ՈՐՔԱՆ ԱՎԵԼԻ ՍԱՆՁԱՐՁԱԿ Է ԹՈՒՐՔԸ, ԱՅՆՔԱՆ ՑԻՆԻԿ Է ԱՇԽԱՐՀԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ»

Հոկտեմբերի 2-ին սոցցանցերում կայծակնային արագությամբ տարածվեցին ադրբեջանցի զինվորականների կողմից անզեն հայ գերիների մահապատժի կադրերը։ Անմեղության կանխավարկածը բացառող ռազմական հանցագործության տեսագրությունը բուռն արձագանք առաջացրեց միջազգային հանրության շրջանում, այդ թվում՝ նրանց, ովքեր որպես միջնորդ են ներկայանում տարածաշրջանում խաղաղության հաստատման և այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուտափույթ, շնչակտուր ստորագրման, իսկ հայ հասարակության ողջամիտ մասի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների կրկնակի կապիտուլացման գործում:

Հաջորդեցին ամենատարբեր կոչեր, ֆլեշմոբեր, դիմումներ, հանրագրեր և հայտարարություններ, որոնցով խարանում էին հանցագործներին և ցասումով պահանջում բացահայտել ու պատժել ավելի շատ միջնադարյան մահապատիժ հիշեցնող այդ հրեշավոր գործողության մեղավորներին։ Անմիջական կատարողներին պարզել են. ինչպես հաղորդել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, տեսագրության մեջ «աշխատում են» հայերի հանդեպ առանձնակի դաժան հաշվեհարդարների համար հատուկ ստեղծված «կոմանդոս» ջոկատի ալիևյան ոճրագործները: Աշխարհը կարծես թե ցնցված էր, թեև բացարձակապես ոչ մի նոր ու զարմանալի բան չկար այդ տեսապատկերներում. հենց այդպես, այլասերված դաժանությամբ ու անմարդկայնությամբ են ադրբեջանցիները սպանել հայերին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Բուդապեշտում, երբ այդ «կոմանդոսները» դեռ չէին էլ ծնվել, իսկ հետո նաև Ապրիլյան և 44-օրյա պատերազմների ժամանակ։ Այդպես է եղել նույնիսկ համեմատաբար խաղաղ ժամանակներում. հիշեք սահմանից առևանգված հայկական գյուղերի բնակիչների հրեշավոր սպանությունները…

Կարելի է նույնիսկ ասել, որ եղել են է՛լ ավելի զարհուրելի տեսանյութեր. օրինակ, երբ ալիևյան ասկյարները Շուշիում ուղիղ տեսախցիկի առջև կտրեցին անպաշտպան ծերունու գլուխը, իսկ հետո տեսանյութը նետեցին համացանց. կանխամտածված, լկտիաբար և ասես չարախնդալով, թե՝ մենք այսպես էլ կարող ենք։ Եվ ախր բոլորի համար պարզ էր և՛ այն ժամանակ, և՛ հիմա, որ դրա հետևում կանգնած են բնավ ոչ դաժանության մոլուցքով բռնված առանձին ճիվաղների գործողությունները, այլ վաղուց մշակված, փորձարկված և ոչ միայն հայերին, այլև իրեն քաղաքակիրթ համարող ողջ մարդկությանը մարտահրավեր նետող ազեր-թուրքական իշխանության հենց ղեկավարության հրամանով իրականացվող քաղաքականությունը։

Նա, այդ «քաղաքակիրթը», վրդովվում է, բարկանում ու ինչ-որ բան մրթմրթում, բայց հետո, հիշելով ցուրտ ձմեռն ու սեփական հարմարավետությանը սպառնացող վտանգը, անմիջապես մոռանում է աշխարհում ամեն ինչ, այդ թվում՝ լոկ խոսքերով քնքշորեն փայփայվող մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, և ինքնամոռաց նետվում գազ, լույս ու ջերմություն բերող վայրենու նողկալի գիրկը։ Իսկ երբ այդ վայրենին ողորմածաբար, բայց նույն ցինիկ հաշվարկով աղայավարի վերադարձնում է մեկ-երկու տասնյակ հայ գերիների, իբրև լավություն ներկայացնելով իր պարտականությունը, այդժամ «քաղաքակիրթների» ուրախությունն ու հրճվանքը սահման չեն ունենում, իբր՝ մարդասիրությունը հաղթում է, ուրեմն եկեք արագ մոռացեք ամեն ինչ ու խաղաղություն և բարեկամություն ազդարարեք։ Ստորագրեք պայմանագիրը, և մեր ուսերից գցեք ձեր «անքաղաքակիրթ» խնդիրների բեռը

... Անցել է 10 օր, այդ ընթացքում բոլորը միայն ճպպացնում էին լեզուն ու դատարկախոսում, պահանջելով «դատապարտել, բացահայտել և պատժել»։ Բայցև անշեղորեն շարունակում էին առաջ մղել իրենց գործը. բառացիորեն անդադար ռեժիմով հանդիպում, քննարկում, որոշում, արագացնում ու շտապեցնում և նույնիսկ ժամկետներ դնում. մինչև ամսվա վերջ ստորագրե՛լ։ Իսկ հոկտեմբերի 11-ին Ալիևը հրամայեց համացանցում տեղադրել նոր սարսափելի տեսագրություն. այս անգամ հայ գերիների խոշտանգումներով։ Որտեղ իր հերթական ճիվաղները խեղում են երիտասարդ զինվորների ոտքերը, իսկ հետո ստիպում ոտքի կանգնել, ընդ որում երեք գերիներից մեկն ընկած է ամբողջովին արնաթաթախ, անկասկած՝ կտտանքների արդյունքում։

ԵՎ Ի՞ՆՉ։ ԴԵ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԱՐԴԵՆ ՈՉԻՆՉ։ Ոչ ոք առանձնապես չվրդովվեց, չզայրացավ, չդատապարտեց։ Հայ իրավապաշտպանները հայտարարեցին, որ գերիների ինքնությունը պարզվել է, որ նրանք բոլորն էլ սպանվել են, և որ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացված ագրեսիայի արդյունքում, իսկ տեսանյութի դահիճները ադրբեջանական «Յաշմա» հատուկ ստորաբաժանումից են: Մարդու իրավունքների պաշտպանը և այլ պաշտոնյաներ, բնականաբար, հաղորդեցին, որ այդ փաստերը կհավաքվեն ու կուղարկվեն բոլոր-բոլոր միջազգային ատյաններ, այդ թվում՝ ՄԻԵԴ։ Որտեղև գործը կքննեն մի 10 տարի անց... Լավագույն դեպքում՝ 8:

Իսկ ընդհանրապես ամեն ինչ հանգիստ է. կրկին բոլորը եռանդագին հանդիպում են և լուծում «խաղաղության» հարցերը։ Դե, ի՞նչ է պատահել որ, մեր ընկեր Իլհամի հերթական չարաճճիությունն է։ Հայ զինվորին խոշտանգո՞ւմ են, միջազգային կոնվենցիաները խախտո՞ւմ են, մարդու իրավունքները ոտնահարո՞ւմ են։ Առաջին անգամը չէ... Փոխարենը նա մեզ ավելի շատ գազ կմատակարարի, իսկ Էրդողանն ընդհանրապես մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, հո չե՞նք նեղացնելու նրան մի քանի հայ զինվորների պատճառով։ Խի՞ղճ, ժողովրդավարությո՞ւն, բարոյականությո՞ւն, օրենքնե՞ր... Թարկեք, ինչի՞ մասին եք խոսում։ Ժամանակներն այն չեն, գիտեք…

Մինչդեռ հոկտեմբերի 12-ին բողոքի հերթական ակցիան էին կազմակերպել անհետ կորած համարվող 19-ամյա հայ զինվորի հարազատները։ Այդ տղան դեռ մոտ մեկ ամիս առաջ հաղորդել էր իր հարազատներին, որ վնասվածքներ է ստացել և գտնվում է այսինչ տեղում. եկեք տարեք ինձ այստեղից, փրկեք: Հարազատները փոխանցել են կոորդինատները պաշտպանության նախարարությանը, և իրենք էլ փորձել գտնել զինվորին մոտակա անտառներում։ Հոր խոսքերով՝ նախարարությունն անգործության է մատնված. այնտեղ պնդում են, թե ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք։

Կրկնենք ևս մեկ անգամ. վիրավոր հայ զինվորը գտնվում է իր երկրի՝ Հայաստանի սահմաններում, սպասում օգնության, փրկության, բայց հարազատ պաշտպանական գերատեսչությունը, որն էլ նրան ուղարկել է թշնամու դեմ մարտի, մատը մատին չի տալիս, որպեսզի գտնի և փրկի իր զինվորին, որովհետև... «ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել այդ տարածք»։ Թույլ չի տալիս, դե, իրենք էլ չեն փորձում։ Չեն պահանջում հողի ու երկրի տիրոջ իրավունքով, որի տարածքում, բացի այդ վիրավոր զինվորից, հողին չհանձնված ընկած են մնացել նաև սպանված հայ զինվորներ։ Իսկ գուցե դեռ կան նաև ողջ մնացածներ, վիրավորներ, խեղվածներ, քաղցած ու մրսած, որոնք արդեն մեկ ամիս շարունակ օգնութուն են սպասում իրենց նախարարությունից, իրենց պետությունից, իրենց իշխանությունից…

Իսկ իշխանությունն ասում է՝ ինձ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մտնել հայկական տարածք ձեզ փրկելու համար։ Այնպես որ, կներեք տղաներ, բայց դուք պետք է մեռնեք։ Մենք այստեղ խաղաղություն ենք կառուցում, «ապագա»...

Փոխարենը՝ այս իշխանությունը, ասես շիկացած թավայի վրա կուչուձիգ գալով «խաղաղության» հասնելու գործում իրար հերթ չտվող բազմաթիվ միջնորդներից յուրաքանչյուրի առջև, չի դադարում ինտենսիվ բանակցություններ վարել նրանց հետ, որպեսզի հնարավորինս շուտ հանձնվի և հաճույք ստանա սեփական կործանումից։ Այդ բանակցություններում տեղ չկա իր գործողությունների անմարդկայնությամբ ու հրեշավորությամբ արդեն պարզապես ամեն չափ ու սահման անցած թշնամու կողմից նվաստացվող ու սպանվող հայ զինվորների իրավունքների պաշտպանության համար։ Թշնամի, որը կարծես ասում է. իսկ ես դեռ այ սա ցույց կտամ ձեզ, իսկ ես նաև այսպես ցավ կպատճառեմ ձեզ, այ այսպես կսպանեմ ու ցույց կտամ ողջ «քաղաքակիրթ» աշխարհին, թե ինչ վայրենի եմ ես: Բայց քաղաքակիրթները, միևնույն է, ձեռք կմեկնեն ինձ, կժպտան ու կասեն, թե ինչ լավ ու հուսալի գործընկեր եմ։

ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ԻՍԿԱՊԵՍ ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԿԱՐԵԼԻ Է։ Քանզի հենց միայն մեկ նորակոչիկ զինվորի պատմության մեջ (իսկ քանի՜-քանիսն են եղել երկու տարվա ընթացքում) կենտրոնացած է նիկոլական ռեժիմի ողջ հանցավորությունը, փաշինյանի, պապիկյանի և «հեղափոխական» ամբողջ ոհմակի հայատյացության ողջ խորությունը... Քանզի որքան ավելի է լկտիանում և կատաղում թուրքը սեփական ամենաթողությունից ու անպատժելիությունից, այնքան ավելի համառորեն են մեզ խաղաղության մղում ներքին թուրքերը՝ «քաղաքակիրթների» հետ միասին... Ինչ ասես արժե հենց միայն եվրահանձնակատար Բորելի խոստովանությունը, որ Ադրբեջանն, իհարկե, «գնդակոծել և բռնազավթել է Հայաստանի տարածքի մի մասը», բայց մենք չենք կարող նրան պատժել և պատժամիջոցներ կիրառել, որովհետև նա մեզ գազ է տալիս։

Բորելի, Միշելի, Մակրոնի ու իրենց նմանների համար ձմռանը, ամենայն հավանականությամբ, տաք ու հարմարավետ կլինի, քանի որ Ալիևը կօգնի վառելիքով: Բայց նրանք բոլորն այսօր, իսկ իրենց նախորդները դեռ վաղուց, արդեն հարյուրից ավելի տարի առաջ, կապված են թուրքերի հետ հայերի դեմ գործած համատեղ ոճիրով և շարունակում են այդ ոճրագործությունը։ Թուրքերը սպանում են, իսկ սրանք՝ կոծկում, որովհետև նավթն իրենց համար միշտ ավելի թանկ է, քան արյունը, և ոչ միայն հայի։ Այո, ունենալով այսպիսի ղեկավարներ, ինչպիսիք են Փաշինյանն ու իր ողջ հանցավոր ռեժիմը, ուրիշներին մեղադրել չենք կարող։ Այո, առաջին հերթին ներքին թշնամին է մեղավոր, որ վայրենին այսչափ սանձարձակ ու լկտի է պահում իրեն։ Այո, առաջին հերթին հայկական հանցավոր իշխանությունն է պատասխանատվություն կրում հայ զինվորների անվերջանալի մահերի և չդադարող տառապանքների համար։

Բայց եվրոպական ժողովրդավարությունն ու քաղաքակրթությունը ոչ միայն կարերից ճարճատում են այս խաղաղ-ցինիկ սանձարձակության խորապատկերին։ Եվրոպական արժեքները վաղուց գոլորշիացել ու վերածվել են պատրանքի։ Եվրոպան ինքն է Հայաստանի ու հայ ժողովրդի համար վերածվել ամենադաժան բռնապետի, որը չի ցանկանում տեսնել ու լսել նրանց, ում անպատիժ սպանում են, վտարում, խոշտանգում ու նվաստացնում՝ բառի բուն իմաստով ողջ աշխարհի աչքի առաջ։ Եվ դա ոչ այլ ինչ է, քան դատավճիռ՝ բոլոր նրանց համար, ովքեր այդքան հանցավոր կերպով անդունդ են հրում հայերին՝ իրար առաջ կտրած ճղավելով «խաղաղության» մասին, բայց առաջվա պես մնալով արյան մեջ թաթախված