Արամ ՍԱՖԱՐՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Կարելի էր նշել բազմաթիվ պատճառներ, թե ինչու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը չպետք է անցկացվեր Երևանում։ Այնուամենայնիվ, այն տեղի կունենա հենց Երևանում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։ Սաֆարյանը հույս հայտնեց, որ մյուսներն էլ կհաստատեն։

«Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի այցին։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդին այսօր ամենից շատ հուզում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությա գործընթացը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստանձնել է միջնորդի դերը։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական ուժերի միջև որոշակի մրցակցություն է առաջացել։ Իհարկե, կա նաև գաղափարների միասնություն։ Այսօր կան նաև ընդհանուր սկզբունքներ, որոնք ընդունելի և հասկանալի են բոլորի համար։ Միջազգային հանրությունն ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կազմման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացում հաշվի կառնվեն հենց այդ սկզբունքները»,-նշեց Սաֆարյանը։

Նա հավելեց, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև այսօր բավական լուրջ մրցակցություն է առաջացել, որի նպատակն է պահպանել և ընդլայնել իր ազդեցությունը: «Անձամբ ես չեմ կարծում, որ դա վատ է։ Ես կարծում եմ, որ դա բնական է, քանի որ դա վկայում է ուժային կենտրոնների՝ Հարավային Կովկասի նկատմամբ իրական շահագրգռվածության մասին։ Հայկական դիվանագիտությունն ու իշխանությունը պետք է ճիշտ կողմնորոշվեն նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Նրանք պետք է ճիշտ տարբերակեն առաջնայինը երկրորդայինից»,-ասաց քաղաքագետը։

Սաֆարյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրներից հենց Ռուսաստանն է ունեցել և նախկինի պես ունի ազդեցության ամենաարդյունավետ լծակները։

News.am