Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել մի ամբողջ էթնիկ խումբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանի ագրեսիվ, հանցավոր գործողությունները միտված են ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մի ամբողջ էթնիկ խումբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Ադրբեջանը՝ Հայաստանի հարևանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է չափերով և ռեսուրսներով, զբաղվում է տարածքների ուժով ձեռք բերելու անօրինական պրակտիկայով»,– ասել է նա։

Մհեր Մարգարյանը իր ելույթում հիշեցրել է, որ 2020 թվականին, հակառակ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, Ադրբեջանը մահաբեր բռնությունների ալիք է բարձրացրել տարածաշրջանում՝ փորձելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ուժով։

«Իրականությունն այն է, որ Ադրբեջանն օգտագործեց միջազգային կարգի խոցելիությունը և բազմակողմ համակարգի թերությունները՝ ձեռնարկելու լայնածավալ ռազմական ագրեսիա, որն իրականացվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ուղեկցվելով բազմաթիվ վայրագություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,– հայտարարել է նա։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ պատանդի կարգավիճակում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ փրկարար ճանապարհը Ադրբեջանը շրջափակվել է։

Ավելին` Ադրբեջանը չի կատարում նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։

«Չնայած տեղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առկայությանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, միջանցքը ոչ միայն շարունակում է չգործել արդեն 4 ամիս, այլև երեկվա դրությամբ տեղադրվել է ադրբեջանական անցակետ՝ եռակողմ հայտարարությամբ և ՄՔԴ հրամանով ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումով»,– ասել է նա։

Նա հիշեցրել է, որ հայկական կողմը զգուշացրել է ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին` Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Հրադադարի հաստատումից երկուսուկես տարի անց ՄԱԿ-ը և նրա մարդասիրական գործակալությունները, ըստ Մարգարյանի, դեռ պետք է ցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

«Ադրբեջանում նման ծրագրերի պատվիրատուները, ինչպես նաև դրանց ստեղծողները, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենան, որ ոչ մի խեղաթյուրված պատմություն կամ կոռուպցիա և էներգետիկ ռեսուրսների հետ մանիպուլյացիաներ չեն կարող փոխել այն փաստը, որ հանցագործությունների որոշակի կատեգորիայի համար վաղեմության ժամկետ չկա: Հանցագործությունները և նման լուրջ խախտումներ կատարողները պետք է պատասխանատվություն կրեն, այդ թվում՝ միջազգային իրավասության մեխանիզմների միջոցով»,– ասել է նա։

Մհեր Մարգարյանը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության փաստին։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է, թե որքանով կարող է մարդկությունը դեգրադացվել միջազգային կարգի ճգնաժամի պայմաններում։

«Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ իրագործված անասելի ոճրագործությունների սարսափների միջով անցած հայ ժողովուրդը անձնուրաց քաջություն և ահռելի զոհաբերություն դրսևորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես փոքր ազգ ներդնելով անհամաչափ բարձր մարդկային գին»,– ասել է Մարգարյանն իր ելույթում ու հիշեցրել, որ պատերազմին մասնակցել է գրեթե վեց հարյուր հազար հայ, որոնց կեսից ավելին չի վերադարձել մարտադաշտից։