ԳՈՒՐՈՒՆ ԵՎ ՆՐԱ ԱՆՊԵՏՔ ՍԱՆԵՐԸ

Օրերս «Չորրորդ իշխանություն» թերթը հաղորդագրություն էր հրապարակել ԿԳՄՍՆ արդեն նախկին ղեկավար Վահրամ Դումանյանի հրաժարականի մասին՝ համեմելով դա հեգնական դիտողությամբ, թե իբր՝ հրաժարականի դիմումը միակ լավ բանն է, որ նախարարի պաշտոնում արել է սույն պաշտոնյան։ Այդպիսով պարբերականը հակիրճ արտահայտեց իր դիրքորոշումը Փաշինյանի կողմից վստահված պատասխանատու պաշտոնում պարոն Դումանյանի կատարած աշխատանքի որակի և իրականացրած բարեփոխումների նկատմամբ։

Հոգ չէր լինի, եթե չիմանայինք, թե ով է Վահրամ Դումանյանը և ինչ է իրենից ներկայացնում «ՉԻ» թերթը։ Նախկին նախարարի ձախողված գործունեության մասին հիմա չեն խոսում թերևս միայն նորածինները, թեև նրան աշխատանքից հեռացրել են բոլորովին այլ պատճառներով։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ և՛ Դումանյանը, և՛ նրան, մեղմ ասած, անարդյունավետ աշխատանքի մեջ մեղադրող թերթը պատկանում են գաղափարական-քաղաքական նույն միջավայրին, որը ձևավորվել է Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի «պատմական հանճարի» հովանու ներքո։

Ավելի պարզ ասած, թե՛ «Չորրորդ իշխանության» խմբագրությունը, թե՛ ԿԳՄՍ նախկին նախարարն իրենց գաղափարական մոտեցումների, քաղաքական նախասիրությունների և ազգային-բարոյական կողմնորոշումների համատեքստում պատկանում են այսպես կոչված լևոնականների կոհորտային, որոնք, ճիշտ ինչպես չեկիստները, նախկին չեն լինում։ Տվյալ հասկացությունը մեր ամենքիս իրականության մեջ բնավ պարզապես քաղաքական գունավորում չէ, այլ աղանդավորության պես մի բան՝ դրա հետևորդների ուղեղում ամուր արմատավորված մտածելակերպով և նրանց սրտերում երկաթե մամլիչով կաղապարված համոզմունքներով. ճիշտ այնպիսի, որոնց դեմ միջնադարում պայքարում էին խարույկների օգնությամբ։

Իհարկե, Աստված մեզ զերծ պահի նման պրակտիկայից: Եվ այս համեմատությունը կատարեցինք միայն որպեսզի ընդգծենք, թե ինչպես են մինչ ի մահ հավատարիմ մնում լևոնականներն իրենց հայացքներին ու իրենց աղանդին։ Այդ իսկ պատճառով անչափ զարմանալի է, երբ լևոնականներից ոմանք պախարակում են մյուսներին։ Չէ, իհարկե, ոչ ոք իրավունք չունի քննադատել առաջին նախագահի թիմակիցներին այն բանի համար, որ նրանք քննադատում են իրենց համախոհներին պետական մարմիններում վատ աշխատանքի համար։ Բայց երբ դա տեղի է ունենում սիստեմատիկ կերպով և նույնիսկ տարերայնորեն, և երբ ընդ որում ի ցույց է դրվում որոշ լևոնականների իբր բացարձակ անհարաբերակցումը մյուսների հետ, դա արդեն շատ նման է բացահայտ քաղաքական արկածախնդրության։

Հարց է առաջանում, պարոնայք լևոնականներ, չե՞ք ձանձրացել արդյոք ձեզ հիմարի տեղ դնելուց՝ ձեր սիրելի «ժողջանի» (այս բառը հենց տերպետրոսյանական ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի ժարգոնից է) առջև ձևացնելով, թե դուք և ձեր գաղափարական-քաղաքական կուռքը ոչ մի կապ չունեք նիկոլական իշխանության կազմում ընդգրկված փնթիների հետ, որոնք գուցե անփութորեն, գուցե բթամտորեն, իսկ գուցեև չար դիտավորությամբ փլուզում ու ոչնչացնում են պետական կառավարման կարևորագույն ոլորտները։ Իսկ գուցե ձեզ թվում է, թե բոլորը մոռացե՞լ են, որ պարոն Դումանյանն ու նրա նմաններն իրենց ողջ էությամբ, անցած ճանապարհով ու գործելաոճով սերում են ՀՀՇ-ական նոմենկլատուրայից։

Ասենք, արժե ընդլայնել «կասկածյալների» շրջանակը՝ ավելի համոզիչ լինելու համար: Մի՞թե ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Դումանյանի տխրահռչակ նախորդը՝ Արայիկ Հարությունյանը, որին դուք նույնպես, վրդովված քաղաքացիների օրինակով, սկսեցիք անվանել «դդում»՝ ձախողած բարեփոխումների համար, ոչ մի կապ չունի ձեզ հետ։ Եվ մի՞թե ձեր շարքերից չէ ՀՀ իրավական համակարգում առանցքային պաշտոնների խցկած գանգստերական վարքուբարքով դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որից դուք բոլորդ գլխապատառ հեռու էիք փախչում գաղտնալսման սկանդալից հետո, ինչպես չարքերը՝ տերտերից։

Թե՞ այդ դուք չէիք, որ գուրգուրեցիք ու գեներալական ուսադիրներով օժտեցիք «ռեստորանային կտրիճ» ու ՀՀՇ-ական սնածու Վաղարշակ Հարությունյանին, որն իրականում փալաս դուրս եկավ։ Մի՞թե ձեր իսկ առաջին շարքերից չէ, որ նախարարական, իսկ հետո նաև նախագահական աթոռին ցատկեց դաշնամուրային սյուիտների սիրահար Վահագն Խաչատուրյանը, որին այնուհետ ձեր գուրուն անվանեց նավից փախած առնետ։

Վերջապես, մի՞թե անձամբ Տեր-Պետրոսյանը չի երկնել նախրապետ Փաշինյանի քաղաքական կարիերան, ձևավորել նրա աշխարհայացքն ըստ իր գաղափարական ուսմունքի, պայքարի զինել ընդդեմ «նախկինների թաթար-մոնղոլական լծի» և օրհնել վարչապետի պաշտոնում, որպեսզի հետո երեսպաշտորեն անվանի «ազգակործան պատուհաս, որին հայ ժողովուրդը երբեք չի ներելու»։

Եվ սրանք լոկ հատուկենտ անուններ են իշխանության մեջ ձեր ներդրած տասնյակ թիմակիցներից, որոնք, իբր, ոչ մի կապ չունեն լևոնականության հետ։ Իսկ իշխանության մեջ գտնվող ձեր այդօրինակ դրածոներից դեռ քանիսի՞ն է սպասում իրենց իսկ յուրայինների կողմից անվանարկվելու և ազգային խայտառակության պիտակներով պատվելու հեռանկարը։ Արսեն Թորոսյան, Հակոբ Արշակյան, Գագիկ Մելքոնյան, Հովհաննես Իգիթյան, Անդրանիկ Քոչարյան, Վիգեն Խաչատրյան... Չէ՞ որ սա խայտառակված անունների մի ամբողջ բազմություն է, որոնց խարազանելով, «խելքի առատությունից աչքը ճտած» ու մշտական մուշտուկը ձեռքին գուրուն քաղաքական միավորներ կկորզի վերջնականապես դեբիլացված «ժողջանից»՝ հօգուտ սեփական սիրելի անձի «անբասիր» հեղինակության։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրանք բոլորը մեծ քաղաքականություն են մտնում լևոնական «մսուրից», իսկ ամեն ինչ ձախողելով՝ հանկարծ դառնում «վատ տղերք՝ ուրիշ թաղից»։ Մինչդեռ ժամանակին Լևոն Հակոբիչը համոզում էր, թե իշխանավարող «թաթար-մոնղոլներից» ավելի վատթար ոչ ոք և ոչինչ չկա ... Այնպես որ, գուցե արժե՞ արդեն խոստովանել, որ ձեր սաները շատ ավելի վատթար գտնվեցին, թե՞ շարունակելու եք երեսպաշտորեն միամիտ ձևանալ։