Պարենամթերք, էներգետիկա և ոչ միայն. Միշուստինը` ԵԱՏՄ-ում առաջնահերթությունների մասին

ԵԱՏՄ-ի պարենային և էներգետիկ անվտանգության միավորումը Ռուսաստանի նախագահության առաջնահերթ ուղղություններից մեկն է։ Այս մասին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Վարչապետն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն այսօր ունեն հզոր ագրոարդյունաբերական բազա, որն ի վիճակի է ոչ միայն երաշխավորել ինքնուրույնությունը, այլև զգալի ծավալներով պարենամթերք արտահանել։

«Այս առավելությունները կարող են և պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն: Այստեղ «Եվրասիական ագրոպրեսը» իրեն լավ է դրսևորել։ Արտասահմանյան մատակարարումների ընդհանուր ծավալը գերազանցել է 500 հազար տոննան, ինչն ավելին է, քան նախնական պլանները։ Ձևավորվել է մասնագիտացված սառնարանային բեռնարկղերի բազմաքանակ պարկ, գնացքները մեկնում են ամեն օր», - նշել է Միշուստինը։

Հաշվի առնելով արտասահման պարենամթերքի մատակարարումների ավելացման անհրաժեշտությունը՝ ԵԱՏՄ-ն աջակցում է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծին, որը կամրապնդի առևտրային համագործակցությունը Հնդկաստանի, Իրանի, ԱՄԷ-ի և այլ երկրների հետ։ Միջոցներ են ձեռնարկվում նաև չինական ուղղությամբ արդյունավետ լոգիստիկա կառուցելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա ՌԴ վարչապետն ասել է, որ Մոսկվան անհրաժեշտ է համարում շարունակել ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը՝ միաժամանակ խթանելով կլիմայական «կանաչ» օրակարգը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու առաջադեմ տեխնոլոգիաներ ունի, պատրաստ է փորձը փոխանակել գործընկերների հետ և օգնել նրանց։

Նա նաև հայտարարել է, որ եվրասիական «հնգյակի» երկրները բախվում են կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին։ Ուստի շատ կարևոր է միավորել ջանքերը և ներդաշնակեցնել մոտեցումները կլիմայական նախագծերի կարգավորման և ֆինանսավորման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն ներառում է Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա