ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԼՈՒԶՎԱԾ Է, ՌԵԺԻՄԸ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այսուհետ անցյալի գրկում է

1999թ. սեպտեմբերին «Հայաստան-Սփյուռք» համահայկական առաջին խորհրդաժողովի անցկացումը շրջադարձային իրադարձություն դարձավ համազգային համագործակցության զարգացման գործում: Խորհրդաժողովի ընդունած հռչակագրում նախանշվեցին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ամրապնդման և խորացման սկզբունքները, ընդունվեցին Արցախի վերաբերյալ հռչակագրեր։

Ակնհայտ դարձավ, որ եռամիասնության հիմքում դրված են ողջ աշխարհի հայերի համար գլխավոր կապող գործոնները. Հայոց ցեղասպանության և հայկական երկրորդ հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ 2002թ. մայիսին կայացած «Հայաստան-Սփյուռք» երկրորդ խորհրդաժողովը առանձնահատուկ ուշադրություն հատկացրեց համագործակցության կոնկրետ ուղղություններին, իսկ 2006թ. սեպտեմբերին տեղի ունեցած երրորդ խորհրդաժողովը նվիրված էր հայոց անկախ պետականության զարգացման ճանապարհին 15-ամյա առաջընթացի վերլուծությանն ու գնահատականներին։

Երրորդ խորհրդաժողովն ընդունեց նաև հայկական գյուղերի վերականգնման և բարեկարգման ծրագիր, որը հետագա տարիներին կոնկրետ մարմնավորում ստացավ գործնականում, մեծ ուշադրություն հատկացվեց սահմանամերձ համայնքներին: Թերթի ծավալը չի բավականացնի՝ թվարկելու համար համահայկական ամենածավալուն բոլոր միջոցառումները. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համաժողովից մինչև «Հայագրոֆորում», «Բազե» համահայկական հավաքներից մինչև գիտական համաժողովներ և մարզական միջոցառումներ, «Ոսկե ծիրան» միջազգային փառատոններից մինչև Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին և հայոց գրերի 1600-ամյակին նվիրված միջոցառումներ…

Այդ միջոցառումների հիմքում իշխանությունների քաղաքականությունն էր՝ ուղղված Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման գործում ողջ աշխարհի հայերի ջանքերի համախմբմանը։

Տեր-Պետրոսյանի գլխավոր թեզն այն մասին, որ «նարինջ ուտողները» չպետք է իրենց կամքը թելադրեն Հայաստանի քաղաքացիներին, նախորոշեց ողջ աշխարհում հայկական համայնքների հետ փոխհարաբերությունները անկախ Հայաստանի կայացման սկզբնական փուլում, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք այդ կապերը ինստիտուցիոնալ բնույթ ստացան, դրանցով զբաղվում էին պետական ազդեցիկ կառույցները։ 2018թ. գարնանը իշխանության հակասահմանադրական զավթումից հետո, ի թիվս այլոց՝ վերացվեց նաև Սփյուռքի նախարարությունը։ Այն տեղեկությունները, որոնք այս պահին ստացվում են «Հայաստան-Սփյուռք» համաժողովի կազմակերպիչներից, լավատեսություն չեն ներշնչում այդ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

44-օրյա պատերազմից հետո հայկական Սփյուռքի ներկայացուցիչների բացասական արձագանքը դարձավ Փաշինյանի արտասահմանյան այցերի անքակտելի մասը։ Այդ արձագանքի հետևանքը հայկական Սփյուռքի բաժանումն էր սևերի և սպիտակների, ուստի գալիք խորհրդաժողովին կժամանեն միայն նրանք, ովքեր սատարում են ռեժիմի դավաճանական քաղաքականությանը։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը խախաթարված է, ռեժիմի քաղաքականությունը, որն ուղղված է Արցախից հրաժարմանը, ողջ աշխարհի հայերին զրկել է համախմբող նպատակից։ Հայկական երկրորդ հանրապետության անկախության ամրապնդումը՝ ինքնորոշման սկզբունքի իրացման միջոցով, բացառվեց իշխող ռեժիմի օրակարգից։ Եռամիասնությունը զրկվեց գլխավոր կապող գործոնից, որից հետո ակնհայտ դարձավ, որ կապիտուլյանտի ռեժիմը պատրաստակամորեն հրաժարվել է նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղեգծից։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այսուհետ անցյալի գրկում է…

Ռեժիմը կատարեց Անկարայի գլխավոր նախապայմանը

Փլուզելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ողջ աշխարհում բաժանելով հայերին սևերի ու սպիտակների, Փաշինյանը սկսեց խզել բարեկամական կապերը նրանց հետ, ովքեր տարիներ շարունակ հանդես են եկել հայկական շահերի պաշտպանության դիրքերից։ Այն փաստը, որ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը պերսոնա նոն գրատա է հայտարարվել ռեժիմի կողմից, բնորոշում է միայն ռեժիմի պարագլխին, այլ բնավ ոչ Զատուլինին։

Թուրքական կողմը մշտապես խոսում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու մասին, մինչդեռ հայտնի է, որ Փաշինյանի ռեժիմն արդեն կատարել է Անկարայի գլխավոր նախապայմանը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարման տեսքով։ ՀՀ Սահմանադրության նախապատրաստվող խմբագրման մեջ բացակայելու է հղումն Անկախության հռչակագրին և դրանում ամրագրված Ցեղասպանության միջազգային ճանաչման թեզին։ Զատուլինը ՌԴ Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթի համահեղինակներից մեկն է (1995թ.):

Զատուլինին արգելված է մուտքը Հայաստան, փոխարենը մեր երկիր հանգիստ գալիս են նրանք, ովքեր կեցվածք են ընդունում Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հուշարձանի խորապատկերին՝ տեսագրության մեջ ցուցադրելով «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստը, որի նպատակը հայերի ֆիզիկական ոչնչացումն է։ Մի քանի տարի առաջ Զատուլինին արգելել են մուտքն Ադրբեջան՝ նրա հայամետ հայացքների պատճառով։

Ավանդական համագործակցությունից դեպի անխուսափելի աղետ…

Փաշինյանի քաղաքականությունը շարժվում է Բաքվի և Անկարայի շահերի հունով, հետևողականորեն իրականացվում են հայ ժողովրդի թուրքացման, բարեկամական և մշակութային նախկին կապերի խզման միջոցառումներ։ Միջնակարգ դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումը թուրքերենով փոխարինելու փորձերի մասին շատ է գրվել, ուստի չեմ կրկնի…

Փաշինյանի ռեժիմը փլուզում է այն կապերը, որոնք հաստատվել են տասնամյակներ շարունակ, ընդ որում ինքը՝ ռեժիմը բարեկամներ չունի։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները գիտակցում են, որ ռեժիմի քաղաքականությունն ուղղված է Արցախը հանձնելուն և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն։ Զատուլինին անցանկալի անձ հայտարարելը հեշտությամբ տեղավորվում է պատվիրված ռուսատյաց հիստերիայի շրջանակներում, որ շարունակում են բորբոքել փաշինյանական լրատվամիջոցներն ու ֆեյքերի ֆաբրիկան։ Հիստերիայի պատվիրատուն վաշինգտոնյան շրջկոմն է։ Զատուլինի մուտքն արգելելուց առաջ Փաշինյանն արդեն արգելել էր սփյուռքահայ ականավոր գործիչների մուտքը մեր երկիր, այժմ բանը հասել է բարեկամներին և հայ-ռուսական պատմական կապերի ամրապնդմամբ զբաղվող Լազարյան ակումբի անդամներին։

Զատուլինը Պետդումայում զբաղվում է ոչ միայն ԱՊՀ հարցերով, այլև եվրասիական ինտեգրմամբ, իսկ ռեժիմի պարագլուխը ինտեգրվում է թուրք-ադրբեջանական կապերի համակարգին և կատարում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման վերաբերյալ ԱՄՆ-ի հրահանգները: Ընդ որում ներկայիս ռուսատյաց հիստերիայի գլխավոր բաղադրիչը քարոզչական թեզն է այն մասին, թե Մոսկվան մտադիր է զրկել Հայաստանին անկախությունից և քշել Ռուսաստան-Բելառուս դաշնակցային պետության կազմ։ Ռուսաստանից համառորեն թշնամու կերպար են ծեփում, Զատուլինի մուտքի արգելումը ռեժիմի կողմից իրականացվող գլոբալ քաղաքականության լոկ մասն է՝ ուղղված արտաքին քաղաքական վեկտորի փոփոխմանը. ավանդական համագործակցությունից դեպի անխուսափելի աղետ...