Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԿԵՂԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱԿՑԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ՃՆՇԵԼ ԱՐՑԱԽԸ

Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելը հետապնդում է Արցախի ժողովրդին ահաբեկելու և ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանցիների կեղծ բնապահպանական հերթական ակցիան։

«Սա հերթական սադրանքն է, որը դառնում է «կյանքի նորմ»։ Տարբեր պատրվակներով ճանապարհ փակելը՝ բնապահպաններ, կանայք, երեխաներ, հեծանիվներ, սանիտարներ, խոհարարներ, դեղին բաճկոններ, տեղի է ունենալու։ Բնականաբար, այստեղ նպատակը մեկն է, բայց թիրախներն են բազմաթիվ։ Նպատակն Արցախի ժողովրդին վախեցնելն է, վաղվա օրվա հանդեպ կասկածանք ներշնչելը։ Մյուս նպատակը Ռուսաստանը և ռուսական խաղաղապահ զորակազմը վարկաբեկելն է, նրանց իմիջին հարվածելը։ Սա, միաժամանակ, մարտահրավեր է միջազգային հանրությանը, որովհետև, իհարկե, լավ է խաղաղ կարգավորման կոչ անել։ Բայց ահա իրողությունն այսպիսին է. սադրանքներ, և ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքելու։ Ինչպե՞ս է արձագանքելու։ Դրանից շատ բան է կախված։

Մեկ անգամ ևս կրկնենք. տեղի ունեցողը բնապահպանության հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Եթե ադրբեջանական կողմը բնապահպանական բնույթի ինչ-որ հարցեր ունի, դրանք կարելի է նորմալ իրադրությունում քննարկել Արցախի բնապահպանների, ռուս խաղաղապահների հետ։ Բայց այդ տիպի ակցիաները բնապահպանության հետ կապ չունեն։ Սա հոգեբանական ահաբեկչության փորձ է Արցախի ժողովրդի հանդեպ»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի գործողությունները կանխատեսելի էին. «Մենք հանկարծակիի չենք եկել։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է Ադրբեջանը»։

Ինչպես նշվել էր ավելի վաղ, ադրբեջանցի կեղծ բնապահպանները նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը և պահանջում են հանդիպում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Սա արդեն երրորդ նման ակցիան է։ Առաջինը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, նախորդը՝ անցած շաբաթ։

News.am