ԱԼԻԵՎԻ ԴԵՄԱՐՇԸ

Բոլորը նկատեցին, որ Իլհամ Ալիևը ներկա չէր Մոսկվայում Հաղթանակի շքերթին։ Պաշտոնական պատճառն այն է, որ այսօր Ադրբեջանում նշում են Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը։ Բայց դա ավելի շուտ ձևական առիթ է։ Չէ՞ որ ցանկության դեպքում Իլհամ Ալիևին դժվար չէր լինի երեք ժամ գտնել՝ Ռուսաստանի համար այդչափ նշանակալի օրը Պուտինին Մոսկվայում ողջունելու համար։

ԿԱՐԵԼԻ Է ԵՆԹԱԴՐԵԼ, ՈՐ ԱԼԻԵՎԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԱՌԻԹՆԵՐ ԷԼ ՈՒՆԵՐ։ Պարզ էր, որ իր ելույթում Վլադիմիր Պուտինն անպայման քննադատելու է Արևմուտքի այսօրվա դիրքորոշումն Ուկրաինայի հարցում, իսկ Կիևն ախր Բաքվի այնքա՜ն նվիրված դաշնակիցն է ղարաբաղյան հարցում։ Լավության տակից պետք է դուրս գալ, և Ալիևը որոշեց վճարել հոգու պարտքը։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահի համար դա լավ հնարավորություն է միավորներ հավաքելու արևմտյան աշխարհի առջև։ Ասել է թե՝ այ, Փաշինյանը, որին դուք աջակցում եք Արցախի վերաբերյալ ձեր հայանպաստ հայտարարություններով, վազեց Մոսկվա՝ Պուտինի մոտ, իսկ ինձ ոչ ոք չի կարող ցուցումներ տալ

Բացի այդ, Ալիևին Արևմուտքում մշտապես քննադատում են բազմաթիվ առումներով. և՛ Արցախի հարցում նրա դիրքորոշման, և՛ Լաչինի միջանցքում գործողությունների, և՛ մարդու իրավունքների հետ կապված վիճակի, և՛ կոռուպցիայի համար։ Ալիևն իր հաղթաթղթերն ունի. էներգառեսուրսներ, դաշինք Անկարայի հետ և... առճակատում Իրանի հետ։ Վերջին հանգամանքը շատ է դուր գալիս Արևմուտքին, բայց դժվար թե դուր գա Մոսկվային, որը Թեհրանի հետ գրեթե դաշնակցային հարաբերություններում է։

Մոսկվան և Բաքուն հակասություններ ունեն նաև Արցախի հարցում։ Չափազանց լկտիաբար է խախտում Բաքուն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին 9.11.2020թ. եռակողմ հայտարարության դրույթները։ Մոսկվայում տեսնում են, որ Ալիևը հող է նախապատրաստում Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմը (ՌԽԶ) դուրս բերելու պահանջի համար։ Անցակետի հետ կապված պատմությունը հստակ վկայում է Բաքվի մտադրությունների մասին, իսկ Մոսկվայի արագ արձագանքը, որն անմիջապես փոխարինեց ՌԽԶ հրամանատարին ռուսական ռազմական էլիտայի ամենահեղինակավոր դեմքերից մեկով, վկայում է Մոսկվայի դժգոհության մասին։ Այո, հասկանալի է, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Ադրբեջանի հետ, բայց տարածաշրջանում իր դիրքերը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու մտադրություն էլ չունի։

Այստեղ տեղին է նշել, որ Իվանյան ավանում (նախկին Խոջալու), որտեղ տեղակայված է ՌԽԶ-ն, նույնպես անցկացվել է «Անմահ գունդ» ակցիան, որի ժամանակ ռուս զինծառայողների ձեռքին Հայրենական մեծ պատերազմի հերոս արցախցիների լուսանկարներն էին...

Ղարաբաղի հարցում Մոսկվայի և Բաքվի հակասություններն անխուսափելի են, քանի որ առաջ մղելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթի իր տեսլականը՝ Իլհամ Ալիևը փաստացի ձգտում է զրոյացնել եռակողմ հայտարարությունը: Մասնավորապես, դրանով է բացատրվում նրա անհեթեթ դիրքորոշումը. նոր փաստաթղթում չպետք է շոշափվի ղարաբաղյան թեման…

ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ԱՆՀԵԹԵԹ ՄՈՏԵՑՈՒՄ Է։ Չէ՞ որ քննարկվող ապագա փաստաթուղթը ենթադրվում է անվանել ոչ թե խաղաղության պայմանագիր (մանավանդ որ պաշտոնապես ոչ ոք ոչ մեկին պատերազմ չի հայտարարել), այլ Հայտարարություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը գլխավոր փորձաքարն է այդ հարցում։ Եվ երբ Ալիևն ասում է, թե Երևանը չպետք է միջամտի այդ հարցին, Ադրբեջանի նախագահը, ճիշտ ինչպեսև համաշխարհային մյուս դերակատարները, հակասում է ինքն իրեն՝ «մոռանալով», որ եռակողմ հայտարարությունը ստորագրել է ոչ միայն ինքը՝ Ալիևը, այլև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ոչ միայն իր, այլև Պուտինի ու Փաշինյանի կողմից ստորագրված հենց այդ հայտարարության մեջ էլ նախանշվում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Սակայն, 2020-ին ընդունելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակցելու Երևանի իրավունքը, այսօր Ալիևն արդեն ցանկանում է զրկել Երևանին այդ իրավունքից։ Եվ ոչ միայն Երևանին, այլև շատ ավելի ազդեցիկ այլ դերակատարներին։ Իսկ մեր Նիկոլը, հլու-հնազանդ կատարելով արևմտյան ցուցումները, կարծես թե ուրախ է համաձայնել, միայն թե հանգիստ թողնեն իրեն։ Թեև բոլոր հիմքերը կան պնդելու Երևանի իրավունքները և փորձելու հասնել այն բանին, որ պատրաստվող նոր փաստաթղթում ընդգծվի եռակողմ հայտարարության բոլոր կետերը մինչև վերջ կատարելու կողմերի պարտավորությունը։

Նման դիրքորոշում ունի նաև պաշտոնական Մոսկվան, որն իր ներկայացուցիչների շուրթերով բազմիցս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն անցնում է եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացման միջով, իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերն ուղղված են ոչ թե կարգավորմանն աջակցելուն, այլ այդ հարցում Ռուսաստանի դերը զրոյացնելուն: Անհնար է չհամաձայնել։