ԱՐՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԻ ԵՎ ՈՉ ԹԵ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Թուրքիայի հետ օդային բեռնափոխադրումներ ունենալուց ՀՀ տնտեսության համար դրական որևէ բան պետք չէ ակնկալել, իսկ բացասականն այն կլինի, որ տեղական արտադրողներին ուղղակի «կխեղդեն», քանի որ ներկրվող ապրանքների ինքնարժեքը կարող է փոփոխվել` ավելի էժանանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով Թուրքիայի ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկություններին, թե մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ կսկսվեն։

«Ներկրումները միշտ համարվում են այլընտրանք, դրանք զսպում են տեղական արտադրողների կողմից չհիմնավորված գնաճը, բայց սա այդ դեպքը չէ։ Տեղական արտադրողները Թուրքիայից ներկրվող ապրանքների հետ մրցակցությանն ուղղակի չեն դիմանա` սկսած գյուղատնտեսական ոլորտից, վերջացրած տեքստիլ արդյունաբերությունով»,–ասաց տնտեսագետը։

Թուրքական ԶԼՄ–ների կողմից նման տեղեկության շրջանառումը, նրա խոսքով, նշանակում է, որ երկու երկրների միջև համագործակցությունը միս ու արյուն է ստանում։ Իրականում հարևան երկրի հետ սահմանների բացվելը կամ առևտրային հարաբերությունները մեր զրուցակիցը ճիշտ է համարում, սակայն հիմա, նրա կարծիքով, ճիշտ ժամանակը չէ. ՀՀ կառավարությունը տնտեսությանը չի պատրաստել դրան, իսկ նույն աշխատաոճը շարունակելու դեպքում դեռ տասը տարի էլ պատրաստ չի լինի։

Տնտեսապես երկրին պատրաստվելու և մրցակցությանը դիմակայելու համար Նաիրի Սարգսյանը երեք ուղղություն է նշում` հարկային արտոնություններ արտադրողներին, պետական, ֆինանսական աջակցություն և որակյալ կադրերի պատրաստում, որոնց շնորհիվ մեր արտադրանքը որակապես կգերազանցի թուրքական արտադրանքին։

«Պետք են առաջին հերթին փոփոխություններ հարկային դաշտում, նույնիսկ պետք է լինեն ապրանքատեսակներ, որ ընդհանրապես հարկերից ազատվեն։ Երկրորդը` պետության կողմից ֆինանսական աջակցությունը կարող է լինել օրինակ շենքային պայմանների ապահովման տեսքով, որովհետև շատ դեպքերում ներդրողները ֆիզիկապես չունենալով այդ գումարը չեն կարողանում մեծ ծավալ ապահովել. պետությունը այդ օժանդակությունը պետք է տա»,–ասաց Սարգսյանը։

Սակայն կառավարությունն այս հարցում, տնտեսագետի խոսքով, այլ ուղղությամբ է գնում, վերջերս էլ տեղական արտադրողների համար վատթարացնող օրենսդրական փոփոխություն է իրականցրել։ Խոսքը միկրոձեռնարկատեր արտադրողներին մեկ դրամից սկսած հարկելու մասին է։ Այսինքն` ոչ թե գործող ձեռնարկությունների հարկային բեռն են թեթևացնում, այլ նոր ստեղծվողներին և միկորձեռնարակատերերին սկսում են հարկել։ Միևնույն ժամանակ Երևան քաղաքից դուրս առևտուր իրականացնողների հարկային արտոնությունն էլ շարունակվում է։ Սա, ըստ տնտեսագետի, նշանակում է, որ թուրքական արտադրանքը հնարավոր կլինի Երևան քաղաքից դուրս բերել, վաճառել և մինչև 24 մլն դրամ հարկ չվճարել։ Նրա կարծիքով` նման օրենսդրական փոփոխությունից ակնհայտ է դառնում, որ այն կատարվել է Թուրքիայի Հանրապետության շահի և ոչ թե ՀՀ–ի համար։

«Եթե մենք չենք ցանկանում բոշաների հոգեբանությամբ արագ փող կուտակենք, այլ ցանկանում ենք ավելի երկարաժամկետ պլանում դիրքավորվել ու տնտեսական պոտենցիալ ստեղծել, ապա հրատապ պետք է իրականացնենք հարկային բարեփոխումները»,–հավելեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի վերսկսումից հետո աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ։ Բացի դրանից, մասնագետները տեխնիկական աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող «Ալիջան» անցակետը բացելու համար:

Sputnik Արմենիա