ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԵՐԻ ԳԱԳԱԹ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՆԱՎԵՐԻ ՌՈՄԱՆՏԻԿԱՆ…

Ի՞նչ է ասել Բլինքենը

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զանգը Ալիևին կանգնեցրեց սադրանքները Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ Մեկ շաբաթ անց Բլինքենը զանգահարել է Փաշինյանին և ասել, որ ԱՄՆ-ը կասեցրել է ագրեսիան, և որ իրենք պատերազմ թույլ չեն տա»,- հայտարարել է Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։ Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ է Բլինքենի ասածի մասին հայտնում ոչ թե ինքը՝ Փաշինյանը, այլ ավտոբուսային ուժի առաջնորդը։ Միգուցե այն պատճառով, որ պետքարտուղարն ամենևին էլ դա չի ասել, կամ ասել է ոչ այնքան դա:

Վերջերս Բլինքենը կրկին զանգահարեց Փաշինյանին ու Ալիեվին, Ադրբեջանի նախագահը նրան հայտնեց «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու պատրաստակամության մասին, իսկ մարտի 22-ին Երասխում ադրբեջանական դիրքերից դիպուկահարի կրակոցով սպանվեց զինվոր Արշակ Սարգսյանը: Այդ սպանությունը խաղաղություն կնքելու Ալիևի «պատրաստակամության» ամենաակներև ցուցանիշն է։ Հենց այդ օրը Փաշինյանը հայտարարեց, թե ագրեսիա չի լինելու։ Իրական քաղաքականության տեսանկյունից շատ ավելի տեղին կլինի նկատի առնել իրան-ադրբեջանական սահմանի մասին Բլինքենի հայտարարությունը, հասկանալու համար, թե ինչ տեսանկյունից են այսօր պաշտոնական Վաշինգտոնին հետաքրքրում հակամարտության երկու կողմերը…

Խզմալյանը վստահաբար հայտնեց, թե «Ալիևը ուրախ կլիներ իր «բնապահպաններին» հեռացնել Լաչինից, բայց ռուսները թույլ չեն տալիս, իսկ Արցախի շրջափակումը վերացնելու Հաագայի դատարանի որոշումը չի կատարվում այն նույն պատճառով, որով չի կատարվում Պուտինին ձերբակալելու մասին դատական որոշումը»:

Նրա կարծիքով՝«ռուսները շատ լավ հասկանում են, որ մեր գործողությունների ենթատեքստում ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալն է»: Գործնական քաղաքականության նկատմամբ ռոմանտիկ վերաբերմունքի նշանների մասին կարդացեք ստորև, իսկ առայժմ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչ խաղեր են խաղում ռեժիմի պարագլուխն ու իր արբանյակները: Փաշինյանն ու իր հանցախումբը փորձում են համոզել հավաքական Արևմուտքին, թե պայքարում են Մոսկվայի ազդեցությունից ձերբազատվելու համար, այդ առնչությամբ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարեց. «Արևմուտքն արդեն հասկացել է, որ Փաշինյանից երկրորդ Սահակաշվիլին չի ստացվի, Բայց Նիկոլին այդ մասին չեն տեղեկացրել, որ տրամադրությունը չգցեն»։

Ակներև է պետության ապաշնորհ կառավարման վարպետության դասը. արևմտյան քաղաքական գործիչները հաստատապես գիտեն, որ 1991 թվականից ի վեր Կրեմլը երբեք զանգով չի ղեկավարել Հայաստանը, նման բան չի եղել երեք նախագահներից ոչ մեկի օրոք։ Հայաստանը մշտապես վարել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և, չնայած իր տարածքի համեստ մասշտաբներին, վայելել է աշխարհի առաջատար դերակատարների հարգանքը։ Երկրորդ նախագահի օրոք Հայաստանը անդամակցել է Եվրատլանտյան գործընկերության խորհրդին (ԵԱԳԽ), այդ կառույցի շրջանակներում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորություն է ստացել պարբերաբար մասնակցելու անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարության խորհրդակցություններին:

Այսօր թվում է, թե այդ ամենը տեղի է ունեցել բնավ ոչ մեզ հետ, մինչդեռ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրը նպաստում էր պաշտպանական ոլորտի արդիականացմանը։ Հայաստանն ամրապնդում էր ռազմական համագործակցությունը Հունաստանի հետ, ակտիվորեն մասնակցում միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ինչպես ՀԱՊԿ ձևաչափով, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ: Հավասարակշիռ և պրագմատիկ արտաքին քաղաքականությունը ձևավորել էր մեր պետության իմիջը, որը 5 տարվա ընթացքում հողին հավասարեցրին թմբուկի զարկերի և «դըմփ-դըմփ-հո՛ւ» գոչյունների տակ փողոցից եկած մարդիկ։

Երբ տեսնում ես ցանկը, թե ինչ է արվել առաջին օպերատիվ էշելոնի դիրքերի ինժեներական ապահովման ոլորտում, ուսումնասիրում ես ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ համատեղ զորավարժությունների պլանները, հակաօդային պաշտպանության, ավիացիայի, հրթիռային զորքերի, հետախուզության, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի և ստորաբաժանումների կատարելագործման ծրագրերը, սկսում ես հասկանալ ռեժիմի պարագլխի՝ Բաքվի և Անկարայի փոխանորդի գլխավորությամբ սորոսաթուրքական 5-րդ շարասյան գործած ավերածությունների իրական մասշտաբները։

Երկրի երեսից ջնջեցին անվտանգության համակարգը, որի հիմքում զինված ուժերի մարտունակությունն ու մարտական պատրաստականությունն էր՝ հիմնված առաջավոր տեխնոլոգիաների, գիտահետազոտական կառույցների մշակումների, ազդանշանման և ռադիոլոկացիոն տեղեկատվության փոխանցման ավտոմատացված համակարգի, օպտիկամանրաթելային կապի գծերով և համապատասխան թվային սարքերով հագեցած ընդհանուր թվային ցանցի վրա.. Երկրորդ և երրորդ նախագահների օրոք մեծ նշանակություն էր տրվում մեր երկրի օդային տարածքի պաշտպանության միջոցառումների մշակմանը։ Ռազմական տեխնիկայի և սպառազինության նոր տեսակները ցուցադրվում էին արտասահմանյան ցուցահանդեսներում՝ հետաքրքրություն առաջացնելով և ամրապնդելով ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը օտարերկրյա պետությունների հետ:

Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրության և իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրումը (2002թ. հոկտեմբեր) երբեք խոչընդոտ չի հանդիսացել ռազմատեխնիկական ոլորտում այլ երկրների հետ համագործակցության ամրապնդման համար և միաժամանակ արտոնյալ պայմաններ է ապահովել ռազմատեխնիկական մատակարարման և ամենամյա տեղական զորավարժությունների համար, որոնք նպաստել են բանակի մարտունակության բարձրացմանը:

Զինված ուժերի զարգացումը դադարեցվեց 2018-ի ապրիլին իշխանության հակասահմանադրական զավթումից հետո։ Փաշինյանն անմիջապես սկսեց ջախջախել բանակը։ Թերթեք գունավոր հեղափոխության ցանկացած ձեռնարկ և կհամոզվեք, որ ներսից պետության ոչնչացումը միշտ պետք է սկսել բանակից։ Նիկոլը սկսեց գեներալակազմի վարկաբեկումով, կադրային քաղաքականությամբ, որի պարագայում ղեկավար պաշտոններում նշանակվում էին բնավ ոչ ամենաբանիմաց մարդիկ, իսկ ավարտեց սկանդալային խոստովանությամբ, որ իրեն զենք չեն վաճառում։ Զինված ուժերի կործանումը դարձավ ողջ քաղաքակիրթ աշխարհի հարգանքը վայելող պետության վախճանի սկիզբը։ 5 տարի անց ռեժիմի առաջին դեմքերը վերածվել են հրապարակային ծաղրի առարկայի։ Նրանք շատ լավ հասկանում են, որ քաղաքակիրթ հանրությունը լուրջ չի ընկալում իրենց, բայց շարունակում են կեցվածք ընդունել «ժողովրդավարության բաստիոնի» ճարտարապետների կերպարանքով, որը չի կարող նույն ճանապարհով քայլել «Պուտինի հանցավոր ռեժիմի» հետ։

«Հայաստանին անհրաժեշտ է ռեալ մտածող կառավարություն»

Բրյուսելում և Վաշինգտոնում գերազանց հասկանում են, որ նման հնարքներով Փաշինյանը փորձում է մի փոքր մաս կորզել այն 160 մլրդ-ից, որ ընծայել է Արևմուտքն Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար։ Մոսկվայում Լավրովի և Միրզոյանի համատեղ ասուլիսը բացահայտեց ռազմավարական գործընկեր պետության իրական վերաբերմունքը հայկական դիվանագիտության նկատմամբ, ինչը դրսևորվեց ՌԴ ԱԳ նախարարի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարման առնչությամբ արտաբերված «իմպրովիզացիա» բառով։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրեն շատ կոռեկտ պահեց, իսկ մենք կվկայակոչենք Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի վերջերս ունեցած ելույթը. «Խաղաղության մասին Հայաստանի ղեկավարության ռոմանտիկ խոսակցությունները անիրազեկության հոմանիշն են. համաշխարհային հանրության օգնությանն ապավինելը նույն շարքից է։ Հայաստանին անհրաժեշտ է ռեալ մտածող կառավարություն, իսկ նրանք, ովքեր երկրի անվտանգությունը վստահում են միջազգային դիտորդներին, թող հիշեն Ռուանդայի, Հարավսլավիայի և Սիրիայի տխուր փորձը»:

Իր հերթին, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը հայտարարեց աղետալի հետևանքների մասին, որոնցով սպառնում է մեր երկրում միջազգային դիտորդների ներկայության հիմնավորումը: Փաշինյանը, հիշեցնեմ, վերջիններիս ներկայությունը բացատրեց նրանով, թե Ալիևը վախենում է հայ-ռուսական ներխուժումից, իսկ դիտորդների ներկայությունը թույլ կտա չեզոքացնել այդ մտավախությունները։ Իսկ ո՞վ կչեզոքացնի, մի հարցնող լինի, Արցախում էթնիկ զտումների և Հայաստանի տարածք ներխուժման վերաբերյալ մտավախությունները։ Վարդենիսի հետ սահմանին ընթանում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ, Գանձակից Հայաստանի սահման է բերվում ռազմական տեխնիկա, տեսանյութը տրամադրել է Իրանի ռազմական հետախուզությունը: Ալիևը պահանջում է անցակետեր տեղադրել Լաչինում և սահմանազատում իրականացնել իր պայմաններով, ցույց տալով աշխարհին, որ ինքը խաղաղ օրակարգ չունի։ Դեկտեմբերի 12-ից ի վեր 13-րդ անգամ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը...

Ընդդիմությունը խոսում է Վիեննայի կոնվենցիայի մասին, որը սպառնալիքների պայմաններում չեղարկում է երկրների միջև ցանկացած համաձայնագիր, ազդեցիկ քաղաքագետները զգուշացնում են լայնածավալ պատերազմի վտանգի մասին, իսկ պատերազմի կուսակցությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է ռոմանտիկ հույսերի քաղաքականությունը, թե «Արևմուտքը կօգնի մեզ». դա հայկական լեռների գագաթ բարձրացած նավերի ռոմանտիկան է…