WOW, SURPRISE. ՑԱՎՈՔ, ԱԼԻԵՎԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ՆԻԿՈԼԻՆ ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ

Նիկոլական քարոզչության հռետորաբանությունը վերջին օրերին փոփոխության է ենթարկվել. «հառա՜ջ, դեպի խաղաղության դարաշրջան» կարգախոսով փարիսեցիական ելույթներից հանկարծակի շրջադարձ է կատարվել դեպի զենքի և հայկական բանակի բարեփոխման թեմա։ Ճիշտ է, Արմեն Գրիգորյանը ԱՄՆ-ում շարունակում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, սակայն ներքին ասպարեզում իշխանական թիմի անդամներն անսպասելիորեն մտահոգվել են զենքի գնման, զինված ուժերի մարտունակության ամրապնդման և երկրի ինքնիշխանության պահպանման թեմայով։

Համարել, թե դա իշխող ուժի արձագանքն է սահմանի վրա ստեղծված ծանրագույն իրավիճակին, անլրջություն և միամտություն կլինի. այս իրավիճակը շարունակվում է առնվազն 2021թ.մայիսի 12-ից և խորանում բառացիորեն օրեցօր։ Սակայն ավելի վաղ դա իշխանությունների համար խոչընդոտ չէր, որպեսզի դատարկ ու ցինիկ ճառեր արտասանեին նրանց հետ խաղաղության մասին, ովքեր վաղուց արդեն չեն թաքցնում իրենց նկրտումներն Արցախի և Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ և օրըստօրե ավելի լկտի, բացահայտ ու նենգ պահվածք են ցուցաբերում։

Ոչ մի հիմք չկա նաև համարելու, թե իշխող ուժը վերջապես գիտակցել է հայկական պետության բուն գոյությանը սպառնացող իրական վտանգի ու մարտահրավերների և բանակի վերականգնման ու սպառազինման ուղղությամբ վճռական քայլերի անհրաժեշտությունը. դրա դեմ են խոսում ինչպես վերջին առնվազն երկու տարվա ընթացքում նրանց գործողությունների ողջ տրամաբանությունը, այնպես էլ ՀՀ դե ֆակտո իշխանությունների հակահայկական բնույթը։ Ուստի, ինչպես միշտ, Նիկոլի ու նրա թիմակիցների բառահեղեղի հետևում պետք է նշմարել միանգամայն այլ, Հայաստանի ու Արցախի շահերից ոչ մի կերպ չբխող իմաստ և ուղղվածություն։

Առաջին զանգը հնչեց սեպտեմբերի 13-ին, երբ ՀՀ սահմանների վրա Բաքվի ռազմական ագրեսիայի, թեպետ, ասենք ուղղակի՝ պատերազմի հերթական փուլից հետո Փաշինյանը կառավարության նիստում գանգատվեց, թե զենք գնելու փող կա, բայց այ քեզ դժբախտություն. «կան երկրներ, որոնք պատրաստ չեն զենք վաճառել մեզ»։ Ակնարկը շատ հստակ էր, այնպես որ դա հասկացան բոլորը, և առաջին հերթին նրանք, ում հասցեագրված էր:

Շարունակությունը հաջորդեց մեկ շաբաթ անց, և երեկ Փաշինյանն արդեն մարգարիտների մի ամբողջ շարան մատուցեց նույն թեմայով։ Պարզվեց, որ նա հաստատակամորեն մտադիր է բարեփոխել հայկական զինված ուժերը, բայց իրեն այդ հարցում խանգարում է... Ադրբեջանը։ Հերիք չէ, որ անվերջ սադրանքներ է կազմակերպում, դեռ մի բան էլ ակտիվորեն աշխատում է դիվանագիտական ճակատում և «որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով: Որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի»: «Ցավոք (!!!- Մ.Գ.), Ադրբեջանը բոլոր ուղղություններով, որտեղ դա հնարավոր է, խոչընդոտում է զենքի մատակարարումներին»,- տրտնջում էր Նիկոլը։

Այդօրինակ հայտարարությունների ողջ արտառոց բնույթն իսկապես դժվար է պատկերացնել, թերևս կարելի է միայն հնարավոր համարել ինչ-որ անհավանական «բանավոր պայմանավորվածության» առկայություն, որի համաձայն Ալիևը երդում-պատառ է կերել, թե չի խանգարի հայկական բանակի բարեփոխումներին, սադրանքներ չի իրականացնի և կդադարեցնի ամեն տեսակի դիվանագիտական աշխատանքն ի նպաստ իր երկրի։ Իսկ եթե նման բան չի եղել, ապա մնում է միայն զարմացած բացականչել. «Wow, surprise։ Ու նաև հիշեցնել Նիկոլին, որ մոտ մեկ տարի առաջ Ալիևը հայտարարել է, որ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը չպետք է բանակ ունենա։

Ասենք, հիշեցնելու շատ բան կա, բայց դժվար թե արժե։ Քանզի, ինչպես միշտ, Փաշինյանի «միամտությունն» ունի և՛ իր բացատրությունը, և՛ հեռուն գնացող ու կոնկրետ նպատակները։

ՄԱԿ-ում կապիտուլյանտի վերջին ելույթից հետո հայ փորձագետներից մեկն արդարացիորեն նշեց, որ դա դարձավ «խաղաղության դարաշրջանի» ուղեգծի ձախողման ճանաչում: Կարելի է վստահաբար պնդել, որ Փաշինյանի երեկվա ճառը հստակ վկայում էր ընդհանրապես իր թիմի ձախողման մասին, մասնավորապես՝ արտաքին քաղաքական ասպարեզում։ Քանզի ՀՀ իշխանությունների զենք գնելու բոլոր հնարավորությունները փակող թշնամական պետության աշխատանքի հաջողության վերաբերյալ տրտունջները մի շարք հարցեր են առաջացնում, և դրանցից առաջինը հնչում է այսպես. իսկ քո բան ու գործն ի՞նչ է, տխմար։

Ինչի՞ վրա են ԱԳՆ-ը, ՊՆ-ն և խորհրդարանում ՔՊ խմբակցությունը ահռելի գումարներ ծախսում, եթե ռազմական և դիվանագիտական ոլորտները ձախողված են ամեն առումով։ Ինչի՞ համար են հսկայական աշխատավարձեր, պարգևավճարներ և գործուղումների շռայլ գումարներ վճարվում Պապիկյանին, Միրզոյանին և այլ ուսապարկերի, եթե նրանց գործունեության արդյունքը լիակատար տապալումն է բոլոր ճակատներում, ինչը հրապարակավ ընդունում է թիմի պարագլուխը։ Քանզի եթե թշնամիդ կարողացել է նույնիսկ դաշնակցիդ համոզել, որ զենք չվաճառի քեզ, ուրեմն քո քաղաքականությունն ու այն իրականացնողները ապաշնորհ են, անկարող և լոկ զուր վատնում են աղետի ենթարկված պետության առանց այդ էլ սուղ հնարավորությունները…

Այնուհետ, սակայն, Նիկոլը կրկին անցավ դաշնակիցներին։ «Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա ցավալի իրողություն է: Մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը»,- հայտարարեց է նա՝ ցասումնալից հավելելով, որ դա արվում է մի նպատակով. որ Հայաստանը հրաժարվի ինքնիշխանությունից, պետականությունից, տարածքային ամբողջականությունից, բայց իրենք՝ իշխանությունները, դա, իբր, թույլ չեն տա։

Արձանագրենք. հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարվել, սակայն զենքը չի մատակարարվել խարդավանքների պատճառով... գուցե Ադրբեջանի, իսկ գուցեև դաշնակիցների։ Ընդ որում պետության բարձրագույն պաշտոնյան, հրապարակավ հայտարարելով այդ մասին, չի նշում պայմանագիրը խախտած կոնկրետ երկրները, չի հայտարարում ձեռնարկված քայլերի մասին. դատարան դիմելու, օրինակ, միջպետական պայմանագրի խախտման վերաբերյալ հայցով։ Նույնիսկ չի հայտնում՝ վերադարձրել են արդյոք այդ «հարյուր միլիոնավոր դոլարները», թե ոչ։ Կառավարության ղեկավարն ընդամենը հրապարակավ հեծեծում է, թե ինքը, իբր, պատրաստ է վճարել ու արդեն վճարել է զենքի համար, իսկ այ նենգ դաշնակիցն իրեն խաբել ու քցել է…

Այսինքն աշխարհում, որտեղ ամեն ինչ վճռում են փողերը, Նիկոլին չեն ուզում զենք վաճառել, որովհետև Ադրբեջանը, «ցավոք», հաջողությամբ ազդում է բոլորի վրա, այդ թվում և մասնավորապես՝ Հայաստանի դաշնակիցների…

Քաղաքականությունից չափազանց անտեղյակ մարդն անգամ միանգամից կհասկանա, որ ողջ այդ «Փաշինյանի ողբը», որը խայտառակում է ոչ միայն իրեն (իր համար դա սովորական բան է), այլև պետությունն ընդհանրապես (որի համար, ավաղ, նույնպես դա դարձել է սովորական երևույթ՝ այսպիսի վարչապետի պարագայում), հնչեցվեց մեն-միակ նպատակով. մեղադրել Ռուսաստանին այն բանում, թե նա, իբր, հրաժարվում է զենք վաճառել Հայաստանին։ Պատահական չէ, որ կառավարությունում այդ ներկայացումը կազմակերպվեց այն հաղորդագրության խորապատկերին, որ ԱՄՆ-ում խոսել են Երևանին զենք վաճառելու հնարավորության մասին։ Ինչպեսև պատահական չէ, որ կառավարության նիստից ընդամենը մի քանի ժամ անց տեղեկատվություն տարածվեց Հնդկաստանից զենք գնելու մասին։

Նիկոլը երբեք և ոչինչ չի անում հենց այնպես. դրա համար նա չափազանց լավ ուսուցիչներ ունի։ Զառանցանք թվացող նրա յուրաքանչյուր հայտարարություն, կարևորագույն թեմաներով յուրաքանչյուր կրկեսային ներկայացում որոշակի նպատակ է հետապնդում, և այս անգամ էլ ամեն ինչ համապատասխանում է իր վարած կեղտոտ խաղի կանոններին։

Այն, որ սա իսկապես նողկալի ու ցինիկ խաղ է երկրի պատվի ու հեղինակության, բանակի և արդեն գրեթե ամեն օր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերող զինվորների հետ, կասկածից վեր է։ Աշխարհագրության և զենքի մատակարարների տարբերակումը, իհարկե, օգտակար ու անհրաժեշտ գործ է: Բայց տվյալ դեպքում պետության համար օգտակարության հոտ անգամ չի գալիս։ Սեփական պետության շահերի օգտին աշխատում են լուռ, քրտնաջան, «տան շեմից» դուրս չբերելով նույնիսկ աննշան աղբը, աշխատում են պրոֆեսիոնալ ու ձեռնհասորեն։

Չենք խոսում արդեն այն մասին, որ դաշնակցի բոստանը նետած հերթական նույնիսկ ոչ թե քարը, այլ բավական ծանր ժայռաբեկորը չափազանց ակնհայտ խաղ է հօգուտ ցանկացած այլ, բայց բնավ ոչ հարազատ պետության։