ԻՍԿ ՄՆԱՑՅԱԼ ԱՄԵՆԸ, ՉՔՆԱՂ ՄԱՐԿԻԶՈՒՀԻ…

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում չլուծված մնացող հարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի պաշտոնական հայտարարության մեջ՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքներով:

«Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնագիրը (խաղաղության - խմբ.) միանգամայն հասանելի է»։ Նրանք կշարունակեն վայելել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Արմենիան։ Նրա խոսքերով՝ երկկողմ և եռակողմ մի շարք ինտենսիվ ու կառուցողական քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ հարցերի լուծման գործում: «Երկու կողմերն էլ անկեղծ հանձնառություն են ցուցաբերել հարաբերությունների կարգավորման և իրենց երկու երկրների միջև վաղեմի հակամարտության դադարեցման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե կոնկրետ ինչ պայմանների են համաձայնել կողմերը, ով և ում առջև է դրել այդ պայմանները, բնականաբար, չի հստակեցվում։ Չի հստակեցվում նաև, թե ումից է ակնկալվում բարի կամքի լրացուցիչ չափաբաժինն ու ճկունությունը։ Կարծես թե հայկական կողմին դա ոչ մի կերպ չի կարող վերաբերել։ Բաքվի հանդեպ բարի կամքի մասով Երևանը վաղուց արդեն «գերդոզավորում» ունի։ Ճկունության առումով էլ Երևանն արդեն մեջքը ծռել է ծայրահեղության աստիճան։ Դրանից ավելի՝ էլ ո՞ւր։ Ասենք, հասկանալի է, որ պետքարտուղարին նման «մանրուքները» չեն կարող հուզել։ Կարևորը հայտարարելն է, թե հայ-ադրբեջանական բանակցային ամերիկյան մարաթոնը ինչ-որ պտուղներ տվել է։ Այլապես ստիպված կլինեն ընդունել, որ տվյալ՝ ամերիկյան բանակցային հարթակը բացարձակապես ձախողված է, անարդյունավետ և ի բնե չի կարող մրցակցել ռուսականի հետ։ Այնպես որ այս առումով Էնտոնի Բլինկենի լավատեսական գնահատականները միանգամայն բացատրելի են։ Բայց…

Մինչ պետքարտուղարը հանդես է գալիս իր՝ Բլինկենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ, Ադրբեջանի նախագահը խոսում է առանց միջնորդների հայ-ադրբեջանական բանակցությունների անհրաժեշտության մասին։ «Կարծում եմ, համաձայնության հասնելու լավագույն միջոցը ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ առանց որևէ միջնորդների, շփման կազմակերպիչների և խոչընդոտների։ Համարում եմ, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցություններն ավելի օգտակար և անհրաժեշտ կլինեն։ Իմ կարծիքով, մենք պետք է առաջ շարժվենք այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- հայտարարում է Ալիևը այն պահին, երբ Ամերիկայում բանակցությունները դեռ ընթացքում են։ Փաստորեն միջնորդը, շփման կազմակերպիչը և, համապատասխանաբար, խոչընդոտն այս պահին ո՞վ է։ Պարոն Բլինկենը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետքարտուղարի գնահատականներն առնվազն տարօրինակ են։ Բլինկենը խոսում է կողմերի միջև համաձայնության հասնելու գործընթացում ԱՄՆ-ի ներգրավվածության մասին, մինչդեռ կողմերից մեկը՝ Ալիևը, բացահայտ հայտարարում է, որ միջնորդների կարիք չունի:

Ասենք, ԱՄՆ պետքարտուղարի լավատեսությունը չի կապակցվում նաև ամերիկյան բանակցությունների խորապատկերին Փաշինյանի արած հայտարարությունների հետ։ Այսպես, Հայաստանի վարչապետը, միջոցառման ժամանակ ելույթ ունենալով Պրահայում, պատմում է այն խոչընդոտների մասին, որոնք խանգարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդ որում թվարկում է գործոններ, որոնք նույնիսկ ոչ թե խոչընդոտ, այլ պարզապես անհաղթահարելի պարիսպ են: Ահա թե ինչ է ասում Փաշինյանը. «Մինչ օրս անհնար է եղել համաձայնության գալ այնպիսի խոսույթի շուրջ, որը հստակ կհայտարարի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով»: Այնուհետ նա հայտնում է, թե մինչև հիմա պարզ չէ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմը, մինչև հիմա պարզ չէ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմը, մինչև հիմա չկան խաղաղ համաձայնագրի գործնական իրականացման մեխանիզմներ, չկան Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի մեկնաբանման շուրջ տարաձայնությունների հաղթահարման մեխանիզմներ: Փաստորեն, ամենասկզբունքային, ամենաառանցքային հարցերի պարագայում կողմերը մեկ քայլ անգամ չեն մոտեցել միմյանց…

ԱՄՆ պետքարտուղարին, իհարկե, անհրաժեշտ է ցույց տալ հայ-ադրբեջանական ամերիկյան բանակցությունների դրական արդյունքներ։ Բայց, ավաղ, դա անել ակնհայտորեն չի հաջողվում։ Իսկ բանակցությունների արդյունքներով նրա գնահատականները հիշեցնում են հայտնի երգը. «Իսկ մնացյալ ամենը, չքնաղ մարկիզուհի, լավ է, ամեն ինչ շատ լավ է...»: