ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Համաշխարհային ահագնացումը շարունակվում է։ Պատերազմ Ուկրաինայում։ Արցախի շրջափակում։ Ամերիկացիները խոցում են չինական օդապարիկը։ Թեհրանից իր դեսպանատան տարհանումից հետո Ադրբեջանը հայտարարում է նաև առաջիկա օրերին, եթե ոչ այսօր, Թավրիզից հյուպատոսությունը տարհանելու մտադրության մասին։

ԺՆԵվՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՇՈՒՐՋ... Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը գրում է. «Նոր ամպ է գոյանում Հարավային Կովկասի վերևում։ Արևմուտքը, Ռուսաստանի հետ առճակատման տենդով բռնված, փաստացի սառեցնում է բանակցությունների օգտակար ձևաչափը «Հարավային Կովկասի անվտանգության շուրջ Ժնևյան քննարկումների» շրջանակներում (Աբխազիա, Հարավային Օսիա, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿև Եվրամիության մասնակցությամբ)... Հավանաբար, հարաբերական կանխատեսելիությունն այլևս չի տեղավորվում Վաշինգտոնի ծրագրերում։ Դե ինչ, հիմա պետք է տառապեն ու անհանգստանան Հարավային Կովկասի հետ մեր ընդհանուր տարածաշրջանի ժողովուրդները։ Մենք պետք է նկատի առնենք դա և պատրաստվենք»։

Իհարկե, մեզ առաջին հերթին վերաբերում է իրան-ադրբեջանական հերթական սրացումը։ Իրանցի տղամարդու հարձակումն Ադրբեջանի դեսպանատան վրա լոկ առիթ է։ Եվ ակնհայտորեն ոչ այնպիսի, որ դադարեցնեն նախ դեսպանատան, իսկ հիմա էլ հյուպատոսության աշխատանքը։ Ի՞նչ է Բաքվի ուզածը։

Դժվար թե այնտեղ լրջորեն դիտարկեն Իրանի վրա հարձակման հնարավորությունը։ Ավելի շուտ՝ ընթանում է սակարկություն։ Իր «բարեհաճության» դիմաց Ալիևը մտադիր է չեզոք դիրք կորզել Թեհրանից Սյունիքի ուղղությամբ թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի դեպքում։ Ինչպես արդեն նշվել է, Թեհրանի դիրքորոշումը մեծապես խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բռնազավթման Ալիև-Էրդողան զույգի ծրագրերին։ Իսկ եթե Թեհրանը չզիջի, ապա Ալիևի համար հակաիրանական դիրքորոշումը լավ հնարավորություն է՝ նվաճելու Արևմուտքի բարեհաճությունը, թուլացնելու Արցախի շրջափակման առնչությամբ միջազգային կառույցների ճնշումը Բաքվի վրա։ Իսկ Արևմուտքի համար իրան-ադրբեջանական բարդացումները հավելյալ հնարավորություն են լարվածություն պահպանելու տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը միշտ էլ ավանդաբար մեծ է եղել։

Ալիևի շանտաժը հաջողվում է։ Հավերժ պատեհապաշտ Գուրգեն Արսենյանի տխրահռչակ հայտարարությունն այն մասին, թե ընդդիմությանը պետք է ճիշտ դնի առաջնայնությունները, և թե Հայաստանի երեք միլիոն քաղաքացիների կյանքն ավելի կարևոր է, քան 120 հազար արցախցիներինը, դրա վառ վկայությունն է։ Եվ նման հայտարարությունը, իհարկե, պատահական չէ։ Ինչո՞ւ է փորձառու պատգամավորն իր կիսահիստերիկ հայտարարություններով այդպիսի հարվածի տակ դնում իրեն խորհրդարանական ընդդիմության կազմակերպած լսումներում՝ իր հանդեպ ակնհայտորեն ոչ բարյացակամ տրամադրված լսարանի առջև։

Բայց ամեն ինչ պարզ է։ Ընդդիմությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ լսումներ է հրավիրում, որպեսզի զգուշացնի իշխանություններին հետագա զիջումների անթույլատրելիության մասին։ Դե, իսկ իշխանությունը Արսենյանի շուրթերով պատասխանում է. եթե պետք լինի, կշարունակենք զիջել, որպեսզի կանխենք պատերազմը։ Եվ եթե դրա համար հարկ լինի պայմանագիր կնքել Բաքվի հետ, ըստ որի Արցախը անվերապահորեն ճանաչվում է Ադրբեջանի մաս, Փաշինյանը պատրաստ է դա անել, քանի որ, ի տարբերություն ընդդիմության, ինքը՝ Փաշինյանը, ճիշտ է դնում առաջնայնությունները։ Ահա թե փաստացի ինչ ասաց Արսենյանը։ Ավելի ճիշտ՝ Փաշինյանն ասաց, Արսենյանը հնչեցրեց։

Իսկ Ալիևի հետ այդպիսի փաստաթուղթ ստորագրել Փաշինյանին դրդում են արևմտյան մայրաքաղաքներից, համոզելով Հայաստանի վարչապետին, թե այդ կերպ նա գոնե ինչ-որ երաշխիքներ կստանա, որ Բաքուն ու Անկարան չեն հարձակվի իրան-ադրբեջանական ահագնացման նոր փուլ մտնելու դեպքում։

Խառնակ ժամանակներ են. լավատեսության առիթները քիչ են, փետրվարը խոստանում է ձյունառատ լինել: