ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇՈՈՒ՝ «ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ ՔՈՒՉԻԿԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ

Խուժանը գահին նստած էլ մնում է խուժան

Այնքան վճռականորեն «մերժեց Սերժին», որ 2018-ի մայիսի 8-ից անմիջապես հետո զբաղեցրեց նրա ծառայողական աշխատասենյակը կառավարության շենքում, ընտանյոք հանդերձ տեղնուտեղը տեղափոխվեց նրա կառավարական առանձնատուն, իր ձեռքում կենտրոնացրեց սուպերվարչապետի բոլոր լիազորությունները և վրան քաշեց «Սերժի հագով կարած» Սահմանադրությունը։ 4,5 տարի շարունակ բոլոր մակարդակներում կառավարման մեջ մշտապես ներգրավում էր երրորդ նախագահի կուսակցության նշանակածներին, իսկ ի լրումն ամենի՝ որոշեց տեղափոխել ՔՊ-ի գրասենյակը հանրապետականների գրասենյակի հարևանությամբ գտնվող շենք։

2023-ին Նիկոլը շարունակելու է ինքնահաստատումը՝ օգտագործելով ՀՀԿ առաջնորդի իմիջը, քանզի մերժյալ քաղաքական գործիչը առաջվա պես մնում է քաղաքական գործիչ, իսկ խուժանը գահին նստած էլ մնում է խուժան։ Քաղաքական գործիչը Երրորդ հանրապետության արշալույսին գլխավորել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեն, Իսկ Նիկոլը՝ խուսափել բանակային ծառայությունից... 2018-ին քաղաքականացված հանրությունը ռեժիմի պարագլխի փոխարեն որպես գլխավոր այլընտրանք դիտարկում էր երկրորդ նախագահին, այդ իսկ պատճառով Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի կալանավորի (մի քանի անգամ) Ռոբերտ Քոչարյանին, մարտի 1-ի գործով ցուցմունքներ կորզի նրա դեմ գեներալներ Յուրի Խաչատուրովից, լուսահոգի Մանվել Գրիգորյանից և Հայկ Հարությունյանից։ Քոչարյանի դեմ ցուցմունքներ փորձեցին պոկել նաև գործարար Սամվել Մայրապետյանից։ Արդյունքում ռեժիմի պարագլուխը չկատարեց իր խոստումը և չնշեց 2008թ. մարտի 1-ին 10 քաղաքացի սպանած մարդկանց անունները։

Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ դատավարությունը՝ կաշառք ստանալու մեղադրանքով, շարունակվեց նաև 2022 թվականին: Միակ վկայի դերում հանդես էր գալիս տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը, բայց դա արդեն հումորի կատեգորիայից է...

Չկարողանալով հիմնավորել գյուղացիական տնտեսություններին վառելիքի բաշխման մրցույթի հետ կապված մեղադրանքը՝ վարչախմբի պարագլուխը որոշել է 2023 թվականին երրորդ նախագահի դեմ խաղարկել ապօրինի հարստացման մեղադրանքով խաղաքարտը։ Երրորդ նախագահի և նրա դուստրերի ունեցվածքի վրա կալանք է դրված։ Կարելի է կարծել, թե արտասահմանյան մակնիշի գերթանկարժեք ավտոմեքենան, որ 2018-ից վարում է Նիկոլի ավագ դուստրը, գնվել է իր ծնողների «օրինական հարստացման» արդյունքում...

Փաշինյանը սրընթաց կորցնում է ժողովրդականությունը, ուստի աղմկալի շոուի խիստ կարիք ունի։ Նա հիշում է, թե ինչ հետաքրքրությամբ էր հասարակությունը հետևում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց դատավարությանը։ Նիկոլը պետք է շեղի հասարակության ուշադրությունը Արցախի շրջափակումից և Հայաստանի ավելի քան 140 քառ.կմ տարածքի բռնազավթումից։ Ալիևի ու Էրդողանի հետ «խաղաղ համաձայնագրերի» ստորագրման նախապատրաստման հետ կապված վերջին իրադարձությունները սրել են ռեժիմի ղեկավարի թերարժեքության բարդույթը։ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ բարդույթը ստիպեց նրան գաղտնի հրաման տալ «Լելե Թեփեն» գրոհելու մասին, ինչի ընթացքում զոհվեց մոտ 800 հայ զինվոր, իսկ բարձունքը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ մնաց ընդամենը մեկ-երկու ժամ։

Նիկոլն ուզում էր ցույց տալ, թե իբր՝ Սերժը չկարողացավ, իսկ իր մոտ ստացվեց։ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ երրորդ նախագահն իր առջև նման նպատակ չի դրել՝ գիտակցելով գագաթի ռազմավարական չնչին նշանակությունը և այն, որ դրա գրոհը մարդկային մեծ կորուստներ կբերի։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց Նիկոլը մի խումբ համախոհների հետ խրամատներ էր փորում նախկին առաջնագծից պատկառելի հեռավորության վրա, որից հետո պարոնայք իրենց վերագրեցին մասնակցություն Քառօրյա պատերազմին…

ՀՀԿ-ի վարկանիշը վստահորեն վեր է սլանում

Նոր շոուի նախերգանքը դարձան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ներկայացված մեղադրանքները, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավարության ամենատարեց անդամ, լուսահոգի Գալուստ Սահակյանի երկու որդիների և հարսի հետապնդումը, փորեցին հասան նույնիսկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի («Քեթրինի Միհրան») վարորդին ու թիկնապահին։ Այլ կերպ ասած, Նիկոլը խաչակրաց արշավանք է սկսել ոչ միայն առաջնորդի, այլև կուսակցության դեմ, և դրա համար նա հիմնավոր պատճառներ ունի։

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՀՀԿ-ն ռեժիմին ընդդիմություն դարձավ վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու հաջորդ իսկ օրը։ 4,5 տարվա ընթացքում անհաշտ ընդդիմության ճամբարը բռնաճնշումների արդյունքում լքել են կուսակցական և հասարակական բազմաթիվ գործիչներ, ոմանք (ինքնապահպանման զգացումից ելնելով) չափավոր քննադատության դիրքեր են զբաղեցրել, և միայն ՀՀԿ-ն չի դավաճանել իր սկզբունքներին։ Այսօր ՀՀԿ-ի վարկանիշը վստահորեն վեր է սլանում։ Զանգվածները նրա մեջ են տեսնում դիմադրության հուսալի պատվարը՝ գիտակցելով, որ այդ կուսակցությունը երբեք գործարք չի կնքի ռեժիմի հետ։

Անցած տարեվերջին ՀՀԿ առաջնորդը հանդես եկավ «21-րդ դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» խորագրով միջազգային միջկուսակցական տեսախորհրդաժողովում՝ կոշտ քննադատության ենթարկելով իշխող ռեժիմին։ « Հայաստանը դարձել է երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել անգրագետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները: Բանակն ու դիվանագիտական կորպուսը, որ երեք տարվա ընթացքում այս ամբոխավար ռեժիմի կողմից կազմաքանդվեցին, չկարողացան դիմակայել ադրբեջանական ագրեսիային: Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ սա ոչ թե մեր ժողովրդի պարտությունն է, այլ հանցավոր ու անպատասխանատու դեմագոգների»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել այս ներկայացուցչական համաժողովի բոլոր մասնակիցների առջև, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա տարածաշրջանային ինքնիշխան դերակատար և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից»,- ընդգծեց ՀՀԿ ղեկավարը:

Ռեժիմի պարագլխի շրջապատը սիրում է վկայակոչել երրորդ նախագահի փորձը՝ դատողություններ անելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Ընդ որում պարոնայք ակնհայտորեն շփոթում են Աստծո շնորհը ձվածեղի հետ: Հիշո՞ւմ եք, թե ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ էին կանգնած Էդվարդ Նալբանդյանի թիկունքում՝ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս։ Դա լուրջ ու մեծ քաղաքականության ակտ էր։ Թուրքիային չհաջողվեց երրորդ նախագահին պարտադրել իր պայմանները, այդ իսկ պատճառով «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները մնացին լոկ թղթի վրա։

Սարգսյանը մերժեց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու նախապայմանը, իսկ Փաշինյանը «բարեփոխում» է Սահմանադրությունը, որպեսզի նախաբանից բացառի հղումն Անկախության հռչակագրին։ Ռեժիմի պարագլուխն ու իր շրջապատը չեն խոսում Ցեղասպանության մասին, կապիտուլյացիայի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Նիկոլը ոչ մի անգամ չի եղել Արցախում։ Սարգսյանին հաճախ էին կշտամբում այն բանի համար, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին, եվրոպական կառույցների հետ երկարատև բանակցություններից հետո, նա հայտարարեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման մասին։ 2016-ի Քառօրյա պատերազմում հաղթելուց հետո կշտամբանքները նվազեցին։

Այդ պատերազմի արդյունքներով, հիշեցնեմ, Ալիևը խնդրել էր Պուտինին դադարեցնել հայկական զինված ուժերի հաղթական հակահարձակումը։ Փաշինյանը եռանդագին փորձում էր վարկաբեկել այդ հաղթանակը, սակայն դա նրան չհաջողվեց։ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հանձնաժողովը հերքեց Նիկոլի թերթի կողմից տիրաժավորվող այն հերյուրանքները, թե հայ զինվորները կռվել են փայտերով, սովից խոտ կերել և զինտեխնիկայի բաքերը ջրով լցրել՝ վառելիքի բացակայության պատճառով։ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո փոշոտվում է դարակին նետված:

Ի տարբերություն Նիկոլի՝ Սարգսյանը երբեք գործարքի մեջ չի մտել Ալիևի հետ, բանակցություններ չի վարել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սխեմայով, առաջնահերթ խնդիրը եղել է Արցախի Հանրապետության կարգավիճակը։ Նայելով, թե ինչ արագությամբ է հարստանում Փաշինյանի շրջապատը, քաղաքականացված հանրությունն իրեն լիովին հաշիվ է տալիս, որ Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը քաղաքական հետապնդման ակտ է։ Փաշինյանը շոու է նախաձեռնել՝ «ինքնահաստատում քուչիկի սկզբունքով» անվանումով։ Հիշո՞ւմ եք, թե ում վրա էր հաչելով հարձակվում Կռիլովի առակի շնիկը... Իսկ բացի այդ, ռեժիմի պարագլուխը ձգտում է ամեն գնով վարկաբեկել այն կուսակցությանը, որը ժողովրդի կողմից ընկալվում է որպես ազգային շահերի դավաճանությանը դիմադրելու միակ հուսալի պատվար։