Կիևում և այլ քաղաքներում հայտարարել են կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կիևում օդային տագնապի հայտարարումից հետո որոտացել են մի քանի պայթյուններ։ Նախնական տվյալներով՝ Շևչենկոյի շրջանում, հրթիռային հարվածի հետևանքով, զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Կիևում կենտրոնացված հրետակոծության պատճառով մետրոն կանգ է առել։ Բոլոր կայարաններն աշխատում են որպես ապաստարաններ։
Գնացքների երթևեկությունը դադարեցվել է Կիևի մետրոպոլիտենի բոլոր ուղղություններում։ Այս մասին նշվել է Կիևի քաղաքային պետական աշխատակազմում, տեղեկացրել է «Ուկրինֆորմ»-ը։ Միևնույն ժամանակ, ստորգետնյա կայարաններն աշխատում են որպես ապաստարաններ։
Կիևում հրթիռային հարվածների հետևանքով վնասվել են ֆիլհարմոնիայի, Խանենկոյի և Շևչենկոյի թանգարանների շենքերը։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։
Լվովում ռուսաստանցիների կենտրոնացված գրոհների պատճառով խափանվել է բջջային կապը։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։ «Բջջային կապի խափանումները քաղաքում ժամանակավոր են։ Օպերատորն ասում է, որ հիմա կվերականգնի»,- նշել է նա։
Գրանցվել են հարվածներ էներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին տեղեկացրել է Լվովի քաղաքային աշխատակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Խարկովում նախնական գրանցվել է երեք «գրոհ»։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ «Հարվածը հասցվել է էներգետիկ ենթակառուցվածքին։ Քաղաքի մի քանի շրջաններում լույսն անջատվել է, չկա ջրամատակարարում»,- նշել է նա։
Պայթյունների շարք է տեղի ունեցել նաև Դնեպրում։ Պարբերականներից մեկի տվյալներով՝ գրանցվել է «գրոհ» քաղաքի բնակելի թաղամասի դեմ։ Տեղեկացվել է պայթյունների մասին Ժիտոմիրում և Կիևում։ Պայթյուններ են որոտացել նաև Տերնոպոլում։ Խմելնիցկիի ղեկավարը հայտարարել է, որ մարզում աշխատում է ՀՕՊ-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է հոկտեմբերի 10-ի առավոտյան Ուկրաինայի դեմ ձեռնարկված գրոհները։ «Լիածավալ պատերազմի 229-րդ օր։ 229-րդ օրը մեզ փորձում են ոչնչացնել և ջնջել երկրի երեսից։ Մի խոսքով։ Ոչնչացնել մեր մարդկանց, որոնք քնած են տանը Զապորոժիեում։ Սպանել մարդկանց, որոնք գնում են աշխատանքի Դնեպրում և Կիեում։ Կան հրթիռակոծումներ։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ։ Շատ եմ խնդրում. դուրս մի եկեք ապաստարաններից։ Խնայեք ձեզ և ձեր հարազատներին։ Պինդ ենք ու ուժեղ ենք լինելու»։
News.am