09.11.2020թ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂԱՐԿՎԱԾ Է ՆԻԿՈԼԻ ԽՈՍԱՄՈԼՈՒԹՅԱ՞ՄԲ

Լիակատար տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր արտաքին դերակատարները, չենք խոսում արդեն երկու տեսակի թուրքերի մասին, շունչը պահած սպասում էին Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, որպեսզի նետվեն ըստ դրա ճշգրտելու իրենց նախկին ողջ քաղաքականությունը։ Ավելին, սույն կերպարի փաստացի խոսամոլությունը ողջ թափով օգտագործվում է նրանց կողմից՝ որպես սեփական անմաքուր քաղաքականության, իսկ ներկա իրավիճակում նաև Արցախի հայկական մասի ամբողջական պաշարման և ցեղասպանության ուղղությամբ գործողությունների կամ անգործության արդարացում և կոծկում։

Ոչ վաղ, քան երեկ երեկոյան մեդիատարածքում հայտնվեց նման մոտեցման հերթական ապացույցը։ Այն է՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը պատասխանել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի նամակին, որով վերջինս խնդրել է վերանայել Արցախի տարածքում Sputnik ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը: Կիսելյովը, մասնավորապես, հայտարարել է, որ հեռարձակման դադարեցումը կապված է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամրագրել ՀՀ տարածքը 1991 թվականի սահմաններով:

Իսկ դադարեցվում է, որովհետև Կիսելյովին պետք է Բաքվի թույլտվությունը։ Հակառակ դեպքում հեռարձակման շարունակումը «կասկածի տակ է դնում Մոսկվայի կողմից հարաբերությունների անկեղծությունը և հղի է մեր երկրների միջև միջպետական կապերի բարդացմամբ»։ Ցանկություն է առաջանում մեկ հարց տալ ռուս մեդիապաշտոնյային. մի՞թե դուք նույնքան անկեղծորեն համարում եք, թե պետության նույնիսկ առաջին դեմքի բանավոր հայտարարությունը որևէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում կարող է հիմք դառնալ ռադիոհեռարձակման և իրավական դաշտում գործողությունների դադարեցման համար:

Իսկ եթե վաղը Նիկոլը հրաժարվի իր խոսքերից (հանկարծ խելքին փչի), ինչպե՞ս է վարվելու պարոն Կիսելյովը. կրկին դադարեցնալու է հեռարձակումը և դիմելու թույլտվության համա՞ր... Ի դեպ, ո՞վ է նախկինում տվել դա. Արցախի Հանրապետության իշխանությունները, թե՞ Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Այսինքն ստացվում է, որ նախկինում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ճանաչում էր Արցախը կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ որպես Հայաստանի մաս: Եվ դա «չէ՞ր բարդացնում միջպետական կապերը» Բաքվի հետ։

Դրանից մեկ օր առաջ նույնքան տարօրինակ հայտարարություններ հնչեցրեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քանզի խոսքը ոչ թե ռադիոհեռարձակման, այլ հայկական Արցախի և նրա 120 000 բնակիչների ճակատագրի մասին է։ Ահա ուրեմն, Զախարովան հայտարարեց, թե Լաչինի միջանցքում առկա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու հետևանքն է: Նրա խոսքերով, դա արձանագրվել է Եվրամիության հովանու ներքո 2022 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի մայիսին երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքներով, ինչպես նաև հստակ ասված Է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ։ Ուստի ՌԽԶ-ի վրա պատասխանատվություն դնելը Մարիա Վլադիմիրովնան համարում է «անտեղի, սխալ, չարդարացված»:

«Արձանագրվել է գագաթնաժողովի արդյունքներով», ընդ որում՝ բազմիցս. բայց կրկին իսկ բանավոր։ Որևէ փաստաթուղթ, որտեղ Փաշինյանի կողմից Արցախի հանձնումը արձանագրված լինի գրավոր, վավեր և իրավական ուժ ունենա, գոյություն չունի, և Զախարովան դա շատ լավ գիտի։ Դժվար թե Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղյակ չեն նաև այն մասին, որ հայ հասարակության շատ զգալի մասը (դատելով սոցհարցումներից՝ գրեթե 95%-ը) կտրուկ դեմ է իշխանությունների նման քաղաքականությանը՝ համարելով, որ Փաշինյանը Արցախի ժողովրդի փոխարեն որոշում կայացնելու ոչ մի լիազորություն չունի։ Ինչպեսև այն մասին, որ երկրում այժմ ընթանում է իրավական գործընթաց, որն ուղղված է նման ճանաչման քրեականացմանը։

ԲԱՅՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱ ՉԷ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ: Գլխավորն այն է, որ կա տարածաշրջանում ներկա ժամանակաշրջանի համար հիմնարար փաստաթուղթ, որը սահմանում է իրավիճակը «հողի վրա»՝ Ալիևի, Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Պուտինի ստորագրության ուժով։ Խոսքն, իհարկե, 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի Եռակողմ հայտարարության (համաձայնագրի) մասին է, որի 6-րդ կետը հստակ կարգավորում է այսօր Ադրբեջանի կողմից լիովին արգելափակված Լաչինի միջանցքի հարցը։

Եվ այդ կետում, չենք զլանա մեջբերել, ասվում է հետևյալը. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և չի տարածվի Շուշի քաղաքի վրա, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: …Ադրբեջանի երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով»։

Պետք է ենթադրել, որ ՌԴ ԱԳՆ-ը գիտակցաբար անտեսում է Ադրբեջանի կողմից այդ կետի կոպտագույն խախտումը միայն այն պատճառով, որ կա Փաշինյանի բանավոր ճանաչո՞ւմը։ Պե՞տք է արդյոք ենթադրել, որ Մարիա Զախարովան փորձում է արդարացնել ապաշրջափակման հարցում Մոսկվայի արդյունավետ քայլերի փաստացի բացակայությունը արդեն ավելի քան 260 օր շարունակ՝ դրա համար օգտվելով Փաշինյանի շատ «հարմար» հայտարարությունից, որը, կրկնեմ, ամրագրված չէ իրավաբանորեն։

Այստեղից՝ ևս մեկ օրինաչափ հարց տիկին Զախարովային. հետևո՞ւմ է արդյոք նրա խոսքերից, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը չեղարկված է համարում 9-10.11.2020-ի Եռակողմ համաձայնագիրը՝ ելնելով միայն երեք ստորագրողներից մեկի հայտարարությունից: Եթե համաձայնագիրն իսկապես չեղարկված է համարվում, ապա ցանկալի կլիներ տեսնել այդ փաստի պաշտոնական հաստատումը, քանզի իրավիճակը չափազանց լուրջ է հայ ժողովրդի համար, որպեսզի ահա այդպես դատարկ խոսքեր շաղ տան ու անտեսեն իրական փաստաթուղթը։

Իսկ եթե նշված համաձայնագիրն ուժի մեջ է, ապա բարի եղեք հավատարիմ մնալ այդ միջազգային փաստաթղթին, որն ամրագրված է նաև Ռուսաստանի նախագահի ստորագրությամբ։ Այլ ոչ թե կառչել կասկածելի անձի, թեկուզև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բացահայտ խոսամոլությունից, փորձելով խուսափել Արցախում տեղի ունեցող ողբերգության համար պատասխանատվությունից։

Ով-ով, իսկ հայ հասարակության գիտակից ու մտածող հատվածը շատ լավ հասկանում է սեփական կառավարության մեղքի և պատասխանատվության ողջ ծանրությունը Արցախի և Հայաստանի ներկա վիճակի համար։ Եվ գերազանց գիտակցում է, որ հայ ժողովրդի մի մասի ցեղասպանության գլխավոր մեղավորը, Ալիևի հետ միասին, հենց Փաշինյանն է։ Բայց միջազգային-իրավական հարաբերությունների դաշտում չկա ոչ մի փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Եվ ոչ միայն Հայաստանը. չկա ոչ մի փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչված է անկախ Ադրբեջանի մաս։ Չի եղել և, հուսով ենք, չի լինի։

Բայց ընդ որում ոչ ոք չի շշպռում Ալիևին, որը հայտարարում է, թե դա, իբր, իր տարածքն է, և ինքն ազատ է այնտեղ անել ինչ կամենա, ներառյալ ցեղասպանության իրականացումը և մարդկության դեմ այլ ծանրագույն հանցագործությունները։ Ոչ ոք մտադիր էլ չէ նրանից պահանջել թեկուզ չճանաչված, բայց դե ֆակտո գոյություն ունեցող հանրապետության տարածքի նկատմամբ իր պահանջների իրավական հիմնավորում։

Մյուս առանցքային արտաքին դերակատարը՝ Վաշինգտոնը ճանաչում է Ալիևի «իրավունքը»՝ «համաներում» շնորհելու Արցախի ազատության համար պայքարած մարտիկներին. այն ազատության, որն ԱՄՆ-ում ճանաչված է բարձրագույն արժեք, և որի համար պայքարը փաստացի ընկած է այդ պետության ստեղծման հիմքում։ Եվ կոչ է անում ցեղասպանության ենթարկվող արցախահայությանը օգտվել հենց այդ ցեղասպանությունն իրականացնողների կողմից «մատակարարման լրացուցիչ երթուղիներից»:

Այսինքն արտաքին բոլոր դերակատարները համերաշխ կառչել են Փաշինյանի բանավոր բառազեղումներից և ներկայացնում են դրանք իբրև կայացած միջազգային իրավական փաստ, անտեսելով իրականում գոյություն ունեցող, երեք տարի առաջ երեք պետությունների ղեկավարների կողմից ստորագրված իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթը։ Սա նույնիսկ իրավական նիհիլիզմ չէ. սա գիտակցված անմարդկային մանիպուլյացիա է, որը կոչված է սպասարկելու արտաքին ուժերի քաղաքական շահերը հայի արյան և հայրենազրկման հաշվին:

Ի դեպ, Զախարովայի ճեպազրույցից մի քանի ժամ առաջ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Գորիսում հայտարարեց. «Արցախահայությունն իր կամքին հակառակ գտնվում է շրջափակման մեջ, շրջափակումն իրականացվում է միջազգային իրավունքի և 2020 թվականի հրադադարի մասին հռչակագրի խախտմամբ»:

Մենք ոչինչ չենք ակնարկում, քա՜վ լիցի: Խոսքն ընդամենը փաստաթղթերի և խոսամոլության մասին է, որով այդ փաստաթղթերը շատ կոպիտ կերպով փորձում են փոխարինել։