ԱԼԻԵՎՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Ոչ, խոսքը «գլխավոր» Ալիևի՝ ֆյուրերի վարքուբարքով բաքվեցի բռնապետի մասին չէ։ Խոսքը  նրա ազգանվակցի՝ ՄԱԿ-ում հանցավոր պետության մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի մասին է։ Երեկ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի բաց քննարկումներում՝ այդ «երկրորդ» Ալիևը հնչեցրեց 8 պահանջներ, որոնք Բաքուն ներկայացնում է Երևանին, անվանելով դրանք «պայմաններ՝ հարաբերությունների լիակատար կարգավորման համար»։ Ընդ որում հնչեցրեց վերջնագրի ձևով, պնդելով, թե «կատարելն անհրաժեշտ է», ինչը ենթադրում է, որ հակառակ դեպքում Բաքուն կհրաժարվի «խաղաղության համաձայնագիր» կնքել։

ԵՎ ԱՅՍՊԵՍ, ԸՍՏ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱԼԻԵՎԻ ԵԼՈՒՅԹԻ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է.

-կատարի իր միջազգային պարտավորությունները,

-Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և ապօրինի զինված կազմավորումները,

-վերադարձնի Ադրբեջանի դեռևս գրավյալ ութ սահմանամերձ գյուղերը,

-դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, ապօրինի գործունեությունից և ապատեղեկատվությունից,

- վերջ տա ականապատման ահաբեկչությանը,

-լույս սփռի հակամարտության ընթացքում անհայտ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա,

-փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը,

-բարեխղճորեն բանակցի երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման և սահմանազատման շուրջ»։

Կարևոր է նշել, որ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը հանդես է եկել 120 պետություն ընդգրկող Չմիավորման շարժման անունից, քանի որ 2019 թվականին սույն կազմակերպության նախագահ 4 տարով ընտրվել է Իլհամ Ալիևը: Հայաստանը տվյալ շարժման մեջ դիտորդի կարգավիճակ ունի, բայց ո՛չ այդ, ո՛չ էլ որևէ այլ կարգավիճակով Երևանից ոչ մի կերպ չարձագանքեցին Բաքվի մշտական ներկայացուցչի ելույթին։

Իհարկե, Ի.Ալիևի հանձնարարությամբ Յ.Ալիևի առաջ քաշած պայմանները սենսացիա չդարձան. այս կամ այն ձևով այդ կետերը նախկինում էլ հայտնվել են տարբեր փաստաթղթերում և ԶԼՄ-ների հաղորդագրություններում: Սակայն այս անգամ Հայաստանի Հանրապետության հանդեպ նկրտումները, այդ թվում՝ տարածքային, հնչեցվեցին միջազգային ամենահեղինակավոր՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնից։

Նախ՝ նշենք, որ «միջազգային պարտավորությունների կատարման» մասին խոսում է մի երկիր, որը ցուցադրաբար ոտնահարել և ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրության, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի և Ժնևի կոնվենցիաների դրույթները, եթե արտահայտվենք շատ հակիրճ։ «Մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա լույս սփռելու» պահանջի մասին խոսում է մի երկիր, որն անցյալ դարի 80-ական թվականների վերջից խախտում է բոլոր և ամեն տեսակի միջազգային նորմերը պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցում: Երկիր, որը հակառակ ստորագրված բոլոր փաստաթղթերի և միջազգային հանրության պահանջների՝ շարունակում է սպանել ռազմագերիներին և նրանց նկատմամբ կիրառել դաժան ու անմարդկային վերաբերմունքի բոլոր տեսակները (ինչի ապացույցներն առավել քան շատ են), ինչպես նաև ապօրինաբար պահել ավելի քան 80 հայ գերիների:

Անցնենք առաջ։ «Խաղաղության պայմանագրի կնքման և սահմանազատման շուրջ բարեխղճորեն բանակցելու» մասին է խոսում մի երկիր, որը սահմանազատման գործընթացի մեկնարկից դեռ շատ առաջ բռնազավթել է ինքնիշխան պետության տարածքները և նրա հազարավոր բնակիչների զրկել նորմալ կյանքի տարրական իրավունքներից։ Երկիր, որը լիակատար շրջափակման մեջ է պահում 120.000 արցախահայությանը, անտեսելով ամենահեղինակավոր դատական ատյանների որոշումները, և ստիպում է նրանց լքել Հայրենիքը, կիրառելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում նշված ցեղասպան մեթոդները:

Ասենք, այն մասին, թե ինչ է Ադրբեջանը և ինչ են բոլոր տեսակի ու կարգի ալիևները, խոսելն արդեն վաղուց ավելորդ է։ Այդ պետություն կոչեցյալի և դրա առաջնորդի հանցավորության աստիճանը նույնքան վաղուց անցել է հնարավոր ու անհնար բոլոր սահմանները և ուղիղ համեմատական է ադրբեջանական էներգակիրներից համաշխարհային տերությունների կախվածության աստիճանին։ Մեզ տվյալ դեպքում շատ ավելի հետաքրքիր է մեկ այլ բան, այն է. մեկ այլ հանցագործի՝ Փաշինյանի ստվերը, որն ակնհայտորեն նշմարվում է Բաքվի պահանջների հետևում՝ գլխավոր Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների տեսքով։

Հայ հասարակության ողջամիտ հատվածն այլևս կասկած չունի, որ Բաքվում ու Երևանում նստած հանցակիցները գաղտնի պայմանավորվածություններ ունեն հետպատերազմյան շրջանի համար (թե ինչ պայմանավորվածություններ են եղել նախքան 44-օրյա պատերազմը, այլ հարց է), և 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բոլոր իրադարձությունները տեղի են ունենում և՛ Արցախի պահպանված մասից, և՛ բուն ՀՀ-ից տարածքների աստիճանական օտարման Փաշինյանի համաձայնությամբ։ Ինչպես բացահայտ երևում է Յաշար Ալիևի հայտարարությունից, կան նաև այլ՝ դավաճան ռեժիմի կողմից դեռևս չկատարված պայմանավորվածություններ:

Օրինակ, «Ադրբեջանի տարածքից զինված ուժերն ու ապօրինի զինված կազմավորումները ամբողջությամբ դուրս բերելու» պահանջի տակ, ամենայն հավանականությամբ, նկատի է առնվում արդեն ոչ Արցախը։ Անշուշտ, Բաքուն պահանջում է դուրս բերել հայկական բանակի ստորաբաժանումները ՀՀ այն տարածքներից, որոնք իրենն է համարում։ Եվ դատելով ամենից՝ Փաշինյանն ու իր թիմակիցները համաձայն են. այլապես ինչպե՞ս ընկալել Տեղ գյուղում ծավալված վերջին իրադարձությունները, որտեղից իշխանություններն իսկապես դուրս են բերում ՀՀ ԶՈՒ բանակային ստորաբաժանումները՝ սահմանապահներով փոխարինելու սուտ պատրվակով։

Ուրիշ ինչպե՞ս ընկալել Հայաստանի գրեթե 200 քառ. կմ տարածքի երկամյա անարգել բռնազավթման փաստը, որի հարցը երկրի դե ֆակտո ղեկավարությունն արդեն նույնիսկ ձևականորեն չի բարձրացնում միջազգային հարթակներում: Եվ մի՞թե այդ մասին չի վկայում «պայմանների» մյուս կետը. «վերադարձնել Ադրբեջանի դեռևս գրավյալ ութ սահմանամերձ գյուղերը», ինչին պաշտոնական Երևանը պատասխանում է մեռյալ լռությամբ։ Փոխարենը՝ փաստորեն հանրությունից թաքուն, սուսուփուս, բայց արագացված կարգով ու անհասկանալի իրավական հիմքերով իրականացվում է ինչ-որ սահմանազատում. մի՞թե նպատակը այդ 8 «գրավյալ գյուղերը» ՀՀ-ից օտարելը չէ։

Ալիևի առաջ քաշած կետերից յուրաքանչյուրը կարելի է զննել ու վերլուծել առանձին, քանի որ դրանք բոլորը հանգամանորեն մտածված են ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից։ Անդրադառնանք ևս մեկին. «փոխհատուցել Ադրբեջանին պատճառված վնասը»։ Այս թեզը Բաքուն դեռ լիարժեք չի ծավալել, բայց նպատակակն ու հեռանկարներն ակնհայտ են: Ահաբեկչական պետության պահանջած «փոխհատուցման» վտանգի մասին բազմիցս նախազգուշացրել են հայ փորձագետները։ Նրանք համառորեն և հիմնավորված կերպով նշել են, որ Փաշինյանի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի ճանաչմանը որպես ագրեսոր և զավթիչ պետություն, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սակայն դե ֆակտո վարչապետը ոչ միայն չանսաց այդ զգուշացումներին (ինչպեսև ցանկացած այլ մասնագիտական գնահատականին և երկրի շահերի պաշտպանությանն ուղղված խորհուրդներին), այլև ամեն ինչ անում է ճիշտ հակառակը։ Նիկոլը միտումնավոր մոտեցնում է Հայաստանը մի իրավիճակի, երբ մեր երկրի վրա կդրվեն ֆինանսական ահռելի պարտավորություններ, որոնք անհնար կլինի կատարել։ Եվ երկիրը ստիպված կլինելու վճարել տարածքներով. այս մասին նույնպես բազմիցս խոսել են փորձագետները։

... Երբ ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում սկսեցին տեղադրել թշնամու անցակետը, շատ-շատերը, այդ թվում՝ Հայաստանից դուրս, հայտարարում էին, որ դա Ալիևի հետ Փաշինյանի գաղտնի պայմանավորվածությունների արդյունքն է: Վերջին առնվազն 2,5 տարվա իրադարձությունները տալիս են բոլոր հիմքերը՝ պնդելու, որ հենց այդպես է որ կա, և հայկական կողմի տարածքային և այլ բոլոր կորուստները Նիկոլի այդ պայմանավորվածությունների ու խոստում-պարտավորությունների արդյունքն են։

Հարցը միայն այն է, թե սահմանափակվո՞ւմ են արդյոք տվյալ փուլում այդ պարտավորությունները Ալիևի հայտարարած պահանջներով, թե՞ դրանք ավելի շատ են և լոկ ձգված են ժամանակի մեջ: