ԷԴԵՄ ՎՈՍՈՐՆՈՒԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներն արդեն ծամվել-ծամծմվել են փորձագետների կողմից, տրվել են գնահատականներ, որոնք արձանագրել են անվտանգության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման միջազգային մեխանիզմների գործնական կաթվածահարությունը: Հենց այն նորմերի, որոնք դրված են ՄԱԿ-ի և նրա ինստիտուտների ստեղծման ու գործունեության հիմքում։ Օգոստոսի 16-ին նրանք հաստատեցին իրենց դժկամությունն ու անկարողությունը՝ միջամտելու իրավիճակին, որպեսզի կանխվի ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի։

Այս համատեքստում կցանկանայինք կանգ առնել մեկ ելույթի վրա՝ Կազմակերպության կառույցներից մեկի ներկայացուցչի։ Այն է՝ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների գծով տնօրեն Էդեմ Վոսորնուի։

«Մենք ներկայումս ի վիճակի չենք անկախ կերպով հաստատել Լաչինի միջանցքով մարդկանց կամ ապրանքների տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը կամ ռուս խաղաղապահների տեղակայման շրջաններում քաղաքացիական բնակչության վիճակի մասին տեղեկատվությունը։ Սակայն մենք տեղյակ ենք պարենամթերքի և դեղորայքի հետ կապված խնդիրների, ենթակառուցվածքի և ծառայությունների կարևորագույն օբյեկտների աշխատանքի համար էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների վերաբերյալ ստացվող հաղորդագրությունների մասին»,- իր ճառում հայտարարեց մեծարգո տիկինը։

Այսինքն, արձանագրենք. ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկի ղեկավարը խոստովանում է, որ «չի կարող անկախ կերպով հաստատել տեղեկատվությունը» արդեն ավելի քան 8 ամիս շարունակվող հումանիտար աղետի մասին: Եվ որ ինքն ու ՄԱԿիր ղեկավարած կառույցը առաջնորդվում են ընդամենը «ստացվող հաղորդագրություններով»։ Եվ գլխավորը. աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր կազմակերպության հումանիտար հարցերով պատասխանատու պաշտոնյան խոստովանում է, որ 8 ամսվա ընթացքում չի բարեհաճել իր ուղիներով բավարար տվյալներ ու փաստեր հավաքել՝ «տեղեկատվությունն անկախ կերպով հաստատելու» համար:

Հարց է առաջանում. ինչո՞վ է զբաղված ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը, որն առաջին հերթին պարտավոր էր իր կենտրոնակայանին հավաստի տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ է կատարվում Արցախում: Նույնիսկ եթե այդ ներկայացուցչության իրավասությունն ու լիազորությունները չեն տարածվում չճանաչված Արցախի Հանրապետության վրա։ Չէ՞ որ խոսքը 120 000 մարդու պատուհասած հումանիտար աղետի մասին է, որոնց նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում՝ հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի բնորոշման համաձայն։

Եվ սա, անշուշտ, ամենևին էլ այն դեպքը չէ, երբ միջազգային կազմակերպությունը, որը պարտավոր է կանխել նման աղետները, կարող է իրեն թույլ տալ ընկնել ձևականությունների հետևից։ Չենք խոսում արդեն այն մասին, որ Մարդու իրավունքները համընդհանուր են և տարածվում են աշխարհի բոլոր մարդկանց վրա, առանց բացառության, անկախ նրանից՝ ապրում են ճանաչված, թե չճանաչված պետությունում:

ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ՄԱԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԱՅԴՊԵՍ ՉԵՆ ԿԱՐԾՈՒՄ։ Եվ որ նույնիսկ բազմաթիվ ակցիաները, որոնք անցկացվել են Երևանում ներկայացուցչության շենքի մոտ, ոչ մի կերպ չեն դրդել դրա ղեկավարին և աշխատակիցներին հնարավորություն գտնել ինքնուրույն, առանց «ստացվող հաղորդագրություններին» ապավինելու, համոզվել, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, պահանջում է ՄԱԿ-ի անհապաղ միջամտությունը։ Եվ ապահովել իրենց կազմակերպությանը անհրաժեշտ տվյալներով, որպեսզի Հումանիտար հարցերի վարչության պետը կարողանա հստակ և միանշանակ «հաստատել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվությունը»:

Շրջափակման 8 ամիսների ընթացքում Բերձորի միջանցքի սկզբնամաս են այցելել օտարերկրյա բազմաթիվ դիտորդներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ, այլ կազմակերպությունների և երկրների ներկայացուցիչներ: Բայց Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, ինչպես պարզվում է, այդպես էլ ցանկություն չի ունեցել այցելել այդ վայր և գլխավոր գրասենյակին փոխանցել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները առաջին՝ «սեփական» ձեռքից։

Ճիշտ նույնպիսի ապիկարության դրսևորում է տիկին Վոսորնուի փաստացի հրաժարումը՝ հաստատելու տվյալները «ռուս խաղաղապահների տեղակայման շրջաններում քաղաքացիական բնակչության վիճակի մասին»: Քանզի 8 ամսվա ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մտքով անգամ չի անցել փորձել անցնել ադրբեջանական անցակետով, հասնել Արցախ և սեփական աչքով տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ։ Իսկ հետո ներկայացնել անկախ զեկույց, այդ թվում՝ տիկին Վոսորնուին։

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով վերն ասված ամենը, Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի գործառնությունների տնօրենը բավականաչափ փաստարկներ և հիմքեր ուներ «տեղեկատվությունն անկախ կերպով հաստատելու» համար: Բանն այն է, որ տակավին օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության փորձագետների խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը հումանիտար ծանր ճգնաժամի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։

«Վերջին յոթ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվել է սննդի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի, ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա, վտանգել է մարդկանց, հատկապես երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղիների և հիվանդների կյանքը»,- ասված էր հայտարարության մեջ: Փորձագետները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին կատարել իրենց միջազգային պարտավորությունները և «անհապաղ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրի»:

Կա՛մ Էդեմ Վոսորնուն տեղյակ չէ իր իսկ գործընկերների հայտարարության մասին, կա՛մ ՄԱԿ-ի փորձագետների դիրքորոշումը նրա համար ծանրակշիռ փաստարկ չէ։ Երկու դեպքում էլ ակնհայտ է նույն կազմակերպության տարբեր կառույցների աշխատանքի անհամապատասխանությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը։ Դա առավելևս աններելի է, քանի որ խոսքը ՄԱԿ-ի մասին է։

Հիշեցնեմ, ի դեպ, որ 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության կետերից մեկն ասում է, որ փախստականների վերադարձն Արցախ պետք է տեղի ունենա հենց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով վարչության հովանու ներքո։ 44-օրյա պատերազմից գրեթե 3 տարի անց կազմակերպությունը ոչ մի անգամ չի հիշել իր այդ պարտականության մասին՝ ճիշտ այնպես, ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ն է վաղուց հրաժարվել Արցախի բռնազավթված տարածքում հայկական քաղաքակրթական ժառանգությունը բարբարոսներից ու վանդալներից պաշտպանելու մտքից։

Էդեմ Վոսորնուի խոստովանությունը փաստացի ստորագրություն է ինչպես հայաստանյան ներկայացուցչության, այնպես էլ իր ղեկավարած վարչության և ընդհանրապես ՄԱԿ-ի անօգնականության և դժկամության տակ՝ միջամտելու իրավիճակին և փորձելու կանխել-դադարեցնել ցեղասպանությունը: Մինչդեռ, գոնե հեղինակավոր իրավագետ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը պետք է խթան հանդիսանար կազմակերպության համար՝ ավելի լուրջ վերաբերվելու այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում, եթե սեփական աշխատակիցները չեն բարեհաճել բավարար տեղեկատվություն հավաքել ու տրամադրել եզրահանգումների, գնահատականների և գործողությունների համար։

Մյուս կողմից, դա նաև ապացույցն է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն կոչեցյալ գերատեսչության ծայրահեղ վատ աշխատանքի, որը պարտավոր էր պոկ չգալ, տեղեկատվություն տրամադրել ՄԱԿ-ի կենտրոնակայանին, ինչպեսև ցանկացած այլ միջազգային կառույցի, և գործողություններ պահանջել: Արդյունքը բոլորը տեսան օգոստոսի 16-ին:

«Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը հումանիտար կարիքների բավարարման համար։ Կողմերը չպետք է խոչընդոտեն ամեն տեսակի հումանիտար ջանքերին»,- հայտարարեց Էդեմ Վոսորնուն։ Ուրեմն արե՛ք: Ո՞վ է ձեզ խանգարում և էլ ինչի՞ եք սպասում: