Բաբայան․ Բաքվում չեն թաքցնում, որ Ադրբեջանի և Թուրքիայի գերխնդիրներից մեկն Իրանի մասնատումն է

Բաքվում չեն թաքցնում, որ Ադրբեջանի և Թուրքիայի գերխնդիրներից մեկն Իրանի մասնատումն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի ընդգծված հակաիրանական քաղաքականության մասին հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ վերը նշված նպատակով շահարկվում է «Հարավային Ադրբեջանը»։ «Թեև սա ոչ ճիշտ անվանում է, քանի որ պատմականորեն Ադրբեջանը կամ Ատրպատականը մեկն է և գտնվում է Իրանում։ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը կամ Ադրբեջանը ստեղծվել է արհեստականորեն՝ աշխարհաքաղաքական նպատակներով»,- նշեց Բաբայանը։

«Կարծում եմ՝ շատերն են հասկանում, թե ինչ վտանգավոր խաղ են խաղում Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ մենք միշտ ասել ենք, որ խաղեր տալու քաղաքականությունը լավ բանի չի բերում։ Կարող է կրկնվել անցյալ դարի 30-ականների սցենարը, երբ բոլորը փորձում էին խաղեր տալ հիտլերյան Գերմանիայի հետ՝ հետապնդելով իրենց որոշ շահերը, և կորցրեցին ամեն ինչ։ Իսկ Թուրքիայի ու նրա առաջնորդների քաղաքականությունը շատ նման է նրան, ինչ տեղի էր ունենում Գերմանիայում։ Հիմա մի շարք երկրներ կրկնում են նույն սխալը՝ խաղեր տալով Թուրքիայի հետ»,- ընդգծեց ԱԳ նախարարը։