44 ՕՐԵՐԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐԸ. 2 ՏԱՐԻ ԱՆՑ ԷԼ ՏԱԲՈՒՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է

Գլխավոր շտաբում խմբագրե՞լ են փաստաթղթերը

2 տարի է բաժանում մեզ Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայից, այդ պատերազմի պատմության մեջ առաջվա պես շատ են սպիտակ բծերը, իսկ դրանցից «ամենասպիտակը», անկասկած, կապված է Լելե Թեփե բարձունքի գրոհի հետ։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ամենից շատ խոսվում էր հակառակորդի կողմից հարավային ճակատի (աջ ուղղություն) ճեղքման պատճառների մասին, ինչը ազդեց պատերազմի ելքի վրա: Այդ ճեղքումը իշխանական կառույցները կապում էին դավաճանության ու խարդավանքների հետ, որոնք, իբր, Հայաստանի ու Արցախի ղեկավարության դեմ նյութել են բարձրաստիճան զինվորականները։ Հիստերիան պատվիրել էր անձամբ Փաշինյանը, փորձելով բանակի վրա բարդել պարտության մեղքը։ Ընդ որում մի բառ անգամ չէր ասվում այն մասին, որ հարավային ուղղությամբ ձախողումներն ամենասերտ կերպով կապված էին Լելե Թեփե բարձունքը հակառակորդից հետ վերցնելու փորձի հետ։

Խոսքը այն բարձունքի մասին է, որը 2016-ի Քառօրյա պատերազմի ժամանակ ռազմավարական ոչ մի նշանակություն չի ունեցել, ուստի որոշվել է հետ չվերցնել այն՝ զինվորների կյանքը չվտանգելու համար։ Մի շարք լրատվամիջոցների վկայություններով ու տվյալներով՝ Փաշինյանն այդ քայլին գնաց «Սերժը տվել է, իսկ ես կվերադարձնե՛մ» կարգախոսով։ Երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ բարձրաստիճան զինվորականները դեմ են եղել քաղաքական ղեկավարության կողմից պարտադրվող գրոհին, Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե որոշման կայացման գործում ստանձնել է միայն մոդերատորի դերը, իսկ գրոհելու բուն որոշումը կայացրել են բարձրաստիճան զինվորականները:

Այդ խոստովանությունը է՛լ ավելի ամրապնդեց այն համոզմունքը, որ հենց «գերագույն գլխավոր հրամանատարն» է նախաձեռնել գործողությունը, իսկ գեներալները չեն համարձակվել առարկել։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ագրեսիայի առաջին օրերին ոչ այնքան սթափ Փաշինյանը ուղերձ հնչեցրեց նրանց, ովքեր թույլ կտան իրենց կասկածի տակ առնել գերագույն գլխավոր հրամանատարի իր հմտությունները։ Այդ «հմտությունների» ցուցադրումը հարյուրավոր կյանքեր արժեցավ։

Գործողությունը ղեկավարել հանձնարարվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանին։ Բարձունքի գրոհից հետո սկսեցին տեղեկություններ ստացվել այն մասին, որ գործողությունը 700 հայ զինվորի և սպայի կյանք է խլել, որոշ պարբերականներ նշում էին 800 թիվը։ Բաբայանն ինքը այդ առնչությամբ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարի հարցին պատասխանեց, թե ձախողման պատճառը այլ անձանց միջամտությունն էր, որոնք «ձախողեցին իմ ծրագրած գործողությունը»։

Առհասարակ, Բաբայանը մեկ անգամ չէ, որ Հայաստանի գլխավոր հեռուստաալիքի եթերում մեղադրել է բանակին պարտության մեջ։ Մեղադրանքները հասցեագրվել են գլխավորապես գեներալներին։ Երբ պատերազմի ժամանակ Ստեփանակերտում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին հարցրեցին Լելե Թեփեի գրոհի մասին, նա նույնպես կոնկրետ ոչինչ չհաղորդեց, պարզապես խուսափեց պատասխանից…

Ռազմական փորձագետները հետպատերազմյան 2 տարիների ընթացքում շատ են խոսել այն մասին, որ բարձունքը գրավելու գործողությունը խելագարություն էր, և որ զինվորական մարդը նման քայլի գնալ չէր կարող, հատկապես մարտական գործողությունների փորձ ունեցող զինվորականը: Մինչ օրս վարկած կա, որ Բաբայանը պաշտպանում է Փաշինյանին՝ փորձելով մեղքը բարդել բարձրաստիճան զինվորականների վրա։

Փորձագետները տարակարծիք են. ոմանք արդեն 2 տարի շարունակ խոսում են այն մասին, որ բարձունքը հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ է մնացել ընդամենը 40 րոպե, մյուսները պնդում են, որ այն այդպես էլ չի գրավվել։ Ոմանք էլ նշում են, որ այդ գործողության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը գաղտնի է պահվում: Փոխարենը պահպանվել են ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունները, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում ձևավորվել է մի ամբողջ խումբ, որը զբաղվել է մարտական գործողությունների ընթացքում տրված հրամանների խմբագրմամբ…

Ըստ երևույթին, պատմության համար կպահպանեն միայն «գրագետ» հրամանները՝ քաղաքական ու զինվորական ղեկավարության ստորագրությամբ, որպեսզի սերունդները կարծեն, թե վերևում ամեն ինչ ճիշտ է արվել, իսկ այ տեղում ուսադիրներով մարդիկ հանգեցրել են պարտության։

Եթե զինվենք համբերությամբ և ականջ դնենք այն զառանցանքին, որ այս օրերին տիրաժավորում են փաշինյանական հեռուստաալիքներն ու կառավարության կողմից կերակրվող «ֆեյքերի ֆաբրիկան», ապա 44-օրյա ագրեսիայի 2-րդ տարելիցի առնչությամբ զանգվածային գիտակցության մշակման ավանգարդում կարելի է հեշտությամբ առանձնացնել երկու գլխավոր թեզեր. «Ռուսաստանը դրդել է Ադրբեջանին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի» և «Պատերազմը տանուլ են տվել ՌԴ գլխավոր շտաբի հրամաններին ենթարկվող հայ գեներալները»։

Քանի՞ կյանք է պահանջվել Աշոտ Փաշինյանին շրջապատումից դուրս բերելու համար

Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակչուհի Անահիտ Սարգսյանը 44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը՝ Տիգրանին, և եղբորորդուն՝ Կարենին։ 2021թ.մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նա պատմել է, որ «գերագույն գլխավոր հրամանատարի» որդին՝ Աշոտ Փաշինյանը Ջաբրայիլում էր, որտեղ կռվում էր իր եղբայրը։ Այդ մասին Տիգրանը հայտնել էր իրեն հեռախոսով։

Անահիտը հարցազրույցում պատմել է, որ Աշոտին շրջապատումից դուրս բերելու համար հայկական կողմը 1200 զոհ է տվել: Նա հարց հնչեցրեց. ինչո՞ւ են դուրս բերել միայն Աշոտին, ինչո՞ւ չեն փրկել բոլորին։

Ջաբրայիլի իրադարձությունները, որոնց մասին պատմեց Ծիածան գյուղի բնակչուհին, և որտեղ բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց հարազատներին, ժամանակային առումով համընկնում են այն հիստերիայի հետ, որ ցուցադրեց Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, երբ թուքը շաղ տալով ճղավում էր. «Իմ որդին կռվո՛ւմ է։ Իմ կինը կռվո՛ւմ է։ Հասկանո՛ւմ եք, կինս կռվում է»։

Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարությամբ «Էրատո» ջոկատի «պատերազմական սխրանքների» մասին բազմաթիվ ստեղծագործություններ են գրվել վոդեվիլի ժանրով, իսկ այ Աշոտ Փաշինյանին շրջապատումից դուրս բերելու գործողությունը մինչ օրս գաղտնիության կնիքի տակ է։ Դրա մանրամասների հրապարակման վերաբերյալ ինչ-որ տաբու կա։

Լուրջ աղբյուրներն այդ մասին չեն խոսում, իսկ մենք չէինք ցանկանա մեջբերել պատահական մարդկանց խոսքերը, թեև 2 տարվա ընթացքում կուտակվել է վարկածների ահռելի քանակ։ Աշոտի փրկության գործողությունը երկրորդ սպիտակ բիծն է Լելե Թեփեի գրոհի գործողությունից հետո։ Վերջերս խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում հերթական անգամ հուզիչ պատմություն հնչեց այն մասին, թե ինչպես է պատերազմի ժամանակ Աշոտ Փաշինյանի կողքին խրամատում զոհվել նրա ծառայակիցը, որի տեղում կարող էր լինել «գերագույն գլխավոր հրամանատարի» որդին։ Մինչ այդ հանրությանը կերակրում էին ոչ պակաս հուզիչ պատմությամբ, թե ինչպես է պատերազմի ժամանակ Աշոտն աղաչել հրամանատարին չլքել մարտական դիրքը…

Մենք սովոր ենք հիմնվել միայն փաստերի վրա։ Իսկ սպիտակ բծերի վերաբերյալ փաստեր անպայման կհայտնվեն, բայց միայն ռեժիմի պարագլխի հրաժարականից հետո։ Հավատացեք, 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցին մենք ընթերցողին պատմելու շատ փաստեր կունենանք…