ԸՆԴԴԵՄ ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

Ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ Արցախում մայիսի 26-ին հնչեց Վերջին զանգը միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների համար: Միայն թե, ի տարբերություն հայկական այլ շրջանների դպրոցների շրջանավարտների, արցախցի շրջանավարտները չեն կարող ուսումը շարունակել իրենց տարածաշրջանից դուրս. շրջափակում է:

Մինչդեռ Արցախի տեղեկատվական ռեսուրսները հայտնում են, որ Հայաստանից Արցախի էլեկտրա-գազամատակարարման անջատման և գետերի հուների փոփոխության պատճառով ամբողջությամբ չորացել է Սարսանգի ջրամբարը: Սա էկոլոգիական աղետ է, որը, ի թիվս ամենի, կհանգեցնի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման հնարավորությունից զրկման, Արցախում պարենային ճգնաժամի խորացման։

Այս ամենը ուրախալի լուր է Իլհամ Ալիևի համար, որը հայտարարել է, որ «վերաինտեգրման» հարցը քննարկելու համար հանդիպման ղարաբաղահայերին ուղղված երրորդ առաջարկ չի լինելու։ «Կա՛մ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձություններն այլ կերպ կզարգանան։ Բոլորը շատ լավ գիտեն, որ այսօր մենք ունենք բոլոր հնարավորությունները Ղարաբաղում ցանկացած գործողություն անցկացնելու համար։ Ուստի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, բոլոր «նախարարները», «պատգամավորները» և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է Հեյդարի որդին։

Ալիևը փաստացի բացահայտ սպառնում է ռազմական գործողություն իրականացնել Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, անթաքույց վարում է Արցախը ռեզերվացիայի վերածելու քաղաքականություն։

Ռուբեն Վարդանյանն Արցախից հայտարարում է. «Ալիևի հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում. նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղահանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմագոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած։ Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»։

Ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը... Ռուբեն Վարդանյանը դեռ հարցե՞ր ունի Փաշինյանին. այն անձնավորությանը, որը շարունակում է բոլորին հավաստիացնել, թե կարելի է պայմանավորվածություններ ձեռք բերել նրա հետ, ով ուզում է քեզ ոչնչացնել և չի թաքցնում իր մտադրությունները: Յուրաքանչյուր հայի համար պարզ է, որ Ադրբեջանում հայերի կյանքն անհնար է։ Պարզ է գրեթե բոլորին, բացի Նիկոլից ու իր թիմից, որոնք շարունակում են իրենց ջանադիր ավանդը ներդնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ձեռքբերման գործընթացում։ Դժվար է գերագնահատել նրանց դերը տոտալ շրջափակման կազմակերպման գործում, որ իրականացնում է Ադրբեջանը հայկական անձնագրերով մարդկանցով բնակեցված չճանաչված հանրապետության դեմ։ Դեռևս հայկական անձնագրերով։

«Վերջնակետը հատված է՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես»,- ասում է Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին՝ ինչ-որ բանի հույս փայփայելով: Դեռևս հույսեր կապելով մի մարդու հետ, որն առաջիններից մեկն է շնորհավորել Ռեջեփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Շնորհավորել է ու նշել, որ «անհամբերությամբ» սպասում է «Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար համատեղ աշխատանքի շարունակմանը»:

Պետք է ենթադրել, որ արդեն կատարված «համատեղ աշխատանքի» տակ, որի շարունակման մասին այդքան մտահոգ է Փաշինյանը, նկատի են առնվում համատեղ ջանքերը և՛ Հադրութի ու Շուշիի բռնազավթման, և՛այժմ արդեն նաև Ստեփանակերտի զավթման հեռանկարի ուղղությամբ։