ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ շուտով կլուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ուղիղ բեռնափոխադրումների, ինչպես նաև հայ-թուրքական սահմանին առայժմ երրորդ երկրների քաղաքացիների համար անցակետի բացման հարցը:

ԿԱՐԾԵՍ ԹԵ ԱՐՏԱՌՈՑ ՈՉԻՆՉ ՉԿԱ, ՄԻԱՅՆ ԹԵ ԴԵԺԱՎՅՈՒԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ։ Քանզի, եթե հիշողությունս չի դավաճանում, իսկ այն կարծես թե դեռ չի դավաճանում, սա Ռուբինյանի բնավ առաջին այդօրինակ լավատեսական հայտարարությունը չէ։ Նույնպիսի լավատեսություն հատուկ ներկայացուցիչն արտահայտել է և՛ աշնանը, և՛ մի քանի ամիս առաջ, և՛ ամռանը... Եվ ահա հիմա՝ ձմռանը։

Հարցը նույնիսկ այն չէ, թե արդյոք Հայաստանը օգուտ կստանա, եթե Ռուբինյանի լավատեսությունը վերջապես իրականանա գործնականում։ Հարցն ավելի շուտ այն է, թե որքանով է արդարացված «լավատեսական սպասումների» այդպիսի պրակտիկան և այդ լավատեսությամբ մշտական կերակրումը երկրի ներսում ու նրա սահմաններից անդին։ Ի՞նչ իմաստ ունի ամեն անգամ գոհունակություն հայտնել այն գործընթացների վիճակից, որոնք, մեղմ ասած, փակուղի են մտել։

Չէ՞ որ Անկարան հայ-թուրքական սպասումների կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է բազմիցս, միանգամայն բացահայտ տեքստերով։ Դա հայտնի նախապայմանների դիրքորոշումն է, որոնցից հայ-ադրբեջանական հարաբերություններին բնավ չի վերաբերում պաշտոնական Երևանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի առաջմղումից հրաժարման պայմանը։

Այդ հարցում Երևանն արդեն ջանացել է։ Փաշինյանը խորհրդարանում հրապարակավ հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցում առաջամարտիկը միշտ եղել է Սփյուռքը։ Ասենք, առանց հրապարակային հայտարարությունների էլ՝ անզեն աչքով երևում է, թե որքան պասիվ են արտասահմանում Երևանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ցեղասպանության ճանաչման հարցում։ Անկարայում դա, իհարկե, նկատել ու գնահատել են, նրա ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խանգարում է Սփյուռքը։ Եվ գուցե հենց որպես երախտագիտություն Փաշինյանին՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման լոբբինգավորումը դադարեցնելու համար, Անկարան մեծահոգաբար համաձայնել է օդային ուղիղ բեռնափոխադրումներին և սահմանի բացմանը երրորդ երկրների քաղաքացիների համար…

Համաձայնել է, բայց կյանքի կոչել պայմանավորվածությունները չի շտապում, քանի որ առաջընթաց չկա հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Մինչդեռ այդտեղ նույնպես Անկարան հայտնի նախապայմաններ ունի։ Ինչպես դեռ ապրիլին ասել է Էրդողանը, Երևանը պետք է զինաթափի Արցախն ու ընդունի խաղաղության պայմանագրի ադրբեջանական պայմանները…

Բայց հայ-ադրբեջանական բանակցություններն այսօր որոշակիորեն լճացել են. Իլհամ Ալիևը դեռ չի կողմնորոշվել, թե պետք է արդյոք զիջումներ անել Երևանին և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը բերել միջազգային հանրության համար առավել ընդունելի բանաձևերի ու սխեմաների, թե՞ արժե շարունակել իր խնդիրների ուժային լուծման ուղին, ընդհուպ մինչև նոր ահագնացման հրահրում։

Ալիևը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ ճանապարհով շարժվի, սահմանափակվում է Ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ ուղղված արտառոց արարքներով, փորձարկում նրա դիրքերի ամրությունը։ Դրա համար էլ Անկարան չի շտապում. Էրդողանը չի ուզում նեղացնել Ալիևին։

Բնավ փաստ չէ, թե Հայաստանը օգուտ կստանա Թուրքիայի հետ օդային ուղիղ բեռնափոխադրումներից, Բայց Անկարան չի ուզում Երևանին տրամադրել նաև զուտ խորհրդանշական շահաբաժիններ. թող Երևանը պատրանքներ չունենա, թե կարող է դուրս բերել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապակցումից: Իսկ եթե Անկարան այնուամենայնիվ գնա դեռևս ամռանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, դա կնշանակի, որ Ալիևը նույնպես որոշել է փոքր-ինչ ավելի կառուցողական դիրքորոշում ցուցաբերել Երևանի հետ բանակցություններում, ձգտելով ավելորդ խնդիրներ չստեղծել իր համար միջազգային ասպարեզում։