ԼԱՎ Է, ՈՐ ԲԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՎԻ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ արտակարգ նիստը Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հինգշաբթի օրը կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց քննարկումների արդյունքները. «Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ և շարունակաբար պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ»,- ասաց նա։

«ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Ընդգծվեց, որ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չի կատարվել։

Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասաց Փաշինյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հասկանալի է, որ Փաշինյանը փորձում էր ինչ-որ դրական բան գտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մեջ։ Սակայն սխալ տեղում էր փնտրում։ Իրականում այդ իրադարձության միակ դրական արդյունքն Արցախի համար այն է, որ ողջ այդ պատմությունն ավարտվեց առանց ամփոփիչ փաստաթղթի ընդունման։

Այո, Փաշինյանը ճիշտ է ասում, որ «արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը»։ Սակայն արձանագրվեց նաև մեկ այլ բան։ Մասնավորապես՝ որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ «Միջազգային բարձրագույն ատյանի» ամբիոնից բազմիցս հնչեց այդ թեզը և հայկական կողմից որևէ առարկություն դրան (թեզին) չհաջորդեց։ Մինչդեռ պետք է հաջորդեր։ Նախ՝ այն պատճառով, որ Հայաստանը փաստացի չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի ներառմամբ. ՀՀ վարչապետը մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել ճանաչել ադրբեջանական 86 600 քառակուսի կիլոմետր տարածքը՝ Լեռնային Ղարաբաղի ներառմամբ: Նշենք. ճանաչման և ճանաչելու պատրաստակամության միջև մեծ տարբերություն կա: ՄԱԿ-ի ԱԽ նիստում Հայաստանը պարտավոր էր ընդգծել այդ տարբերությունը, բայց լռեց։

Բացի այդ, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամություն Նիկոլ Փաշինյանը հայտնել է պայմանով։ Մասնավորապես, ահա թե ինչ էր ասում Փաշինյանը այս տարվա մայիսին Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում ելույթ ունենալիս. «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»: Այսինքն խոսքը փոխադարձ ճանաչման մասին է, այն է՝ Հայաստանը 86 600 քառակուսի կիլոմետրը ճանաչում է ադրբեջանական միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն իր հերթին հայկական է ճանաչում 29 800 քառակուսի կիլոմետրը։

Եվ ահա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի բառացիորեն նախաշեմին Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ցուցադրում է մի նյութ, որտեղ Հայաստանի ողջ տարածքը մատուցվում է իբրև ադրբեջանական։ Այսպիսով Բաքուն բացահայտորեն, լկտիաբար տարածքային նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ և խախտում Եվրախորհրդի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միանգամայն ակնհայտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայկական կողմը պարտավոր էր բարձրացնել այդ հարցը և իր կողմից չեղարկել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը: Ավաղ, դա չարվեց։ ՄԱԿ-ի ԱԽ-ի բարձր ամբիոնից հնչեց միայն այն, որ Հայաստանը «ճանաչել է» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

Այսօր շատերը Հայաստանում վրդովված են, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքներով չընդունվեց համապատասխան բանաձև։ Իրականում դա ավելի շուտ դրական հանգամանք է, քան բացասական։ Նախ ՝ այն պատճառով, որ եթե անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն փաստաթղթով պարտավորեցներ Բաքվին անհապաղ բացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանը չէր անի դա։ Թքած ունի տարբեր փաստաթղթերի վրա, ինչպես որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Միջազգային քրեական դատարանի որոշման։

Երկրորդ՝ եթե համապատասխան բանաձև ընդունվեր, ապա դրանում, ամենայն հավանականությամբ, և՛ Լաչինի միջանցքը, և՛ Արցախը կճանաչվեին ադրբեջանական տարածք, և դա կլեգիտիմացներ Շառլ Միշելի միջնորդությամբ բանավոր պայմանավորվածությունը Փաշինյանի և Ալիևի միջև։ Պայմանավորվածություն, որի շրջանակներում Փաշինյանը պատրաստ է 86.600 քառակուսի կիլոմետրը ճանաչել ադրբեջանական, իսկ Ալիևը մինչև հիմա ոչ մի անգամ մտադրություն չի հայտնել ի պատասխան ճանաչել 29.800 քառակուսի կիլոմետրը հայկական։

Այնպես որ՝ եթե գնահատենք ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները, եթե դրանցում ինչ-որ դրական բան փնտրենք հայկական կողմի համար, ապա որքան էլ պարադոքսալ է՝ դրականն այն է, որ ոչ մի բանաձև չի ընդունվել, փաստաթղթային որևէ հետևանքներ միջոցառումը չի ունեցել…