ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ…

Ռուսատյացությունը խանգարում է իրատեսական կանխատեսումներին

7,5 ամիս շարունակվեցին արյունալի մարտերը Բախմուտի համար, և ճիշտ նույնքան էլ շարունակվեց վայ-քաղաքագետների ուխտագնացությունը իշխանական հեռուստաալիքներ՝ հատուկ գործողության ուժերի մոտալուտ պարտության կտրական գուշակություններով։ Իսկ նրանց, ովքեր հիմնավոր կանխատեսումներ էին հրապարակում, որ այդ մարտում հաղթելու են հատուկ գործողության ուժերը (նման կանխատեսումներ էր հրապարակում ոչ միայն «Գոլոս»-ը), այդ վայ-քաղաքագետները ներողամտորեն դասում էին ռուսական հեռուստաալիքների քարոզչության զոհերի շարքին։

Կյանքը ցույց տվեց, որ իշխանական հեռուստաալիքները տիրաժավորում են վայ-քաղաքագետների կեղծ կանխատեսումները, որոնք շատ թյուր պատկերացումներ ունեն աշխարհում և տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացների մասին։ Կանխատեսումներ անել նրանք չեն կարողանում, բայց պատրաստ են ջերմեռանդորեն, կատաղաբար և առարկություններ չընդունող տոնով ցանկացած պահի պաշտպանել ռուսատյաց հույզերի վրա հիմնված իրենց կանխատեսումները։ Ի դեպ, ռուսատյաց հիստերիան լոկ ժամանակավորապես հեղեղեց ողջ արևմտյան աշխարհը, որից հետո համաշխարհային առաջատար լրատվամիջոցները վերադարձան սովորական հուն, այսինքն սկսեցին յոլա գնալ առանց առանձնակի ծայրահեղությունների։

Հենց այդ պարբերականներն էին հրապարակում ամերիկյան հատուկ ծառայությունների և ռազմական հետախուզության կանխատեսումներն այն մասին, որ հատուկ գործողության ուժերը կարող են գրավել Բախմուտը, իսկ ուկրաինացիների հակահարձակումը չի կարող ավարտվել համոզիչ ու անվերապահ հաղթանակով, քանի որ այդպիսի հաղթանակի համար ուկրաինական կողմը չունի անհրաժեշտ բաղադրիչները. երկնքում գերակշռումից մինչև ռազմավարություն երկրի վրա։ Ուզում եմ ճշտել. մենք կանխատեսել ենք հաղթանակը Բախմուտում, բայց ոչ ամբողջ հատուկ գործողության արդյունքները, որոնք մեծապես կախված կլինեն հակահարձակումից։ Մայիսի 21-ին Հիրոսիմայի գագաթնաժողովում Բայդենն ասաց, որ F-16 ինքնաթիռները չէին օգնի պահել Բախմուտը:

Բախմուտի հանձնումից հետո ռուսատյացները սկսեցին խոսել այն մասին, թե քաղաքը (42 քառ.կմ) ռազմավարական նշանակություն չունի։ Իրականում Բախմուտը ծառայում էր որպես ուկրաինական զինված ուժերի բազմամակարդակ պաշտպանության կենտրոնական օղակ՝ 80 կմ երկարությամբ, այնուհետ կգա Կրամատորսկի և Սլավյանսկի հերթը: Զելենսկին մայիսի 21-ին ասաց, որ հակահարձակումը կարող է հետաձգվել ևս մի քանի շաբաթով: Ատելությունը վատ հարթակ է քաղաքական կանխատեսումների համար, օրերս Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը հանդիմանեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանին նրանում, որ վերջինիս բոլոր արտահայտությունները հանգում են Ռուսաստանի հասցեին քննադատության: Հանրային հեռուստաընկերության եթերում արդեն վաղուց հյուրերից յուրաքանչյուրն իր քաղաքական խնդիրներն է լուծում։ Որևէ մեկը գիտի՞, թե ինչ միջոցներով է գործում Խուրշուդյանի կազմակերպությունը։

«Պատմական ճշմարտություն»՝ ՔՊ-ական պատգամավորից

Անձնական հակակրանքի և արտաքին ու ներքին ուժերի հատուկ հանձնարարությունների վրա հիմնված կանխատեսումների թվին պետք է դասել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի կանխատեսումը ՀՅԴ ապագայի վերաբերյալ: Եթե փաշինյանական հեռուստաալիքների մշտական բանախոսները Ռուսաստանի անխուսափելի պարտության մասին կանխատեսումներ են անում քաղաքական ատելության ավելցուկից, որը կանոնավորապես բորբոքում են օտարերկրյա գրանտներով, ապա Ասլանյանը ղեկավարվում է ներկայումս գործող ամենահին կուսակցության հանդեպ անձնական հակակրանքով։

Ընթերցողին հիշեցնելու համար, թե ում մասին է խոսքը, մեջբերեմ 2022թ. հունիսի 28-ին «Հրապարակ» օրաթերթին պատգամավորի տված հարցազրույցից մի հատված: Լրագրողը հարցնում է. «Դուք համարում եք, որ հազարավոր երիտասարդ կյանքերի գնով կարելի՞ էր Ղարաբաղի հարցը «լուծել», կամ՝ դուք դա լուծո՞ւմ եք համարում: Չէ՞ որ ո՛չ Արցախի կարգավիճակն է հստակեցվել, ո՛չ անվտանգային խնդիրներն են լուծվել»

Ասլանյանը պատասխանում է. «Լսե՜ք, ի՞նչ հազարավոր երիտասարդների մասին է խոսքը»։ Այնուհետ հաջորդեց անդրադարձը 100-ամյա պատերազմին, որը տեղի է ունեցել միջնադարում և բազմաթիվ կյանքեր խլել։ Ասլանյանը, հիշեցնեմ, իրեն պատմաբան է անվանում

ՀՅԴ-ի մոտալուտ փլուզման թեմայով բառագրոհը (Ասլանյանն ասաց, թե այդ կուսակցությունը շուտով կվերանա ՀՀ քաղաքական քարտեզից) ամենևին էլ պատահական չէր։ Փաշինյանի քարոզչամեքենան աշխատում է խստիվ նախանշված ծրագրերով։ Պատգամավորի հայտարարությունը արձագանքն էր հաճախակի հնչող այն մտքին, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում նրա կուսակցությունից հաշված օրերի ընթացքում ոչինչ չի մնա, մինչդեռ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն ազատվեց պատահական մարդկանցից և այժմ ռեժիմի դեմ պայքարի առաջնագծում է:

Ասլանյանը անդրադարձավ 1994թ. դեկտեմբերի 28-ին Տեր-Պետրոսյանի կողմից ՀՅԴ-ի արգելմանը: Երբ արգելանքը չեղարկվեց, կուսակցությունը, ըստ պատգամավորի, պարտավոր էր համագումար անցկացնել, բայց չանցկացրեց: Ասլանյանը նյութեր է հավաքում «այդ կազմակերպության լրտեսական գործունեության մասին ավելին իմանալու համար»։

Սրանք նրա խոսքերն են: Պատգամավորին արդեն բացատրել են, որ ավանդական կուսակցությունը համագումարներ չի անցկացնում, նա անցկացնում է համաժողովներ, բայց սրանք ընդամենը մանրամասներ են, իսկ էությունն այն է, որ Ասլանյանը կիսում է Փաշինյանի պատրաստակամությունը՝ ճանաչելու Արցախը Ադրբեջանի կազմում և հանձնելու Հայաստանի տարածքում գտնվող 8 գյուղերը, բայց խոսում է ՀՅԴ-ի «լրտեսական գործունեության» մասին։

Ասլանյանը բազմաթիվ թունոտ խոսքեր ասաց նաև Հայ Դատի կազմակերպության հասցեին, որը, իր կանխատեսմամբ, կդադարի գոյություն ունենալ առաջիկա 10-15 տարիներին։ Դատելով պատգամավորի խոսքերից, դա տեղի կունենա ոչ այլ կերպ, քան ՔՊ-ի ջանքերի շնորհիվ։ Ասլանյանը որոշել է, թե Փաշինյանի կուսակցությունը իշխանության ղեկին է մնալու ևս 10-15 տարի։ Նա ոչ միայն իր սեփական «պատմական ճշմարտությունն» ունի, այլև իր ուրույն քաղաքական կանխատեսումները

Նշյալ ժամանակահատվածում ռեժիմը վերջ կտա բոլոր «լրտեսներին»։ Եթե չլիներ սույն «պատմաբանի» պատկառելի տարիքը, ապա կարելի էր բազմաթիվ օրինակներ հիշեցնել նրան պատմական մոլորությունների շարքից, բայց դժվար թե արժե ծանրացնել մեր ակնարկը պատմական լուրջ իրադարձությունների վկայակոչումով: Սա այն դեպքն է, երբ կարելի է սահմանափակվել թուրքահպատակի որդի Օստապ Բենդերի արտահայտությամբ. «Ո՜նց կքոթակեի քեզ, միայն թե Զրադաշտը թույլ չի տալիս».