ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Ո՞Վ ԿԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1997թ. վերջի-1998թ. սկզբի իրավիճակը կարգավորվեց հօգուտ Արցախի…

Պրահայում բանակցություններից առաջ Փաշինյանի ընտանեկան թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակումները հիշողության մեջ թարմացրեցին այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին Տեր-Պետրոսյանի հոդվածին (1997թ. դեկտեմբերի 1): Այդ հոդվածից հետո ՀՀՇ առաջնորդը հրաժարական տվեց (1998թ. փետրվարի 3)։ Նրա քաղաքական սանիկն արդեն հանձնել է Արցախը, իսկ հոկտեմբերի 5-ին խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում շատերը նշմարեցին նաև ինքնիշխան Հայաստանի տարածքը հանձնելու պատրաստակամություն։

Ընդ որում ռեժիմի պարագլուխն անտեսում է բանակցողին փոխելու կոչերը և չի դիտարկում հրաժարական տալու հեռանկարը, ինչի մասին վկայում են Բաքվի և Անկարայի հետ խաղաղ համաձայնագրերի կնքման ուղղությամբ հետագա քայլերի պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամության մասին նրա հայտարարությունները երկրի ամենաբարձր ամբիոնից: Իսկ ինչո՞ւ պիտի կապիտուլյանտը ևս մեկ անգամ ռիսկի չդիմի, չէ՞ որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրության դիմաց նա հատուցեց ընդամենը կարճատև ծվարումով (մինչև նոյեմբերի 18-ը) ՊՆ բունկերում։

«Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։ Ես էդ պատասխանատվությունը ստանձնելու եմ, ես գնում եմ էդ ճանապարհով, ես գնալու եմ էդ ճանապարհով: Բայց էստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ՝ գնալու: Ես տեսնում եմ ճանապարհ՝ գնալու և ես պատրաստվում եմ էդ ճանապարհով գնալ, համոզված եմ՝ մենք ենք պատրաստվում էդ ճանապարհով գնալ, նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլև ժողովրդին»,- ընդգծեց Փաշինյանը։

Ուզում եմ այս առնչությամբ հիշեցնել լուսահոգի Վազգեն Սարգսյանի (Սպարապետի) խոսքերը Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին։ «Եթե Տեր-Պետրոսյանն ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել: Եթե ինքն ինձ հեռացներ, ես հեռանալու էի: Բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա»,- հայտարարեց նա 1999թ.-ին ՀՀԿ արտահերթ նախընտրական համագումարի ամբիոնից։

Արցախի Հանրապետության տարածքի 75%-ը հանձնելուց հետո իրավիճակը շատ ավելի վատ է, քան Տեր-Պետրոսյանի ծրագրային հոդվածի հրապարակման փուլում, բայց Փաշինյանը չի ցանկանում հետևել իր քաղաքական կնքահոր օրինակին։ Տեր-Պետրոսյանը հեռացավ հայտնի փակ հանդիպումներից հետո, երբ բարիկադների մի կողմում հայտնվեցին ՀՀՇ վարչությունն ու Վանո Սիրադեղյանը, մյուսում՝ Սպարապետը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը։ «Հայտնի ուժերն» ապացուցեցին, որ Հայաստանի և Ղարաբաղի տնտեսական զարգացումը հնարավոր է առանց ազատագրված տարածքների հանձնման, բայց ամեն ինչ փոխվեց, երբ երկրում իշխանությունը զավթեց թուրք-սորոսական 5-րդ շարասյունը՝ Բաքվի և Անկարայի խամաճիկների գլխավորությամբ։

Իշխող ռեժիմի պարագլուխը կրկնեց դաշտային հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հայտնի արտահայտությունը. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ հետո հանձնեց հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը, որպեսզի 2 տարի անց հայտարարի, թե պատասխանատվություն է կրում միայն ինքնիշխան Հայաստանի 29 հազար 800 քառ.կմ-ի համար։ Պատասխանատվության սահմանափակ գոտու մասին բազմաթիվ հիշատակումներից հետո բոլոր հիմքերը կան մտահոգվելու Հայաստանի սողացող բռնազավթման շարունակման առնչությամբ, որը սկսվել է 2021թ. մայիսի 12-ին: Այսօր վտանգված է ինքնիշխան Հայաստանի տարածքը, սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո հայկական դիրքերի գնդակոծումը շարունակվում է, ժողովուրդն ամեն օր ագրեսիա է սպասում Նախիջևանի կողմից։

Մինչ այդ սպասումը շարունակվում է, Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հին երգն է ծոր տալիս՝ մեղադրելով պետության նախկին ղեկավարներին, թե նրանք «վատ» («կապիտուլյանտական») բանակցային ժառանգություն են թողել իրեն, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ժամանակին նպաստել է Արցախի հանձնմանը։ Այդ ողորմելի թեզն արդեն հերքվել է ամենայն մանրամասնությամբ։ Հայտնի է, որ Հեյդար Ալիևը բազմիցս կրկնել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի համար կորած է ընդմիշտ, իսկ նրա որդին պնդում էր, որ փակ դռների հետևում եվրոպացի քաղաքական գործիչներն իր վրա ճնշում են գործադրում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «կապիտուլյանական» ժառանգության մասին Փաշինյանի զառանցանքին արձագանքել է հարցով.

«Սրիկա՛, քո ստորագրած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ի՞նչ է, հայ ժողովրդի գլխին եկող քաղաքական կամասուտրայի երկրորդ հատո՞րը»։ Կապիտուլյանտի առաջադրած մեղադրանքներից հետևում է, թե իր նախորդները բոլորն էլ հանձնել են Արցախը, սակայն ադրբեջանցիները համաձայնել են ընդունել հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը միայն Նիկոլի ձեռքից։

Կանխատեսումներ առաջիկա 2-3 ամիսների վերաբերյալ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն օրերս կանխատեսում հնչեցրեց, ըստ որի՝ եթե իրադարձությունները զարգանան ներկայիս հունով, ապա 2-3 ամսից Հայաստանի բնակիչների տները նման կլինեն Դամասկոսի և Դոնբասի բնակիչների տներին:

Նրա խոսքերով, Հայաստանի բնակչության մեծամասնությունը անտեղյակ է մոտ ապագայի մասին, մինչդեռ ժամանակն է արդեն հասկանալ, որ Հայաստանը, որը գոյություն ուներ մինչև 2018 թվականը, այլևս չկա: «Պետք է մարդկանց ասել, թե ինչ է սպասում իրենց»,- ընդգծեց քաղաքագետը։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը ելնում է նրանից, թե Փաշինյանը չի համարձակվի ստորագրել երկրորդ կապիտուլյացիայի փաստաթուղթը…

Բոզոյանն ընդգծեց, որ «մարդիկ չեն լսում, թե ինչ են ասում կուսակցությունների ներկայացուցիչները, ուստի իրավիճակի մասին պարզ ու մատչելի ձևով ասված ճշմարտությունը միայն կարող է համախմբել ժողովրդին, որը չի ցանկանում, որ իր տունը արժանանա Սիրիայի և Ուկրաինայի բնակիչների տան ճակատագրին»: Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, իր հերթին, համարում է, որ երկրում չկա առաջնորդ, որը կարող է իր զրուցակիցը դարձնել ոչ թե Փաշինյանին, այլ ողջ ժողովրդին:

Տեր-Պետրոսյանը, իր իսկ բնորոշմամբ, հրաժարական է տվել «հայտնի ուժերի» ճնշման տակ, սակայն պալատական հեղաշրջումը ուժայինների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀՇ ղեկավարի նկատմամբ համաժողովրդական ատելության գագաթնակետին՝ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների համատարած կեղծումից հետո: 2021թ.հունիսի 20-ի ընտրությունները ընդունված է համարել արդար: Հիշեցնեմ, որ Փաշինյանը գնաց այս ընտրություններին՝ նախապես հայտարարելով, որ նախագահի և խորհրդարանի ընդունած հրաժարականից հետո ամբողջությամբ պահպանում է կառավարության ղեկավարի լիազորությունները։ Դա դե յուրե և դե ֆակտո իշխանության յուրացում է։ Միայն այդ գնով Փաշինյանի կուսակցությունը կարող էր հաղթել…