ԱՐՑԱԽՆ ԻՐ ԽՈՍՔԸ ԱՍԱՑ. ՀԵՐԹԸ ՄՆԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՆ Է

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, դժվար է անվանել այլ կերպ, քան պատմական իրադարձություն. մեր աչքի առաջ իսկապես պատմություն է կերտվում, և ուրվագծվում է Արցախի, Հայաստանի և հայության ապագան։ Պետության կործանման, ազգային ինստիտուտների և հոգևոր արժեքների ոչնչացման, պետականության ամենանվիրական ու անսասան թվացող հիմքերի փլուզման, դավաճանության և խայտառակության, ամոթի ու նվաստացման, կորուստների և անսահման ցավի չորսուկես տարի. այս ամենի վերջը կարծես թե գալիս է: Եվ հակահայկական իշխանության վերջի սկիզբը դրվեց հենց այդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում։

...Օդում ճախրում է 1988-ի ոգին, եվ դա առաջին հերթին միասնության ոգին է, որը համակել է մեր Հայրենիքի փոքրիկ, բայց անգին ու անքակտելի հատվածին. այդ մասին սոցցանցերում գրել են շատերը, ովքեր բախտ են ունեցել երեկ լինել Ստեփանակերտում: Մարդկանց ծովն արձանագրած լուսանկարներ ու տեսանյութեր, ահռելի եռագույն, փոքրիկ ցուցապաստառ աղջնակի ձեռքին՝ «Ես քո զավակն եմ, Հայաստան» ձեռագիր մակագրությամբ, և դեմքեր, դեմքեր, դեմքեր... մարդկանց դեմքեր, որոնք եկել են իրենց վճռական ու անկոտրում Խոսքն ասելու մահացու վտանգի առջև։ Եկել են իրենց ձայնը հասցնելու նրանց, ովքեր մտադրվել են հեռվից, շքեղ աշխատասենյակներում ու պալատներում նստած, իրենց փոխարեն վճռել իրենց ճակատագիրը, զոհաբերել հայ երեխաներին աշխարհաքաղաքական անհագ ախորժակներին և դատապարտել Արցախը նոր ցեղասպանության։

Նրանց, ովքեր անվերջ ճամարտակելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության և արդարության մասին, համառորեն չեն ցանկանում տեսնել այն հողի վրա ապրող մարդկանց ցավը, տագնապն ու կամքը, որն այս աշխարհի հզորները հեշտությամբ փոխանցում են ցեղասպան պետությանը՝ ընդամենը խողովակաշարով հոսող գարշահոտ հեղուկի ու գազի դիմաց։ Որոնց համար Արցախը լոկ տարածք է և քաղաքական առուծախի առարկա։ Վերածննդի հրապարակում հավաքված ավելի քան 40 հազար արցախցիներ երեկ բարձրաձայն հիշեցրեցին աշխարհին, որ հողի այդ պատառիկն իրենց սուրբ Հայրենիքն է, որտեղ իրենք ապրել են հազարամյակներ շարունակ, որտեղ բառացիորեն յուրաքանչյուր սանտիմետր ներծծված է հայի արյամբ, և իրենք մտադիր չեն զիջել այն ոչ մեկին։

1988-ի հետ համեմատությունը միանգամայն օրինաչափ է, լոկ մեկ դառը շտկումով. այն ժամանակ, 34 տարի առաջ Հայաստանում ոչ մեկին պետք չէր համոզել, որ Արցախը մեր Հայրենիքի մասն է։ Այն ժամանակ մենք միասնական էինք, ուժեղ ու անսասան մեր ձգտումներում։ Այսօր պատկերը, ավաղ, արմատապես այլ է. մահացու դառնալ սպառնացող պառակտումն անցնում է ամենավտանգավոր սահմանագծով՝ Արցախի զատումով Հայաստանից։ Դավաճան իշխանությունը փորձում է համոզել ժողովրդին, թե զոհաբերելով Արցախը՝ կարելի է փրկել Հայաստանը։ Ջրբաժանը հարվածում է ամենացավոտ կետին, աշխարհասփյուռ հայության միասնությանը, և սպառնում վերջ տալ մեր ուժի խորքային ակունքներին։

1988-ին միանգամայն պարզ ու ակնհայտ էր. կանք մենք, և կա թշնամին։ Այսօր հենց թշնամիներն են կառավարում մեր երկիրը և տանում մեզ դեպի անդունդ. այդ իսկ պատճառով այդչափ կարևոր էր հնչեցնել հայ ժողովրդի այն հատվածի ձայնը, որն արդեն իսկ այդ անդունդի եզրին է։ Հնչեցնել այնքան բարձր, որ լսելի լինի ամենուր. Երևանում և Բաքվում, Մոսկվայում ու Անկարայում, Բրյուսելում և Վաշինգտոնում։ Դատելով ՀՀ դե ֆակտո իշխանությունների կատաղի և ծայրաստիճան նյարդային արձագանքից՝ այդ ձայնը հնչեց այնպես, ինչպես պետք է. իր մեջ կրելով նախազգուշացում ու մարտահրավեր մեր Հայրենիքը բռնազավթած հակահայկական ուժերին, որոնք պատրաստ են զոհասեղանին նետել Արցախն ու Հայաստանը և թույլ տալ Թուրքիային ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսած ցեղասպանությունը։

Հույզերը փոթորկվում են. իրավիճակն այնքան դրամատիկ է, որ դժվար է սառնասրտորեն դատել: Բայց այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ են սթափ հաշվարկն ու պրագմատիզմը։ Հանրահավաքն ու Արցախի խորհրդարանի հայտարարությունը ուղղված են նախևառաջ ԼՂՀ գրեթե կորսված սուբյեկտայնության վերականգնմանը, որպեսզի ստիպեն աշխարհի հզորներին հաշվի նստել այդ հողի վրա ապրող մարդկանց կամքի հետ, հայտարարեն իրենց իրավունքների և թեկուզև շատ մեծ խաղի մեջ մանր խաղաքար լինելուն կտրական անհամաձայնության մասին։ Լռությունը հավասարազոր է նոր ցեղասպանության ենթարկվելու համաձայնության, և սրանք պարզապես խոսքեր չեն, այլ 34 տարի առաջ ապացուցված ճշմարտություն։ Այն ժամանակ մենք ապացուցեցինք, որ այն ժողովուրդը, որը չի ցանկանում մեռնել և պատրաստ է պայքարել, կարող է հաղթել ամենաանհավասար և անհույս թվացող պայքարում։

Այսօր, անցնելով անտանելի ծանր 2 տարիների, սարսափելի ցավի միջով, կրելով աներևակայելի կորուստներ, մենք կրկին պետք է ապացուցենք խոսելու և լսված լինելու մեր իրավունքը, պայքարենք և հարգանք նվաճենք, վերադարձնենք մեր պատիվն ու արժանապատվությունը, որպեսզի իրավունք ունենանք շարունակելու ապրել որպես հայեր. այստեղ և հիմա, այսօր և միշտ: Ժամանակն է դադարել մտորել այն մասին, թե ինչպես կարող էինք հասնել նման վիճակի, պետք է դուրս գալ դրանից։ Ժամանակն է հիշել, թե ով ենք մենք և ինչպիսին կարող ենք լինել, եթե շատ ուզենանք: Ժամանակն է հեռացնել և մեր կյանքից դուրս նետել նրանց, ովքեր հասցրեցին մեզ այսպիսի խայտառակության, և վերագտնել ինքներս մեզ: Վերադառնալ 1988-ին. իսկապես վերադառնալ:

Արցախն իր խոսքը ասաց. հերթը հիմա մնացյալ Հայաստանինն է։ Գյումրիինն ու Վանաձորինը, Սյունիքինն ու Տավուշինը, Գեղարքունիքինն ու Արարատինը... Իր խոսքը պիտի ասի նաև Սփյուռքը։ Իսկ ամենակարևորը՝ Երևանը։ Հերթը նրանցն է, ովքեր պարզ ու հստակ տեսնում են մահացու վտանգը, ում համար առաջնային են Հայրենիքն ու Ազգը, ովքեր պատրաստ են առանց երկմտելու պաշտպան կանգնել նրանց։ Ովքեր գիտակցում են, որ չկա Հայաստան առանց Արցախի, որ Արցախի պայքարը Հայաստանի պայքարն է, Արցախի ապագան Հայաստանի ապագան է։

Հերթը նրանցն է, ովքեր հասկանում են. անցել է անտարբերության ու անգործության ժամանակը, եկել է գործողությունների պահը: Որ Հայրենիք ունենալու իրավունքին պետք է արժանանալ, պայքարելով ոչ միայն արտաքին, այլև սկզբի համար ներքին թշնամու դեմ։ 1988-ի շեփորն արդեն հնչեց, և կրկին Արցախում. այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Որտեղից սկսվում է Հայրենիքը և որտեղ այն կարող է ավարտվել, եթե մենք դա թույլ տանք: