ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱՆ ԱԶԴԵՑԻԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԻ ՀՀԿ-ԻՑ ԵՎ ՀՅԴ-ԻՑ

«Կոտրած գրոշ անգամ չարժե այն քննադատությունը, որը չի առաջարկում ելքի ուղիներ...»

«Փաշինյանի հակապետական ռեժիմը տապալելու համար, բացի ազգային ուժերի և հասարակության համախմբումից, անհրաժեշտ է վարչապետի թեկնածու, հակաճգնաժամային թիմ և ծրագրեր, առաջին հերթին՝ կոնկրետ հայեցակարգեր անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում»,- հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, «քանի դեռ մենք մտածում ենք, թե «Նիկոլ, հեռացի՛ր» ու «Նիկոլ դավաճա՛ն» գոռալով կարելի է հասնել ռեժիմի հրաժարականին, իբր՝ միևնույնն է, թե ով կլինի, միայն ոչ Նիկոլը, ոչինչ չի ստացվի»։ Արդեն չի ստացվել։ Շարմազանովն ընդգծեց, որ «կոտրած գրոշ անգամ չարժե այն քննադատությունը, որն իրավիճակից ելքի ուղիներ չի առաջարկում»:

Եթե որպես պարտադիր պայման շոշափվում է վարչապետի թեկնածությունը, ապա համարձակվեմ հիշեցնել, որ նման թեկնածություն արդեն եղել է 17 կուսակցությունների ձևաչափում։ «Հայրենիքի փրկության շարժումը» ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում առաջարկեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Շարմազանովը, դատելով ամենից, նկատի ունի վարչապետի այնպիսի թեկնածություն, որը կկապակցվի միասնական ընդդիմության առաջնորդի կերպարի հետ։ Ավաղ, այդպիսի առաջնորդ այսօր չի երևում։

Ռեժիմի տապալման սցենարը, ըստ որի՝ ավանգարդի դերում պիտի հանդես գար խորհրդարանական ընդդիմությունը, իրեն չարդարացրեց, խորհրդարանից հեռացավ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, խաթարվեց համագործակցությունը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև։ Ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը դե ֆակտո ներկայացնում է ՀՅԴ-ն։ Խորհրդարանական ընդդիմությունը վերածվել է քոթակի տղեկի, իսկ Հայկ Գրիգորյանի թեկնածության շուրջ քվեարկությունից հետո քոթակը վերածվել է հրապարակային խարազանման։ Եթե պատգամավոր Աննա Մկրտչյանը աղմուկ չբարձրացներ, ոչ ոք չէր իմանա, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը քվեարկությամբ պաշտպանել է Գրիգորյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։

Սկզբում Մկրտչյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, այդ հայտարարությունն անմիջապես հերքեցին, հետո հայտարարեց, որ անձամբ չի քվեարկել Գրիգորյանի օգտին։ «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությանը մեղադրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ միաձայն քվեարկելու մեջ, քանի որ խոսքը երրորդ նախագահի նշանակյալի մասին էր։ Ըստ երևույթին, խորհրդարանական ընդդիմության վրա ցեխ շպրտելու սովորությունը հաստատապես մտել է քաղաքական առօրյայի մեջ։ Թերթերը լեփ-լեցուն են «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերջնականապես ոտնատակ տվեց իր պատիվը» և այդ կարգի այլևայլ վերնագրերով։

«Հայաստան» խմբակցությանը մեղադրում են ռեժիմի հետ սեպարատ հարաբերությունների մեջ:

Խորհրդարանական ընդդիմությունը չարդարացրեց ընդդիմադիր տրամադրված հասարակության հույսերը և չկատարեց իր խոստումները: Այդ հանգամանքը, որպես կանոն, մատնանշում են՝ շրջանցելով այն անձանց երկար ցուցակի հիշատակումը, որոնք դուրս են մնացել ընդդիմադիր պահունակից 2021 թվականի ընտրություններից հետո։

Օրինակ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ռեժիմի անողոք քննադատ Գևորգ Պետրոսյանը պայքարից դուրս մնաց առողջական խնդիրների պատճառով, մյուսներն ընդհատակ անցան և դադարեցին կյանքի նշաններ ցույց տալ։ Նախկին պատգամավոր և ԲՀԿ ղեկավար մարմնի նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանն օրերս վրդովմունքով հայտարարեց, թե իբր՝ նախորդ 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմությունը պակաս արմատական համարեց իրեն, ուստի վայր դրեց մանդատները, որպեսզի արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնի «ավելի վճռական ընդդիմություն»։

Չգիտեմ, թե ինչով է առաջնորդվել անձամբ Զոհրաբյանը, բայց ԲՀԿ-ն մանդատները վայր դրեց արտահերթ ընտրությունների հարցում Նիկոլի հետ Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի գործարքի պատճառով։ Այդ գործարքի արդյունքներով Ծառուկյանը փողոցից հետ կանչեց իր կողմնակիցներին և դրանով իսկ սաստիկ նոսրացրեց Մանուկյանի գլխավորած «Հայրենիքի փրկության շարժման» շարքերը։

Մեկնաբանելով պատգամավորական մանդատից Ռ.Մելքոնյանի հրաժարումը, Զոհրաբյանը հայտարարեց. «Դե ֆակտո գործում է ոչ թե խորհրդարան, այլ կրկես։ Որևէ արժանապատիվ գործիչ, որը մտածում է իր քաղաքական ապագայի և բարոյական կերպարի մասին, ուղղակի չի կարող լինել այս խորհրդարանում»։ Այս կարծիքին են շատերը, ավելի ճիշտ՝ շատերն են շտապում ցեխ շպրտել խորհրդարանական ընդդիմության վրա, փոխարենը չառաջարկելով կոնկրետ քայլեր, բացի նոր ձևաչափի մասին արդեն ձանձրացած հիշատակումից։ Թե ինչ է դա դա ներկայացնում իրենից, ոչ ոք չի հստակեցնում, բայց բոլորը միաբերան ասում են, որ երկրում մեծ թվով քաղաքացիներ կան, որոնք գոհ չեն ռեժիմի քաղաքականությունից։ Հետևաբար՝ խնդիրն ընդդիմությո՞ւնն է, որն ի վիճակի չէ մեկտեղել այդ դժգոհությունը։

«Մենք իրենց մանդատ ենք տվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար: Չի ստացվել, չեն ցանկացել և չեն կարողացել դա անել»,- ընդգծեց Զոհրաբյանը։ Ակնարկներն այն առնչությամբ, թե խորհրդարան վերադառնալուց հետո ընդդիմության (մասնավորապես՝ «Հայաստան» խմբակցության) պահվածքը միտք է հուշում իշխող կուսակցության հետ սեպարատ պայմանավորվածությունների մասին, այսօր հնչում են ամեն կողմից։ Առանձնակի կասկած առաջացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համաձայնությունը՝ մասնակցելու «Հայաստան» խմբակցության հրավիրած արտահերթ նիստին, սակայն իշխանությունն ու ընդդիմությունը այդպես էլ համաձայնության չեկան հայտարարության տեքստի վերաբերյալ։ Չնայած դրան, «Հայաստան» խմբակցությանը մեղադրեցին ռեժիմի հետ սեպարատ կապեր ունենալու մեջ, իսկ խորհրդարանից «Վերածնվող Հայաստան» կուսակցության հեռանալը վերագրեցին դրա առաջնորդ Վ.Հակոբյանի ցանկությանը՝ պահպանելու իր ունեցվածքը իշխանությունների ոտնձգություններից։

Դատարկ տեղին տեր կգտնվի

Ռեժիմի առաջին դեմքերն էլ իրենց տարօրինակ են պահում. մերթ հայտարարեցին, թե գլխավոր դատախազը խորհրդարան է գալու՝ մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար, հետո սկսեցին ընդդիմադիր խմբակցության հետ քննարկել համատեղ հայտարարության տեքստը, որն այդպես էլ չդարձավ համատեղ։

Բարիկադների երկու կողմերում գտնվող խորհրդարանական ուժերը վերջին շրջանում շատ առիթներ են տալիս ամեն տեսակի կասկածների համար։ Շատերն են խոսում ստեղծված իրավիճակից ելքի ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին՝ իրական ընդդիմության ուժերով, սակայն մտավախություններ կան, որ եթե իրական ընդդիմությունը (խորհրդարանական և արտախորհրդարանական) հավաքվի լուծումների համատեղ որոնման համար, ապա բանը կավարտվի խորհրդարանական խմբակցություններին ուղղված քննադատությամբ։

Անցնող քաղաքական տարվա վերջում ռեժիմին հաջողվեց պառակտում մտցնել իրական ընդդիմության շարքերում։ Հարկ չկա թաքցնել այն հանգամանքը, որ դրա առանձին ներկայացուցիչներ գործարք են կնքել ռեժիմի հետ։ « Պատերի տակ, սրճաններում նիկոլականների հետ հանդիպող սուտի ընդդիմադիրներին մի բան ասեմ՝ դուք մեր մասին սուտ ու հեգնանքով քիչ խոսեք, թե չէ ձեր ու ձեր «պապաների» մասին ճիշտը կասվի, այ հոգնածներ»,- օրերս սպառնաց Շարմազանովը։

Ընդդիմադիր թևում այլ ազդեցիկ քաղաքական կուսակցություններ չկան, բացի ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից։ Երրորդ ուժ գոյություն ունի միայն ասեկոսեների մակարդակով, զանգվածներին իրենց հետևից տանելու ընդունակ միայնակ առաջնորդներ նույնպես չկան, չկա փոքրիշատե ազդեցիկ և կազմակերպված ընդդիմադիր հասարակական մասնահատված։ Փոխարենը կան Փաշինյանի կողմից հովանավորվող արտախորհրդարանական ռուսատյաց կոալիցիայի կուսակցությունները, որոնք ամեն օր հայտնվում են փաշինյանական հեռուստաալիքների եթերում, ներշնչելով «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին», թե իրենք իսկական ընդդիմություն են։

Դե ինչ, դատարկ տեղին տեր կգտնվի, իսկ 2023-ին իրական ընդդիմությունը կոնկրետ հնարավորություն ունի ռեժիմից հետ նվաճելու Երևանը, եթե, իհարկե, նրան հաջողվի համախմբվել և մեկ նպատակի շուրջ համախմբել երևանցիներին