ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ MI6-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ

Դեկտեմբերի 16-ին կառավարության մամուլի ծառայությունը հաղորդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրին:

Դիվանագիտական և հետախուզական հարուստ փորձ ունեցող Մուրը տարբեր տարիներին աշխատել է Թուրքիայում: Մեդիամաքսը որոշ դրվագներ է ներկայացնում Ռիչարդ Մուրի կենսագրությունից:

Լիբիայում ծնվածը և Մոսկվայում մեծացածը

2020 թվականի հոկտեմբերի 1-ից Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռիչարդ Մուրը ծնվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ նրա հայրը դիվանագետ էր:

2019 թվականի դեկտեմբերին, երբ Մուրը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենն էր, նա լուսանկար էր հրապարակել Մոսկվայից և գրել.

«Հրաշալի էր 1968 թվականից հետո առաջին անգամ վերադառնալ Մոսկվա: Փոքր տղա էի, երբ ապրում էի այստեղ: Կյանքիս առաջին հիշողությունները Ռուսաստանից են»:

Մուրը Մոսկվա էր ժամանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով:

«Բեշիկթաշ»-ի երկրպագուն

Ռիչարդ Մուրը Թուրքիայում աշխատել է 1990 թվականին, ինչպես նաև 1991-ից 1992-ը:

2014 թվականին նա նշանակվեց Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան և այդ պաշտոնին մնաց մինչև 2017-ը:

Ռիչարդ Մուրը Ստամբուլի «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է: Երբ 2016 թվականին ակումբը 14 տարվա դադարից հետո նվաճեց Թուրքիայի չեմպիոնի կոչումը, Մուրն Անկարայի իր նստավայրում կախեց «Բեշիկթաշ»-ի դրոշը: Նա գրառում արեց թվիթերում և կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ ինքը Թուրքիայում աշխատել է 6 տարի, որոնցից 4-ի ընթացքում «Բեշիկթաշ»-ը չեմպիոն է դարձել: «Արդյո՞ք սա սոսկ զուգադիպություն է», - գրել էր նա թուրքերեն:

Մուրը չի դադարել թուրքերեն թվիթեր գրել անգամ MI6-ի ղեկավար դառնալուց հետո: Այս տարի նա առնվազն երկու թուրքերեն թվիթ է հրապարակել. հոկտեմբերի 29-ին «Սիրելի Թուրքիային» շնորհավորել էր Հանրապետության օրվա առիթով, իսկ նոյեմբերի 19-ին ցավակցել էր Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Էրդողանի աջակիցը

2016 թվականի ամռանը, Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո, Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը հարցազրույցներից մեկում փաստացի կրկնեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումն այն մասին, որ հեղաշրջման նախաձեռնողը ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի նախագահի քաղաքական հակառակորդ Ֆեթուլահ Գյուլենն է.

«Կարծում եմ, ավելի հստակ տեղեկություն կունենանք, երբ իրավական գործընթացը սկսվի: Բայց ես որևէ դժվարություն չունեմ ընդունելու այն, ինչ ասում է կառավարությունը. գյուլենականները ներգրավված են եղել այս հեղաշրջման մեջ»:

2017 թվականի մարտին Լոնդոնում հինգ մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Էրդողանի խորհրդական Բուրհան Կուզուն գրել էր.

«Ահաբեկչական հարձակում Անգլիայում: Ահաբեկիչներն ասում են Եվրոպային. Մեծ Բրիտանիան քո ամենաապահով վա՞յրն է: Ես կհարվածեմ քո ամենաապահով տեղին»:

Մուրն արձագանքել էր թվիթերում. «Չե՞ս դատապարտում: Համերաշխություն չե՞ս հայտնում: Ամո՛թ: Արդյո՞ք համաձայն չես նախագահ Էրդողանի, վարչապետ Յըլդըրիմի հայտարարությունների հետ»:

Հետպատերազմական հանդիպումը

2020 թվականի նոյեմբերի 11-ին, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ռիչարդ Մուրը ժամանել էր Անկարա և հանդիպել Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրանք քննարկել էին «վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում»:

Արա Թադեվոսյան, Մեդիամաքս