Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ-ը շահագործել ևս 10 տարի

ՀՀ կառավարությունը մտադիր է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել 10 տարով` 2026թ–ից մինչև 2036թ.–ը։

Մինչ այժմ գործադիր իշխանությունում ու մասնագիտական շրջանակներում քննարկվող ժամկետն արդեն դրվել է կառավարության որոշման նախագծում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկած նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։

Փաստաթղթի համաձայն, ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումն ընդունելուց հետո կառավարությունը կմշակի նաև աշխատանքային ծրագիր` անհրաժեշտ աշխատանքների իրականացման ֆինանսական միջոցների, ֆինանսավորման աղբյուրների ու կոնկրետ գործողությունների ներկայացմամբ։

ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության որոշման նախագիծը անհրաժեշտ, բայց փոքր–ինչ ուշացած որակեց։

«Ժամանակը շատ կարճ է։ Պետք է ամեն ինչ անենք, որ մինչև 2026թ–ը հասցնենք բազում խնդիրներ լուծել, որովհետև 2026թ–ից հետո շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են սպասվում»,– ասաց նա։

Sputnik Արմենիա