Երևանում կանցկացվի EXPO-RUSSIA ARMENIA-2022 ցուցահանդեսը

Հոկտեմբերի 5-7-ը Երևանում տեղի կունենա EXPO-RUSSIA ARMENIA-2022 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանի 7-րդ բիզնես ֆորումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Զառուբեժ-Էքսպո» ընկերության նախագծերի ղեկավար Սվետլանա Զաբելինան։

Նրա խոսքով՝ սա Ռուսաստանի, Անդրկովկասի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը միտված կարևորագույն իրադարձություններից մեկն է, որին աջակցում են արտաքին գործերի նախարարությունը, արդյունաբերության և առևտրի նախարարությունը, տնտեսական զարգացման նախարարությունը, Էներգետիկայի նախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի կառավարության, խորհրդարանական և գործարար շրջանակները, ինչպես նաև Ռուսաստանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատները։

Նա նշեց, որ ցուցահանդեսը կներառի ինչպես ընկերությունների, այնպես էլ Ռուսաստանի և Հայաստանի մարզերի կոլեկտիվ տաղավարներ։ «Թեմատիկ բաժիններն են՝ էներգետիկա, նավթ և գազ և հանքարդյունաբերություն, ճարտարագիտություն, մետալուրգիա, շինարարություն, տրանսպորտ, ագրոարդյունաբերական համալիր, բանկային գործ և ապահովագրություն, բժշկություն և դեղագործություն, գիտություն և կրթություն, ծառայություններ, զբոսաշրջություն, սպառողական ապրանքներ։ Ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտական, տեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցության զարգացման, համատեղ գործարար, առևտրային, տնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացման նպատակով»,-հավելեց Զաբելինան։

Իր հերթին, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն պարզաբանեց, որ ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 30 ընկերությունների։ «Նման ցուցահանդեսները հարթակ են նոր գործընկերներ գտնելու համար»,-ընդգծեց նա։

Իսկ «Զառուբեժ-Էքսպո»-ի միջազգային համագործակցության զարգացման գծով տնօրեն Անատոլի Նիկոլաևն ասաց, որ բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում են կլոր սեղաններ էներգետիկայի, բժշկության և դեղագործության, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության, տրանսպորտի, գիտության և կրթության վերաբերյալ, կազմակերպվել են գործարար հանդիպումներ։

News.am