ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՑԱԿԵՏԸ

Մինչ Երևանի քաղաքական մեծ գործիչները լուծում էին իրենց գլխավոր խնդիրը, թե ինչպես թույլ չտալ, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն ծավալվի, Բաքուն անցակետ ծավալեց Լաչինի ճանապարհին, համենայնդեպս ակտիվ աշխատանք է տանում դրա գործարկման համար։

ԻՆՉՊԵ՞Ս ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ։ Դե, սովորականի պես. մենք մեղավոր չենք, մեղավոր է ով ասես, միայն ոչ մենք։ Տխրահռչակ արցախցի, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով կրթության նախարարի տխրահռչակ ամուսնու այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք հարցը նրանում լինել, որ ռուսական կողմը փորձում է պատժել Հայաստանի իշխանություններին Արցախի իրավիճակի միջոցով, պատասխանեց. «Մեզ կարող են պատժել Հայաստանի միջոցով։ Իհարկե, մեզ պատժել են: Սեպտեմբերյան պատերազմը և մյուս գործողությունները, դրանք էլ են պատժիչ գործողությունների մեջ մտնում, բայց այն, ինչը ԼՂ-ում տեղի է ունեում, այն այս տրամաբանության մեջ որևէ ձև չի մտնում»։

Չի մտնում հենց այն պատճառով, որ ձեր տրամաբանությունը վատն է։ Առհասարակ տրամաբանություն չկա։

Այնուհետ Արմեն Գրիգորյանը շարունակեց. «Լաչինի միջանցքում ՌԴ ռազմաբազայի մոտ տեղի է ունենում ադրբեջանական անցակետի տեղադրում և բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է այն տեղի ունենում։ Ադրբեջանն այդքանի է հասել, որ կարողանում է նման քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ»։ Ահա այսպիսի բառակույտ ԱԽ քարտուղարի մատուցմամբ։

Այսինքն, Անվտանգության խորհրդի մի ամբողջ քարտուղար ասում է, թե չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Այսինքն ստորագրում է իր անզորության, իր չկայացածության տակ։ Ահա, ախր հենց այդ մասին ենք խոսում արդեն հինգ տարի։ Բայց ախր հենց այդ մասին ենք մենք խոսում ահա արդեն հինգ տարի շարունակ։ Այն մասին, որ դուք բանի պետք չեք, որ ձեր թիմը Հայաստանի գլխավոր խնդիրն է, և միայն ձեր հեռանալով կարող է հնարավորություն ստեղծվել գոնե ինչ-որ բան շտկելու։ Գուցե ստեղծվի։

Ադրբեջանական ԶԼՄ-ները ծաղրում են իշխող թիմի և Փաշինյանի ապիկարությունը։ Իբր՝ վերջինս Բաքվի կողմից անցակետի տեղադրման գործընթացի մեկնարկից հետո մտածում է, թե ինչպես կրկին ասի, որ Ադրբեջանն իրավունք ունի անցակետ տեղադրելու, քանի որ Արցախը Ադրբեջան է, բայց ասի դա այնպես, որ հետո կարողանա պնդել, թե Լեռնային Ղարաբաղում իրեն սխալ են հասկացել

Դե ինչ, նախկինում Բաքուն փակում էր Լաչինի միջանցքը «հասարակական» մակարդակով՝ կեղծ բնապահպաններով, հիմա դա անում է պաշտոնական՝ պետական մակարդակով, խախտելով իր բոլոր պարտավորությունները։ Բաքվի հաշվարկը կառուցված է այն բանի վրա, թե Ուկրաինայում առաջկա սրացումը՝ կապված հակահարձակում սկսելու Կիևի որոշման հետ, նորից կշեղի ինչպես Մոսկվայի, այնպես էլ տարածաշրջանում մյուս խոշոր դերակատարների ուշադրությունը փոքրիկ Արցախի խնդիրներից։

Բայց ամեն դեպքում Բաքվի գործողությունները, անկասկած, ռուսական խաղաղապահ զորակազմի դերի նվազեցմանը, տարածաշրջանից նրա դուրսբերմանն ուղղված քայլ են։ Ռուսական խաղաղապահների հրամանատարին փոխելը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումից կամ դրա տեղադրման ու գործարկման կոնկրետ քայլերից անմիջապես հետո, հստակ նշանն է այն բանի, որ իրադարձությունների այդօրինակ զարգացումը բացարձակապես դուր չի գալիս Մոսկվային։

Արցախին՝ նույնպես։ Ստեփանակերտից արդեն հայտարարել են, որ չեն օգտվելու «միջանցքից» Բաքվի պարտադրած պայմաններով։ Արցախը մտադիր չէ հանձնվել, որովհետև դա Արցախն է։ Նա պատրաստ է պայքարի, և միակ բանը, որ ցանկանում են այնտեղ, այն է, որ իրենց չդավաճանեն։

Ռուբեն Վարդանյանն Արցախից հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կան նաև այսպիսի բառեր. «Ուզում եմ խոսքս ուղղել բոլորին՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը, թե՛ ներկաներին, թե՛ նախկիններին, բոլորի՛ն. եթե մենք կորցնեք Արցախը, դա չի ներվելու, դա դառնալու է խարան: Ու ես խոստանում եմ՝ այնպես եմ անելու, որ դուք, ձեր երեխաներն ու թոռներն ամեն օր ստանաք Արցախի երեխաների նկարները, որպեսզի միշտ հիշեք, որ նրանց ցավը, կործանված մանկությունը ձեր անգործության կամ սխալ քայլերի հետևանքն է»։