Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն կներկայացվի դատարան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը կդիմի դատարան` Տոնոյանի խափանման միջոց կալանքը փոխելու նպատակով: Նման հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը։
«Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռնվեց 3 դատական նիստերի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները։ Մասնավորապես՝ հիմնավորել հրթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն ու օրինականությունը, մեղադրվող պաշտոնյաների՝ իրենց լիազորությունների սահմաններում կատարված գործողությունների իրավաչափությունը, հրթիռների տեխնիկական նորմերին, պահանջներին և պահպանման ժամկետներին համապատասխանությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Պաշտպանական թիմին հաջողվել է ներկայացնել նաև նախաքննության ընթացքում կատարված ապօրինությունները, անճշտությունները և ուղղորդված շտապողականության փաստերը: Ուստի, հենց այս ամենը հաշվի առնելով էլ Տոնոյանի պաշտպանները կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնեն դատարան։
Sputnik Արմենիա