«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

Կառավարության որոշմամբ «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Ըստ որոշման, կազմակերպության գործունեության հիմնական առարկան ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումն է.

«Միաձուլումը կնպաստի հայկական ժողովրդական ժանրում միասնական քաղաքականության արդյունավետ կիրարկմանը: Կազմակերպություններում առկա կլինի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքո՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ»-ը և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթ»-ը»:

Որոշման համաձայն, մինչև տարեվերջ պետք է ավարտված լինի միաձուլվող կազմակերպությունների գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը։

«Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ»-ի տնօրեն Արթուր Դանիելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած հիմա ընթանում է հանձնման-ընդունման, գույքագրման գործընթացը, սակայն կան չպարզաբանված հարցեր, մարդիկ անորոշության մեջ են։

««Բարեկամություն» համույթի պարացանկի ընդամենը 20 տոկոսն է կազմում ազգային պար։ Ինչո՞ւ է համույթը կոչվում «Բարեկամություն»։ Որ այլ ազգերի հետ բարեկամական հարաբերություններ, մշակութային կապեր ստեղծի։ «Բարեկամությունը» հիմնականում պարում է այլ ազգերի, ժողովուրդների պարեր, միանշանակ մեր ազգայինն էլ հետ։ Բայց իրենք ստեղծում են «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն»»,- նշեց նա։

Ա.Դանիելյանն ընդգծեց, որ իրենց որևէ մեկը որևէ պարզաբանում չի տվել՝ ինչ է լինելու հետագայում. «Ասում են շենք են տալու երեք համույթների համար, հետագայում ևս երեք համույթ պետք է միանան այդ կենտրոնին։ Չեն ասում՝ ում կարգավիճակն ինչ է լինելու։

Հարցն այստեղ տնօրենի պաշտոնի աթոռը չէ, հարցը նրանում է, որ այս պահին կոլեկտիվի անդամներն ինձ են հարցեր ուղղում, որոնց պատասխանը ես չունեմ։ Ոչ մեկ չգիտի ՊՈԱԿ-ի կառուցվածքը, հաստիքացուցակը, ով է մնալու աշխատելու, ով է կրճատվելու։ Բոլորին ծանուցում կա, որ այս փոփոխությունից հետո տեղափոխվելու են մյուս կենտրոն, որից հետո հնարավոր է աշխատատեղերի կրճատում, բայց կոնկրետ ինչ հաստիքի կրճատման մասին է խոսքը, չգիտենք։

Մեկ ասում են վարչական կազմը ուրիշ տեղ է աշխատելու, արտիստներն ուրիշ տեղ։ Դրա իմաստը որն է, չեմ հասկանում։ Թող գան, ժողով անեն երեք համույթների արտիստների, վարչական մասի աշխատակիցների հետ, պատասխանեն հարցերին, որպեսզի այս մարդիկ անորոշության մեջ չլինեն։

Պետք է պարզաբանվեն այդ հարցերը։ Թող պատասխանեն՝ ինչի համար է դա արվում, ինչ է տալու մեզ, ինչ է տալու հայ ազգին, մեր մշակույթին»։

«Բարեկամություն» համույթի տնօրենն ասաց, որ նախքան որոշման ընդունումը, ինքը որևէ քննարկման չի մասնակցել, իր տեղեկություններով մյուս համույթների ղեկավարների հետ էլ քննարկում չի եղել։

Panorama.am