ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց իր թեկնածուին

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։

«Անհրաժեշտ է հնարավորինս ակտիվ կերպով բարձրացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման և Լեռնային Ղարաբաղում դրա պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին հարցը։ Պետք է հիմնվել եռակողմ հայտարարության և ՀՀ խորհրդարանի մեսիջների վրա»,– ասաց Խանդանյանը։

Հաջորդ հարցը, որը կարևորում է Խանդանյանը և պատրաստվում է աշխատել դրա լուծման ուղղությամբ, ադրբեջանական գերությունից հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձն է։ Պատգամավորի առաջնահերթությունների թվում է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների ճակատագիրը պարզելը։

«Միջազգային շփումների ժամանակ կարևոր է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից 2021-2022 թթ. մեր տարածքների օկուպացման խնդրի մասին, ինչպես նաև խոսել ադրբեջանական ԶՈւ–ի իրականացրած պատերազմական հանցագործությունների և դրանց հետևանքների մասին»,– ընդգծեց պատգամավորը։

Խանդանյանը մեջբերեց մի հատված ՔՊ ծրագրից, ըստ որի պետք է մշակել հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու բանաձև։ Նա նշեց, որ լիովին համաձայն է դրա հետու կողմ է տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Խանդանյանը խոստացավ մշտապես կապի մեջ լինել հայ դիվանագետների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ։

Նշենք, որ մինչ այս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Էդուարդ Աղաջանյանը։ 2023 թվականի հունվարի 27-ին նա հրաժարականի դիմում է ներկայացրել։

Sputnik Արմենիա