ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԿԱՊՈՒՅՏ ԱՆՁՆԱԳԻՐ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաձայնեցված կետերը: Այդ մասին նա հայտարարել Է Factor TV-ին տված հարցազրույցում, հաղորդում է News.am-ը։

Տարածքային ամբողջականության ճանաչումը «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորը համարում է բանակցային գործընթացի համար կարևորագույն պայմանավորվածություն։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- հայտարարել է Աղաջանյանը։ Նրա խոսքերով, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ Արցախի ժողովրդի բնակչության իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը ապահովելու համար:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՊԻՏԻ ԿԱՅՖԻ ՏԱԿ ԼԻՆԵՍ, ՈՐՊԵՍԶԻ ՆՄԱՆ ԶԱՌԱՆՑԱՆՔ ԲԱՐԲԱՋԵՍ։ Պիտի բացարձակ անհամարժեք վիճակում լինես, որպեսզի, հանդիսանալով հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչ, հայկական լսարանի առջև ահա այսպես բացահայտ ու ինքնամոռաց առաջ մղես ադրբեջանական օրակարգը, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը համարելով մեծ ձեռքբերում։ Եվ այդուհանդերձ, ողջ մառազմատիկությամբ ու զառանցականությամբ հանդերձ, չի կարելի թերագնահատել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ասածը։ Աղաջանյանի պաշտոնն այստեղ նշում ենք հատուկ, քանի որ նրա արտահայտությունները նաև մեսիջներ են արտաքին ունկնդրի համար։ Եվ ի՞նչ է լսում նա (արտաքին ունկնդիրը)։

Անցած տարվա հունվարին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելեց պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպում ունեցավ բարձրաստիճան սպաների հետ: Բնականաբար, նա հանդես եկավ բոցաշունչ ճառով, որում, մասնավորապես, նշեց. «Ակնհայտ է, որ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի զինված ուժերը»: Եվ ահա մեկ տարի և 9 ամիս անց նույն Փաշինյանի թիմի ներկայացուցիչը հայտարարում է, թե Հայաստանն այլևս հնարավորություն և ռեսուրսներ չունի Արցախի բնակչության իրավունքների, ազատությունների և անվտանգության ապահովման համար։ Եթե տեսականորեն հնարավոր համարենք, թե և՛ Փաշինյանն այն ժամանակ, և՛ Աղաջանյանն այսօր անկեղծություն են ցուցաբերում, ապա ստացվում է, որ մեկ տարվա և 9 ամիսների ընթացքում հայկական իշխանությունները կորցրել, փոշիացրել են բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները Արցախի բնակչության պաշտպանության համար։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ ոչ մի կերպ չի ստացվի մեղսագրել դա «նախկիններին» կամ էլի ինչ-որ մեկին։ Նշյալ ռեսուրսների կորստի համար պատասխանատու են հենց և միայն իշխանությունները, որոնք հայտարարում են, թե Արցախի անվտանգության երաշխավորն են, իսկ կարճ ժամանակ անց՝ հրաժարվում այդ առաքելությունից։

Ասենք, խոսքը պարզապես առաքելության մասին չէ։ Խոսքը անմիջական և միանշանակ պարտականության մասին է, որից հայաստանյան իշխանությունները հրաժարվում են։ Չէ՞ որ Արցախի 150-հազարանոց բնակչությունը հայկական անձնագրեր ունի, և հայոց պետությունը, ցանկանա դա Աղաջանյանը, թե ոչ, պարտավոր է պաշտպանել նրանցից յուրաքանչյուրին։ Նա պարտավոր է ապահովել ընդհանրապես հայկական անձնագիր ունեցող յուրաքանչյուրի անվտանգությունը. լինի արցախցի, ռուս, թե ֆրանսիացի։ Սա աքսիոմ է։ Բայց... Աղաջանյանը պնդում է, թե այսօրվա Հայաստանը նման հնարավորություն չունի։ Ըստ էության, ասվածը նշանակում է, որ պետություն էլ, ըստ էության, Հայաստանը համարվել չի կարող, քանի որ հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացիներին։ Ահա թե ինչպիսի հիմնական մեսիջ է ուղարկվում աշխարհին ԱԺ հանձնաժողովի նախագահի շուրթերով։

Մինչդեռ այս խորապատկերին Աղաջանյանը հայտարարում է. «Նոյեմբերի 9-ի պայմանագրի եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել մեր հայրենակիցները՝ արցախցի։ Կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին և անենք առավելագույնը, որպեսզի միջազգային հանրությանը հասցնենք այն խնդիրները, այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց առնչվում են մեր հայրենակիցներն Արցախում»։ Այսինքն, մի կողմից՝ իսպառ հրաժարվելով կատարել իր անմիջական պարտականությունները (պաշտպանել հայկական անձնագրեր ունեցողներին), Աղաջանյանը պահանջում է, որ դա անեն ուրիշները։ Այո, ռուս խաղաղապահները կատարում են առաքելությունը, բայց դա դեռ հիմք չէ, որ Երևանը հրաժարվի իր պարտավորությունից։ Մեկ բան է առաքելությունը, միանգամայն այլ բան՝ անմիջական և անվերապահ պարտականությունը։

Դժվար է ասել, թե Աղաջանյանի լսարանի որ մասն է համակարծիք նրա հետ։ Հնարավոր է, որ բավական տպավորիչ մասը, որը համարում է, թե Արցախից Հայաստանի հրաժարումը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհն է։ Դե ինչ, թող այդպես համարեն, բայց ընդ որում չմոռանան, որ ունեն ճիշտ նույնպիսի կապույտ անձնագիր, ինչպիսին և արցախցիները։ Եվ ինչպես ակներևաբար ցույց է տալիս գործող իշխանությունը, այդ անձնագիրը բնավ երաշխիք չէ, որ հայկական պետությունը պատրաստ է պաշտպանել դրա տիրոջը։ Լինի Արցախում, Սյունիքում, թե Երևանում։ Այս իշխանությունը, փաստորեն, հաջողացրեց բացարձակապես արժեզրկել հայկական անձնագիրը…