Վերջին անգամ Փաշինյանի հետ շփվել եմ նոյեմբերին. Վարդանյանը քննադատել է ՀՀ իշխանություններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաշինյանի հետ վերջին անգամ շփվել եմ անցած տարվա նոյեմբերին։ Այս մասին սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա պարզաբանել է, որ դա կարճ շփում էր, երբ Վարդանյանը նշանակվել է պետնախարար։
«Դա առաջին և վերջին շփումն էր։ Գործնական շփում չկա և չի եղել»,- նշել է Վարդանյանը։
Նա անընդունելի է անվանել քաղաքական գործընթացների և քննարկումների նշաձողն իջեցնելը։
«Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում է ինչ-որ ճնշման մասին գաղտնի խմբերի կողմից, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը խոսում է ինչ-որ խամաճիկների մասին։ Նրանք վնասում են Հայաստան և Արցախ պետությունների հիմքերին։ Նրանք այնքան թույլ են, որ ցանկանում են ցույց տալ, որ տանուլ կտան, քանի որ ընտրությունների վրա իբր կազդեն արտաքին ուժերը։ Այդպես չէ, նրանք կպարտվեն, քանի որ թույլ և անգրագետ են, ի վիճակի չեն կատարել խոստումները և չեն կարող ներկայացնել երկիրը։ Նրանց պահվածքը, այդ թվում մարդկանց վրա թքելը, Արարատն Արագածի վերածելը և շատ այլ բաներ կդառնան նրանց պարտության պատճառը։ Իմ դեմ քարոզչությունը նրանց անզորության հետևանքն է։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը քայքայվի կամ հայտնվի պատժամիջոցների տակ»,- ավելացրել է նախկին պետնախարարը։
Նա վստահ է, որ Հայաստանի իշխանությունները հնարավոր ամեն բան չեն անում, որպեսզի Լաչինի միջանցքը ապաշրջափակվի, բոլոր մեխանիզմները չեն գործադրվում Արցախը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։
«Կողմերը չեն կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, և դա վստահության հարց է առաջացնում որևէ այլ փաստաթղթի կատարման հանդեպ, որը կարող է հետագայում ստորագրվել։ Ուստի, մինչև նոր փաստաթղթի ստորագրումը պետք է քննարկել արդեն ստորագրված հայտարարության կատարումը։ Հայաստանի իշխանությունները տապալել են ամեն բան։ Լաչինի միջանցքի շրջափակումը կարմիր գիծ է։ Պետք է մտածել այն մասին, թե ինչպես կարող է Հայաստանը ճնշում գործադրել դրա բացման համար։
Ադրբեջանի իշխանությունները պետք է զգան պատժամիջոցների սպառնալիքը, պետք է ապացուցել, որ Լաչինի միջանցքը ժամանակին շրջափակել են ոչ էկոակտիվիստները, պետք է ցուցադրել Ադրբեջանի կատարած հանցագործությունները՝ որպես դիկտատոր պետության, մշտապես խոսել օդային միջանցքի բացման անհրաժեշտության մասին։ Մենք աշխատում ենք վերջինի ուղղությամբ, և արդեն որոշակի տեղաշարժեր կան։ Կան տասնյակ մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը և օգնել Արցախի ժողովրդին»,- ընդգծել է Վարդանյանը։
Նա կարծում է, որ ներկա իրավիճակում Ռուսաստանը չի ապահովում շատ բան այն ամենից, ինչը պետք է ապահովի՝ հորդորելով աշխատել ՌԴ-ի հետ, որպեսզի նա փոխի իր մոտեցումը։
«Արցախը կարմիր գիծ է։ Առանց Հայաստանի չի լինի Արցախ, առանց Արցախի չի լինի Հայաստան։ Այս կապը շատ հստակ է։ Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից և մտածել, որ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիր և ինքնահոսի մատնել Արցախի հարցը։ Դա մեզ կտանիի անդունդ։ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում։ Մտածողության պարտվողական կերպը մեզ անդունդ կտանի։ Նման տեմպերով մեզ պատերազմ է սպասվում»,- ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, նոր գաղափարներ կմտցնի, նոր մոտեցումներ։ Ես և իմ ընկերները տարբեր հիմնադրամների միջոցով իրականացրել ենք մոտ 700 ծրագիր, շատ բան ենք արել Երևանում և այլ համայնքներում։ Մեր ընտանիքը և այլ մարդիկ, որոնք հավատացել են իմ գաղափարներին և մոտեցումներին, 700 մլն դոլարի ներդրումներ են կատարել ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում, այդ թվում Երևանում։
Պետք է միավորվել Արցախի շուրջ և թույլ չտալ, որ այն դառնա Ադրբեջանի մաս, թույլ չտալ, որ հայերին վտարեն։ Միևնույն ժամանակ, պետք է Երևանը դարձնել այնպիսի քաղաք, որպեսզի մարդիկ զգան, որ այն իսկապես ամբողջ հայության մայրաքաղաքն է»,- ասել է Վարդանյանը։
News.am