«ԲՈԼՇԵՎԻԶՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Խորհրդարանում պատասխանելով իր խմբակցության պատգամավորների հարցերին, Փաշինյանը հերթական վարպետության դասը տվեց անցյալը մանիպուլյացիայի ենթարկելու գծով։ Խոսեց, օրինակ, այն մասին, թե Հայաստանը արդեն վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Դա տեղի է ունեցել, ըստ Փաշինյանի, այն ժամանակ, երբ Հայաստանը համաձայնել է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները։ Իբր, մինչ այդ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ուներ, քանի որ ԽՍՀՄ-ի մասն էր, իսկ համաձայնելով Մադրիդյան սկզբունքներին՝ Երևանը ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի արդեն Ադրբեջանի կազմից։ Հետևաբար, ինքնորոշման գործընթացը պետք է համաձայնեցվի Բաքվի հետ։ սկ դա նշանակում է, թե Երևանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։

ՄԻ ԻՆՉ-ՈՐ ԶԱՌԱՆՑԱԳԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, իրականությունից և իրադարձությունների կոնկրետ ընթացքից կտրված կեղծ փաստաբանություն։ ԽՍՀՄ փլուզումից և Արցախում մարտական ակտիվ գործողութունների սկսվելուց գրեթե անմիջապես հետո ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը միջնորդի միջազգային մանդատ ուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Որպես հիմնական սկզբունք էր դիտարկվում խաղաղ կարգավորումը տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։

Մինչև 2007 թվականը միջնորդներն առաջարկում էին այդ սկզբունքներն իրագործել Ադրբեջանի կազմում Արցախին լայն ինքնավարություն հատկացնելու ճանապարհով, կամ էլ առաջարկում էին հետաձգել Արցախի կարգավիճակի լուծման հարցը անորոշ ժամանակով, մինչև որ շարժեր տեղի կունենան ղարաբաղյան կարգավորման մյուս բոլոր ասպարեզներում։ Առաջին հերթին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանին կվերադարձվեն Արցախի դեմ իր իսկ սանձազերծած պատերազմի արդյունքում կորցրած տարածքները…

Եվ միայն 2007 թվականին, շնորհիվ հայ դիանագիտության ջանքերի, Մադրիդյան սկզբունքներում ամրագրվեց, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի նրա քաղաքացիների կամարտահայտման հիման վրա, և այդ գործընթացը կցվեց տարածքների վերադարձման հարցին։ Ավաղ, խնդիրն այն էր, որ երբ 2007 թվականին Երևանն ընդունեց Մադրիդյան սկզբունքները որպես կարգավորման հիմք, այն նույն սկզբունքները, որոնց պատճառով Ալիևը գանգաատվում էր, թե իրեն համոզում են ճանաչել Արցախի անկախությունը, Հայաստանի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր ենթադրում, թե 2018 թվականին հանրապետությունում իշխանության կգա Փաշինյանի «բոլշևիկների» ապիկար թիմը։

Կոնկրետ Արցախի կարգավիճակի հարցով հայկական կողմի զիջումն այն էր, որ պատրաստ էր ևս մեկ հանրաքվե անցկացնել՝ միջազգային կառույցների հովանու ներքո, իսկ Բաքվի զիջումը այդ հետաձգված հանրաքվեի արդյունքները ճանաչելու պարտավորությունն էր…Կարո՞ղ էր արդյոք հայկական կողմը հրաժարվել այդպիսի փոխզիջումից։ Տեսականորեն՝ կարող էր։ Դա կնշանակեր՝ կա՛մ պաշտոնապես ընդունել Արցախի անկախությունը, կա՛մ ճանաչել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս և փաստորեն հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ միջնորդությունից։

Մոտավորապես այդպես վարվեց Ռուսաստանը Ղրիմի և Դոնբասի պարագայում։ Բայց Ռուսաստանը հզոր միջուկային տերություն է և կարող էր իրեն թույլ տալ վարվել ըստ արդարության իր պատկերացումների և միջազգային իրավունքի սկզբունքների իր մեկնության։ Բայց նույնիսկ Ռուսաստանի դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպիսի հետևանքների հանգեցրեց նման մոտեցումը։ Իսկ ի՞նչ կլիներ Հայաստանի հետ։

ԻՀԱՐԿԵ, ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՐԱ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ, ԹԵ ԻԲՐ՝ ոչ թե ինքը, այլ նախկին իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, բացարձակ մանիպուլյացիա են, եթե չասենք՝ զառանցանք, որը հետապնդում է մեն-միակ նպատակ. թոթափել պատասխանատվությունը Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում իր լիակատար ձախողման համար։

Վարչապետն առաջվա պես կարծում է, թե կարող է բոլորին հիմարացնել։ Այլ հարց է, որ շատերն արդեն չեն ընկալում նրա պնդումները որպես ուշադրության արժանի ինչ-որ բան։ Ենթադրում ենք, որ նույնիսկ իր խմբակցության պատգամավորներից շատերը նրա հերթական անկեղծացումները լսում են լոկ հետաքրքրասիրությունից դրդված. թե ինչպես է Փաշինյանը «ֆռռացնելու» այս անգամ։

Կեղծ փաստաբանության ասպարեզում Փաշինյանի այդ վարժանքները զվարճալի են թվում նրանց։ Այդ մարդիկ չեն հասկանում, որ նորմալ ապագա չունի այն երկիրը, որը ղեկավարում է այդ երկրի անցյալը ժխտող թիմը։ Ռուսաստանի օրինակի վրա հեշտ է հասկանալ, թե ինչպիսի հետևանքների է հանգեցնում հին աշխարհը հիմնահատակ քանդելու և դրա փլատակների վրա նորը կառուցելու «բոլշևիկյան» մոտեցումը։ Ի դեպ, կարելի է գործնականում ապացուցված համարել, որ «հին աշխարհը» ռուսաստանյան բոլշևիկները քանդում էին Ռուսաստանին թշնամի պետությունների փողերով։

Հ.Գ.Հայասանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանեց Փաշինյանի նոր «անկեղծացումները» հետևյալ կերպ. «2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար և չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլև առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի և երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլևս հրապարակված են, և նույնիսկ Ալիևի կամ որևէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս»։

Հասկանալի է, որ Ալիևի մտքով չէին անցնի փաշինյանական եզրահանգումները։ Ոնց էլ չլինի, սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում։