«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԳՈՐԾԸ. ԻՆՉՊԵՍ ԱՐՇԱՄՅԱՆՆ ՈՒ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՍՏՈՒԳԵՑԻՆ

Վերջերս հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, եթե չեմ սխալվում՝ Գերմանիայում, վարչապետը ստիպված եղավ լսել մասնակիցների բավական սուր ելույթները։ Նրանցից մեկը հիշեց այն տխրահռչակ 100 միլիոն դոլարը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ փոխանցվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին աշխարհասփյուռ հայության կողմից՝ ի աջակցություն Արցախի, իսկ մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո միանգամայն անսպասելիորեն հատկացվել Փաշինյանի կառավարությանը։

Այս պատմությունը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, բազմաթիվ պահանջներ հնչեցին՝ բացատրելու հիմնադրամի պատմության մեջ աննախադեպ այդ քայլի պատճառները և զեկուցելու, թե հատկապես ինչի վրա է ծախսվել այդչափ պատկառելի գումարը։ Ի թիվս այլ գործիչների, հաշվետվություն էին պահանջում նաև հոգաբարձուների խորհրդի անդամները։ Այսպես, ՀՀ այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ դեռևս չի ստացել այդ 100 մլն դոլարի օգտագործման ֆինանսական հաշվետվությունը և քննադատեց հիմնադրամի տնօրինության գործողությունները, հայտարարելով, որ դրանք խաթարել են դոնորների վստահությունը կառույցի նկատմամբ։ Սարգսյանը նաև կոչ արեց կառավարությանը մանրամասն հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե հատկապես ինչի վրա են ծախսվել կոնկրետ նպատակով՝ Արցախին օգնելու համար փոխանցված միջոցները:

Հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույն օրերին հայտարարեց, որ կառավարությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել այդ 52 մլրդ դրամի մասին։ Խոսելով հոգաբարձուների խորհրդի առցանց նիստում Փաշինյանի ելույթի մասին՝ Քոչարյանն ընդգծեց, որ նա միանշանակ հայտարարել է, թե այդ միջոցները մուտքագրվել են պետբյուջե և ծախսվել ծախսերի ընդհանուր կաթսայում, ուստի անհնար է հստակեցնել, թե հատկապես ինչի վրա են դրանք ծախսվել։

ՀՀ չորրորդ նախագահը հրաժարական տվեց, իսկ երկրորդը ցուցադրաբար դուրս եկավ հոգաբարձուների խորհրդից՝ այդպես էլ չստանալով պատասխանն ու հաշվետվությունը։ Իսկ շուտով աղմկահարույց պատմությունը կոծկեցին, և այն մեծ հաշվով մոռացվեց Հայաստանին և Արցախին պատուհասած գոյաբանական խնդիրների ճնշման տակ, ինչպես որ մոռացվեցին փաշինյանական իշխանության անթիվ-անհամար այլ հանցավոր գործողություններ, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին ցնցել է երկիրը։ Ճիշտ է, «Հայաստան» հիմնադրամի վրա այդ ժամանակից ի վեր մի տեսակ խարան է դրվել, համահայկական կառույցին դադարել են վստահել և բարեգործական ներդրումներ փոխանցել հազարավոր հայեր ինչպես բուն Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Բայց այդ իմաստով հիմնադրամն «ընդամենը» կրկնեց «հեղափոխականների» փլուզած այլ ազգային կառույցների ու ինստիտուտների ճակատագիրը։

Եվ ահա հիմա, ուղիղ երկուսուկես տարի անց, իշխանությունները որոշեցին վերջապես հաշվետու լինել այդ 52 մլրդ դրամ գումարի համար, որը, գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքերով, բարեգործական միջոցների ոչ նպատակային օգտագործման մեղադրանքների և շահարկումների առիթ է դարձել: Ամենայն հավանականությամբ, Արշամյանը շատ կցանկանար տնօրինել աշխարհասփյուռ հայության նվիրատվություններին սեփական հայեցողությամբ և ի նպաստ գործող իշխանության շահերի, իսկ նվիրատուներն ընդ որում պիտի անվերապահորեն հավատային իր և Փաշինյանի «ազնիվ խոսքին»։ Ինչևէ, օրերս հիմնադրամը տեսահոլովակ հրապարակեց, որտեղ ներկայացված են իբր փաստեր այն մասին, թե որքան թափանցիկ են ծախսվել գումարները, թեև, կրկնենք, անձամբ Փաշինյանը պնդում էր, թե այդ ծախսերն անհնար է կոնկրետացնել ընդհանուր բյուջետային կաթսայում։

ՀԻՄԱ ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀՆԱՐԱՎՈՐ Է։ Իբր թե։ Քանզի այն, ինչ ներկայացված է տեսանյութում, կրկին շատ նման է «մամայիս արև, մենք ազնիվ ենք» երդման: Իսկ ամենակարևորը. որպես աղբյուր բերվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի համապատասխան հաշվետվությունը։ Այսինքն պատերազմի օրերին հավաքված գումարների ծախսման միջազգային աուդիտ, ինչպես պահանջում էին հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ, այդպես էլ չի իրականացվել։

Հայկակ Արշամյանը տեսահոլովակում շատ «խորամանկորեն» բացատրում է դա նրանով, թե պետբյուջեի ծախսերի աուդիտ անցկացնելու իրավունք ունի միայն ՀՀ հաշվեքննիչ պալատը, ասես չնկատելով սեփական երեսպաշտությունը: Չէ՞ որ այն ժամանակ, 2020 թվականի վերջին, հոգաբարձուների խորհուրդը ոչ միայն ջերմեռանդորեն վստահեցնում էր բոլորին, թե միջոցները ծախսվել են ըստ նշանակության, այլև հայտարարում միջազգային խոշոր ընկերության հետ համագործակցությամբ հաշվեքննում անցկացնելու հիմնադրամի պատրաստակամության մասին, որպեսզի, իբր, փարատեն բոլոր կասկածները։

Որոշ կրճատումներով ներկայացնենք բլոգեր Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան գրառումը, որում արված են բոլոր շեշտադրումները այդ «զեկույցի» վերաբերյալ։

«Հիմա հիմնադրամը մի հատ նյութ ա տարածել, որտեղ հպա՜րտ ձայնով պատմում ա, որ ֆինանսների նախարարությունը իրանց մի հատ թուղթ ա տվել, թե ոնց են ծախսել էդ փողերը ու որ էդ թղթով սաղ լավ ա։ Հետո էլ թե բա. «դե շատ կարևոր ա, որ ամեն ինչ լինի բաց, թափանցիկ, ֆլան-ֆստան, դրա համար անկախ հաշվեքննություն ա պետք»։ Իսկ հիմա գուշակեք, թե ով ա էդ «անկախ հաշվեքննությունն» արել։ Հաշվեքննիչ պալատը։ Բայց անգամ հաշվեքննիչ պալատը փորձել ա նենց անի, որ վերջում իր ջեբը չգցեն։ Եվ ուրեմն ինչ ա ասում Հաշվեքննիչ պալատը։ Նախ հենց սկզբից ասում ա, որ «Հիմնադրամի նվիրաբերած միջոցների ու պետական բյուջեի առանձին վերցրած որևէ ծախսի միջև ուղղակի կապը բացակայում է»։ Այլ բառերով ասած. «չգիտենք, թե ուր են գնացել էդ փողերը»։ Հետո ասում ա, որ չնայած դրան, կա միջոցառումների ցանկ, որոնք, մեջբերում եմ. «ըստ կառավարության հաշվետվության, ֆինանսավորվել են՝ այդ թվում նաև Հիմնադրամից ստացված միջոցների հաշվին»։ Ու վերջում էլ. «դե որ կառավարությունն ասում ա, որ ծախսել ա էդ միջոցառումների վրա, եկեք նայենք, որ դրանք լավ միջոցառումներ են էղել»։ Ու այդ պահից սկսած ամբողջ հաշվետվությունը ոչ թե «Հայաստան» հիմնադրամի փողերի ծախսի մասին ա, այլ տարբեր սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ծրագրերի մասին։ Հիմնադրամի փողերն էդ ամեն ինչին են ուղղվել, թե այլ բանի՝ էդ արդեն առաջարկվում ա հավատալ կառավարության խոսքին։

Հ.Գ.- Լրացուցիչ հմայք է տալիս այս ամենին այն, որ հիմնադրամի փողերը ծախսողն ու հիմա այդ ծախսը ստուգողը նույն մարդն է. Ատոմ Ջանջուղազյանը, որը ծախսելուց ֆինանսների նախարարն էր, իսկ հիմա Վերահսկիչ պալատի նախագահն է»։

Ահա այսպիսին է համայն հայության համար կարևոր հարցի վերաբերյալ «անկախ հաշվետվությունը» դե ֆակտո իշխանությունների կատարմամբ. Հաշվեքննիչ պալատն այսօր ստուգում է, թե ինչ է արել իր ղեկավարը երեկ՝ այլ պաշտոնում: Եվ դա կոչվում է «անկախ հաշվեքննում», որին չգիտես ինչու պետք է հավատանք։ Արշամյանը հոլովակում հանդիսավորությամբ հայտարարում է, թե իբր՝ այս աուդիտը թույլ կտա վերջ տալ բոլոր շահարկումներին ու մեղադրանքներին, որից հետո կփակվի Հիմնադրամի պատմության այդ էջը, և իրենք կբացեն նորը։

Միայն թե սույն պարոնը ջանադրաբար շրջանցում է այն հարցը, թե ինչո՞ւ այնուամենայնիվ երկուսուկես տարվա ընթացքում միջազգային ընկերության հետ համագործակցությամբ աուդիտ չի անցկացվել, ինչպես հանդիսավոր կերպով խոստացել էին։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ այդ դեպքում կբացահայտվեին բազմաթիվ խախտումներ, չարաշահումներ և ոչ նպատակային ծախսեր, որոնք պրն Արշամյանը, Ջանջուղազյանը և, իհարկե, Փաշինյանը շատ են ջանում թաքցնել։

Եվ մի՞թե ոչ այն պատճառով, որ պատերազմի սարսափելի օրերին հայ ժողովրդի միասնական մղումով հավաքված նվիրատվությունները բնավ չեն ծախսվել Արցախին օգնելու համար, ինչպես միամտաբար հավատում էին հաճախ վերջին գրոշը տված մարդիկ, այլ մտել են ոմանց անհատակ գրպանը։