ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Անիից տեղեկություններ են ստացվում վարչական ռեսուրսի չարաշահման մասին

Մինչև վերջին օրերը ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված էր հիմնականում մարտի 26-ին (կիրակի) Սիսիանում նշանակված նոր ընտրությունների նախապատրաստման վրա, սակայն երբ նախընտրական քարոզարշավը մտավ եզրափակիչ մրցուղի, մեծ թվով խախտումների մասին տեղեկություններ սկսեցին ստացվել Շիրակի մարզի Անի համայնքից, որտեղ նույնպես այդ օրը տեղի են ունենալու նոր ընտրություններ:

ԱՅՍ ՇԱԲԱԹ ՀԱՄԱՅՆՔԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ՍՏԱՑՎՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԱՍԻՆ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակի մարզպետարանն ակտիվորեն մասնակցում է իշխանության թեկնածուի օգտին քարոզչությանը։ Համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։ Նա նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, թեև մինչ այդ պաշտոն էր զբաղեցնում «Հայփոստ»-ի համակարգում: Սեպտեմբերյան ընտրություններում այդ թեկնածուն չարդարացրեց իրեն, քվեարկության արդյունքում համայնքում իշխանություն ձևավորել չհաջողվեց, սակայն տեղի բջիջը չփոխեց քաղաքապետի պաշտոնի հավակնորդին և նոր ընտրություններում առաջադրվեց նույն թիվ 1-ով:

Առաջին ընտրություններում ՔՊ-ի գլխավոր մրցակիցը համայնքի 18 տարվա փորձ ունեցող ղեկավար, նախկին հանրապետական Արտակ Գևորգյանն էր: Իշխող կուսակցությունն ավելի քիչ ձայն հավաքեց, քան նրա գլխավորած ցուցակը։ Գևորգյանը մեծ հեղինակություն է վայելում համայնքում։ Համայնքի ավագանու ընտրություններում սեպտեմբերին առաջադրված 3 քաղաքական ուժերի փոխարեն մարտի 26-ին ավագանու տեղերի համար պայքարին կմասնակցի 4 ուժ: Դրանք են՝ Գևորգյանի ղեկավարած «Ազգ-համայնք» դաշինքը, ՔՊ-ն՝ Սարիբեկյանի գլխավորությամբ, «Հայկական երազանք» նորաստեղծ կուսակցությունը (թիվ 1՝ Աղուն Սաղաթելյան) և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (թիվ 1՝ Արմենակ Նաջարյան)։

Ցուցանշական է, որ նախընտրական մրցարշավի փուլում ոչ ոք չի արձանագրում խախտումները ինչպիսիք են՝ մարզպետարանի անդամների մասնակցություն նախընտրական քարոզչությանը, սոցիալական օգնության բաժանում համայնքի բնակիչներին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների դեսանտի մասնակցություն քարոզարշավին: ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ ՔՊ-ի հաղթանակի համար մոբիլիզացված են տեղական և մարզային աշխատակազմերին հաշվետու բոլոր կառույցները, ինչպես նաև բակային և կիսաքրեական հանրությունը: Ակնհայտ է, որ կուսակցությունը չի կարող իրեն թույլ տալ պարտվել նոր ընտրություններում, թեև նախկին համայնքապետը համակիրների մեծ բանակ ունի:

Ոչ այնքան վաղուց Պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերել էր Անի համայնքի ղեկավարության կողմից թույլ տրված կոպտագույն խախտումներ նոր ջրագծի կառուցման գործում, արդյունքում համայնքը մնաց առանց ջրամատակարարման, ինչն անպայման կանդրադառնա կիրակնօրյա քվեարկության արդյունքների վրա…

Ինչո՞ւ է Հակոբյանն այցելել Սիսիան

Անի համայնքում իրավիճակը շատ առումներով հիշեցնում է այն, որ ստեղծվել էր Սիսիանում նոր ընտրությունների նախօրեին, որտեղ ՔՊ-ի ցուցակին հակադրվում է ՀՀԿ-ի ցուցակը, իսկ որպեսզի ընթերցողը լիովին գիտակցի այս ընտրությունների կարևորությունը իշխող ուժի համար, հիշեցնեմ, որ մարտի 16-ին Սյունիքի մարզ այցելեց Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

ԱՅՑԻ ՁԵՎԱԿԱՆ ԱՌԻԹԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱՑՈՒՄՆ ԷՐ ՄԵՂՐԻՈՒՄ։ Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամն աջակցել է նախադպրոցական հաստատության վերանորոգմանը, սակայն վարչապետի կինը նախ այցելեց նախընտրական Սիսիան: Ըստ երևույթին, նոր ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը լուրջ մտավախություններ է ներշնչում Փաշինյանին, և նա որոշել է համոզվել, որ Սիսիանում քարոզչությունն ընթանում է իր հունով, և երկրորդ անգամ ոչինչ չի խանգարի իշխանության թեկնածուին զբաղեցնել քաղաքապետի աթոռը:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերյան ընտրություններում ՔՊ-ին չհաջողվեց անցկացնել իր թիվ 1-ին քաղաքապետի պաշտոնում, Արմեն Հակոբջանյանի անձի շուրջ շատ վեճեր կային, որոնց մասին մենք իրազեկել ենք մեր լսարանին, սակայն այստեղ էլ, ինչպես Անի համայնքում, իշխող կուսակցությունը որոշեց նոր ընտրությունների գնալ քաղաքապետի նույն թեկնածուով։ Մեր ընթերցողներին տեղեկացրել ենք նաև այն մասին, որ նոր ընտրությունները վերահսկում է ՔՊ խմբակցության պատգամավոր, Հակոբջանյանի ազգական Կարեն Համբարձումյանը, իսկ ՔՊ-ի գլխավոր մրցակիցը ՀՀԿ-ն է։ Վարջինիս ցուցակը գլխավորում է Սիսիանի էլեկտրացանցի պետ Ջիվան Մարգարյանը, որը մի քանի տարի ղեկավարել է ՀՀԿ տեղական ստորաբաժանումը: Բացի այդ ուժերից, նախընտրական մրցավազքին մասնակցում է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, սակայն ավագանու կազմում ներկայացուցչություն ունենալու նրա հնարավորությունները նվազագույն են։

Նոր ընտրությունների նախապատրաստման շրջանում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Փաշինյանը շատ դժգոհ է Սիսիանում Համբարձումյանի աշխատանքից, ավելի ուշ տեղեկատվություն արտահոսեց, որ Համբարձումյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին խնդրել է այնպես կազմել այցի ծրագիրը, որ Հակոբյանը կարողանա իր տանը ճաշել։ Մի խոսքով, Սյունիքում գիտեն, թե ով է ստվերային վարչապետը և ՔՊ-ում եղանակ թելադրողը

Քարոզարշավը մոտենում է վերջնագծին, քվեարկությանը մնացել են հաշված օրեր։ Մի շարք խոշոր համայնքներում ՔՊ-ի պարտությունից հետո տեղական իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի նոր ընտրություններն ավարտվեն Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակով: Այդ իսկ պատճառով ԿԸՀ-ն և հասարակական կազմակերպությունները, որոնք, որպես կանոն, ճշտակատար իրականացնում են ընտրությունների վերահսկման առաքելությունը, անտեսում են վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումները երկու համայնքներում: 2022 թվականի սեպտեմբերին դա չօգնեց իշխող կուսակցությանը 50 + 1 ձայն հավաքել, բայց Փաշինյանը հույս ունի, թե կիրակի օրը իր թիմի բախտը կբերի։

Մարտի 26-ին համայնքներից մեկում (կամ միանգամից երկուսում) ՔՊ-ի պարտությունը բավական լավ նախերգանք կլիներ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ընդդիմության նախապատրաստման համար, թեպետ ընդդիմությունն իր առաջնային խնդիրը համարում է Արցախը, իսկ Սիսիանից արդեն գալիս են տեղամասային հանձնաժողովների ցուցակները (ընդամենը 41), որոնց անդամները նշանակված են թաթար-մոնղոլական սկզբունքով։ Արդեն հրապարակվել են ընտրական հանձնաժողովների անդամների ցուցակները, որոնք տարածքային հանձնաժողովի անդամների ազգականներն են։ Ըստ օրենքի՝ հանձնաժողովները բաղկացած են 8 անդամից. 6-ին նշանակում են խորհրդարանի 3 խմբակցությունները, իսկ 2-ին՝ թիվ 34 տարածքային հանձնաժողովի անդամները: Տեղամասային հանձնաժողովներում նրանք նշանակել են իրենց որդիներին, ծնողներին և այլ ազգականների։ Կամայականության այսպիսի խրախճանք չի եղել երբեք, սա աննախադեպ երևույթ է։ Հիշեցնեմ, որ Սիսիան և Գորիս համայնքներում կայանալիք նոր ընտրությունները Վահագն Հովակիմյանի առաջին քայլն են ԿԸՀ նախագահի պաշտոնում…