ԲԱՔՈՒՆ «ՔՑՈՒՄ Է», ԻՍԿ ԵՐԵՎԱՆԸ՝ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆՈՒՄ

Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է NEWS.am-ը։

«Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկագիծն անցնում է: Դա էլ է շատ կարևոր և ֆունդամենտալ համաձայնություն: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- ասաց Գրիգորյանը։ Ճշտող հարցին, թե Բաքուն համաձայնե՞լ է իրավազորության հետ կապված այդ մոտեցմանը, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը որևէ այլ ձևաչափով չենք քննարկելու: Եվ եթե այնուամենայնիվ կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է՝ այդ ընկալումը կիսում են առնվազն մեր եռակողմ աշխատանքային խմբի հարթակի բոլոր մասնակիցները»։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. մինչեվ վերջերս Հայաստանի պաշտոնյաների զգուշավոր լավատեսությունը հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի այս կամ այն տեսանկյունների վերաբերյալ, հավանաբար, կարող էր ունենալ միայն իրենց հայտնի ինչ-որ հիմքեր։ Սակայն նախօրեին տեղի ունեցավ մի իրադարձություն, որից հետո պարզապես ծիծաղելի են դիտվում ՀՀ փոխվարչապետի հավաստիացումները, թե Բաքվի և Երևանի միջև կոնսենսուս կա որոշակի հարցի շուրջ:

Խոսքը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առջև Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է։ Սկզբունքորեն, դժվար է իրադարձություն անվանել այն ամենի երկարուձիգ շարադրանքը, ինչի մասին տարբեր կերպ և տարբեր հանգամանքներում բազմիցս խոսվել է հետպատերազմյան մի քանի տարիների ընթացքում: Այդուհանդերձ որոշակի արժեք Փաշինյանի ելույթն ուներ։ Դա (ելույթը) իսպառ փլուզեց խաղաղության տխրահռչակ դարաշրջանի հեռանկարի մասին իր իսկ՝ Փաշինյանի առասպելը, ակներևաբար ցույց տալով պայմանավորվածությունների, վիճելի հարցերում փոխզիջումների և Բաքվի ու Երևանի միջև կոնսենսուսի բացարձակ անհնարինությունը։ Մեծ հաշվով Փաշինյանը պատմում էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Բաքուն անդադար «քցել» է Երևանին, իսկ Երևանն այնքան թույլ էր, որ ոչինչ չէր կարող հակադրել դրան։

Պատերազմի օրերին Պուտինի, Մակրոնի հետ իր շփումների ժամանակագրությունը, Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի միջնորդական ջանքերը մանրամասն ներկայացնող Փաշինյանի խոսքը չենք վերաշարադրի։ Բավական է նշել, որ, ըստ Փաշինյանի, նախապես ձեռք էին բերվում որոշակի պայմանավորվածություններ, որոնք հետո խախտում էր ադրբեջանական կողմը։ Մասնավորապես, ահա թե ինչ ասաց Փաշինյանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին հրադադարի պայմանավորվածության ձեռքբերման մասին հայտարարության վերաբերյալ: «Այս հայտարարությունն ընդունելի էր մեզ համար, և, բնականաբար, հայտարարության ընդունումից հետո իմ հրահանգը Պաշտպանության նախարարությանը և Գլխավոր շտաբին եղել է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Բայց աննշան դադարներից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր պահպանում կրակի դադարեցման ռեժիմը, այլև ավելի էր ակտիվացնում իր գրոհային գործողությունները՝ հարձակում ձեռնարկելով արդեն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի վրա, հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ»։

Ըստ Փաշինյանի պատմածի՝ ադրբեջանական կողմն անտեսել է հրադադարի հասնելու հարցում նաև Մակրոնի միջնորդությունը։ Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, որը Փաշինյանին տեղեկացրել է հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը առանց նախապայմանների հրադադար հաստատելու Ադրբեջանի նախագահի պատրաստակամության մասին: «Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ հոկտեմբերի 18-ին նույնիսկ հրադադար չի հաստատվել, «չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար»։

Փաշինյանը պատմեց հանձնաժողովին, որ հոկտեմբերի 23-ին հայտնվել է հրադադարի մասին նոր համաձայնագիր կնքելու ամերիկյան նախաձեռնությունը։ Հայտարարությունը համաձայնեցվել է միայն հոկտեմբերի 25-ին։ Խոսքը հոկտեմբերի 26-ի առավոտյան ժամը 08.00-ից հրադադարի ռեժիմի հաստատման մասին էր։ Սակայն, ըստ Փաշինյանի, կրակի դադարեցման մասին այդ պայմանավորվածությունը նույնպես Ադրբեջանը խախտել է։

Փաշինյանի պատմությունը, կրկնում եմ, սկզբունքորեն պատմություն էր այն մասին, թե ինչպես է 44-օրյա պատերազմի ընթացքում Երևանը գնացել զիջումների, հեղինակավոր ուժերի միջնորդությամբ որոշակի կոնսենսուս է ձեռք բերվել կողմերի միջև, բայց պայմանավորվածությունները անմիջապես խախտվել են Բաքվի կողմից։

Պատերազմից հետո իրավիճակը բացարձակապես չի փոխվել։ Բավական է ուշադրություն դարձնել, թե ինչպես է Բաքուն լկտիաբար խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները։ Եվ դա տեղի է ունենում առ այսօր։ Ադրբեջանը չի դադարում խախտել իր ստանձնած պարտավորությունները, պարզ ասած՝ «քցել», իսկ Հայաստանը դրանից հետո, մեղմ ասած, ավելի ուժեղ չի դարձել, որպեսզի դիմադրի և անընդհատ զիջումների չգնա՝ զոհաբերելով սեփական շահերը։

Երբ այսօր փոխվարչապետը խոսում է այն մասին, թե գոնե մեկ հարցի շուրջ կողմերի միջև կա կոնսենսուս, դա չի կարող չմտահոգել։ Քանզի ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե Բաքուն կրկին չի «քցի», իսկ Երևանը կրկին չի «քցվի»։