ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ սփյուռքահայերի 74%-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում: Մարդիկ հնարավորություններ են փնտրում նաև մասնավոր ներդրումների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» համաժողովում:

Նախարարի խոսքերով՝ Հայաստանում մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություններ կան։ «Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից անցում կատարել ներդրումների վրա հիմնված աճի մոդելին՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ 25%-ի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ 6%-ի և այլն»,- նշել է Քերոբյանը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. չէ՞ որ Քերոբյանին լսում էին միջոցառման 150 մասնակիցներ, փորձագետներ, տնտեսագետներ, որոնք եկել են այդ թվում նաև արտասահմանից։ Մի խոսքով, լուրջ մարդիկ, որոնց թերևս միայն զվարճացնել կարող էր հնչած զառանցանքը։ Նկատեք, Քերոբյանի վարկածով ստացվում է, թե Հայաստանում ներդրումներ կատարել ցանկացողների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է երկրի բնակչության թվաքանակը։ Դատեք ինքներդ. հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի թիվը կազմում է 7-8 միլիոն։ Ներառյալ, ի դեպ, անչափահաս երեխաները: Այդ քանակի 74%-ը կազմում է 5-6 միլիոն: Եվ ահա Քերոբյանը պնդում է, ընդ որում՝ վկայակոչելով ինչ-որ ուսումնասիրություններ, թե նրանք բոլորը (5-6 միլիոն սփյուռքահայերը) ոչ միայն ներդրումային կապիտալ ունեն, ինչն արդեն բացահայտ անհեթեթություն է, այլև պատրաստ են այդ կապիտալը ներդնել Հայաստանի տնտեսության մեջ։ Մի երկրի, իմիջիայլոց, որի ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։ Ի՞նչ է դա, եթե ոչ զառանցանք:

Ասենք, խնդիրը նույնիսկ հնչեցված 74 տոկոսը չէ: Ահավասիկ հարց է ծագում. եթե 5-6 միլիոն հայեր պատրաստակամություն են հայտնում ներդրումներ կատարել Հայաստանում, ապա ինչո՞ւ չեն անում դա։ Առհասարակ ո՞վ պետք է բարենպաստ ներդրումային կլիմա ստեղծի երկրում։ Ճիշտ է, այդ երկրի կառավարությունը։ Ո՞վ է պատասխանատու այն բանի համար, որ 5-6 միլիոն հայեր ցանկանում են ներդրումներ կատարել, բայց չեն անում դա։ Այո, երկրի կառավարությունը: Իսկ ինչպիսի՞ն է հավանական ներդրումների ծավալը, որ կորցնում է Հայաստանը։ Եթե հիմք ընդունենք քերոբյանական թվերը, եթե ենթադրենք, թե 5-6 միլիոն հայերից յուրաքանչյուրը կներդնի գոնե 100 դոլար, ապա դա կկազմի ավելի քան կես միլիարդ դոլար։ Ինչո՞ւ է կառավարությունը ձեռքից բաց թողնում այդպիսի փողերը: Կրկնեմ. Քերոբյանը պնդում է, թե հավանական ներդրողների պատրաստակամությունն առկա է։

Իրականում պարզ է. Քերոբյանն ուզում էր, որ լավ լինի։ Բայց ստացվեց ինչպես միշտ։ Նախ, թվերի առումով ստացվեց կատարյալ անհեթեթություն։ Երկրորդ, հեղինակավոր լսարանին ներկայացնելով ֆանտաստիկ ցուցանիշներ, նախարարը փաստորեն ճանաչեց գործող կառավարության ապիկարությունը։

Այո, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց Քերոբյանը հայտարարի, թե այդ կերպ ինքը պարզապես փորձում էր լավատեսություն սերմանել մարդկանց մեջ ։ Բայց լավատեսական տրամադրությունը մի տեսակ չի կապակցվում այն մտքի հետ, թե միլիոնավոր սփյուռքահայեր ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, բայց այդ ցանկությունը չեն իրականացնում գործնականում։