ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ԹԻՄԸ ՈՃՐԱԿԻՑ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

«Փաշինյանի կողմից տարածաշրջանում Թուրքիայի առաջատար դերի փաստացի ճանաչումը. այն պետության, որն արդեն ցեղասպանություն է իրականացրել և չի թաքցնում դա ավարտին հասցնելու իր մտադրությունը, նշանակում է, որ ՀՀ գործող իշխանությունները կարող են նաև հանցակից դառնալ Արցախում արդեն ընթացող ցեղասպանության իրականացմանը»»,- գրել է «ԳԱ»-ն սեպտեմբերի 13-ին: Ընդամենը 12 օր անց կարելի է վստահորեն պնդել, որ դա տեղի ունեցավ. Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ոճրակից դարձան հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր, մասշտաբային հանցագործությանը, որը միջազգային իրավունքի համաշխարհային առաջատար մասնագետներն արդեն անվանել են ցեղասպանություն։

Սեպտեմբերի 21-ին դա բաց տեքստով ընդունեց Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտարարելով, որ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի դեմ նախապատրաստվող ռազմական ագրեսիայի մասին։ Սենսացիոն հայտարարությունը, որն ըստ էության Նիկոլի դատավճիռն էր, և որի պատճառները դեռ պետք է հասկանալ, այդպես էլ չհերքվեց։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա մամլո խոսնակը Էրդողանին ստախոս չանվանեցին և չհերքեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիային փաստացի մեղսակցության մեղադրանքը: Հետևաբար՝ դա ճիշտ է, թեև նույնիսկ պաշտոնական հերքման առկայության դեպքում ոչ ոք կասկածի տակ չէր առնի ասվածի հավաստիությունը։ Նաև այն պատճառով, որ այնուհետ Նիկոլը հաստատեց այդ մեղադրանքը։

Նախ, ՄԱԿ-ի ԱԽ նիստից մի քանի ժամ առաջ նա գիտակցաբար և միտումնավոր այնպիսի հաղթաթուղթ տվեց Բաքվին, որը զրոյացրեց իր իսկ ԱԳ նախարար Միրզոյանի ելույթի թեզերի գերակշիռ մասը, եթե ոչ բոլորը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի զինված ուժերի վայրագ սպանությունների և ռազմական այլ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդագրությունների խորապատկերին Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի ժողովրդին գոյաբանական վտանգ չի սպառնում։

Այնուհետ, արդեն սեպտեմբերի 23-ին, Փաշինյանի մամլո քարտուղար Բաղդասարյանը, իսկ այնուհետ նաև ՀՀ ԱԺ նախագահը շտապեցին հերքել Արցախի խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյանի հայտարարությունն այն մասին, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների առաջին իսկ պահից «Հայաստանի վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից»։ «Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակները, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը»,-ընդգծել էր Իշխանյանը:

Ի դեպ, հայտարարությունը, որով հանդես եկավ Բաղդասարյանը, թե իբր՝ «Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին որոշումներին», ինքնին վկայում է այն մասին, որ իշխանությունները գերազանց գիտակցում են տեղի ունեցածի ողջ ահավոր ծանրությունը և ձգտում չքմեղանալ իրենց հասցեին հնչող մեղադրանքներից։ Այլ հարց է, որ ստախոս և սեփական ժողովրդի արյան մեջ թաղված իշխող թիմը վստահության արժանանալու չնչին իսկ հնարավորություն չունի։ Ամեն ինչ արդեն այնքան ակնհայտ է, որ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների ցանկացած արդարացում և հայտարարություն գործում է հենց իրենց դեմ, և սեպտեմբերի 23-ի առավոտյան Փաշինյանի ելույթը դրա լավագույն ապացույցն է։

Բնականաբար, կատարված ամենի մեջ նա կրկին մեղադրեց ուրիշներին՝ ռուս խաղաղապահներին և Բաքվի իր հանցակիցներին։ Բնականաբար՝ ոչ մի բառ Էրդողանի ցնցող արտահայտության և ոչ մի բառ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ իր սեփական հայտարարության մասին։ Ոչ մի բառ այն մասին, որ ինքն ու իր ոհմակը իրականում մատը մատին չեն տվել, որպեսզի կանխեն հայ ժողովրդի և մարդկության դեմ կատարված զարհուրելի ոճիրը և հայկական Արցախի վերջնական կորուստը:

Վերջին բոլոր ամիսներին, երբ թուրքերը խեղդում էին Արցախը՝ ձգտելով կոտրել նրա բնակիչների ոգին և պարտվելով իրենց ձգտումներում, Նիկոլն ու Միրզոյանը աղաղակում էին էթնիկ զտումների վտանգի մասին և նույնիսկ օգտագործում ցեղասպանություն բառը։ Ինչպես պարզվեց, դա արվում էր բնավ ոչ անկեղծ մտահոգության և ողբերգությունը կանխելու ձգտման բերումով։ Ո՛չ, միակ նպատակը ողջ պատասխանատվությունը նախապես սեփական ուսերից թոթափելն ու մեղքը ուրիշների, մասնավորապես՝ ռուսների վրա բարդելն էր։

Ռուսաստանի մեղքի աստիճանը, անշուշտ, դեռ պետք է գնահատվի։ Բայց առաջին հերթին հարց է առաջանում. իսկ ի՞նչ արեցին բուն Հայաստանի իշխանությունները, որպեսզի թույլ չտան, որ ցեղասպանություն տեղի ունենա։

Վերջին բոլոր ամիսներին Փաշինյանից պահանջում, խնդրում, հորդորում էին հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու իր դիրքորոշումից։ Նա, իհարկե, դա չարեց։ Վերջին բոլոր ամիսներին նրան թախանձագին խնդրում էին, հորդորում, պահանջում ճանաչել Արցախի անկախությունը։ Նա, բնականաբար, դա էլ չարեց։ Ի՞նչը կարող էր այնքան կարևոր լինել, որ գերակշռեր հայերի, այդ թվում երեխաների փրկության հնարավորությունից, գերակշռեր Հայրենիքի փրկությունից: Այդ ի՞նչ նպատակ և ի՞նչ շահ կարող է ավելի մեծ լինել, քան հայրենակիցներին ցեղասպանությունից, տանջալից մահից, խոշտանգումներից, գերությունից, իսկ մեզ բոլորիս՝ հայրենազրկումից պաշտպանելու ձգտումը:

Թշնամու շահերը ազգային շահերից վեր դասել կարող է միայն նա, ով ծառայում է ոչ թե Հայաստանին, այլ նրա թշնամուն։ Թույլ տալ, որ տեղի ունենա Հայոց ցեղասպանության նոր փուլ, հնարավորություն ունենալով կանխել դա, կարող էր միայն նա, ով եկել է 1915 թվականի Ցեղասպանության վերջնական փուլին օժանդակելու նպատակով։ Այն ժամանակ՝ 20-րդ դարասկզբին, հայ ժողովուրդը չուներ իր պետությունը՝ հայրենակիցներին պաշտպանելու համար։ Այսօր մենք պետություն ունենք, բայց նրա ղեկին կանգնած է ամենաիսկական և իր արյունոտ երախի ժանքներն արդեն չթաքցնող թշնամին։

...Երեկ Արցախի ՄԻՊ-ը հաղորդեց Սառնաղբյուր գյուղից երկու տղաների՝ Պողոսյան եղբայրների մահվան մասին։ 8-ամյա Նվերն ու 10-ամյա Միքայելը սպանվել են, զոհվել է նաև նրանց հայրը, նույն գյուղից սպանվել է ևս մեկ երեխա: Առաջիկա օրերին և ամիսներին մենք դեռ բազմաթիվ սահմռկեցուցիչ մանրամասներ իմանանք այն մասին, թե ինչպես են թուրքերը իրականացրել ցեղասպանության հերթական փուլը՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող և հայ ժողովրդին ոչնչացման տանող անձնավորության լիակատար աջակցությամբ ու օժանդակությամբ։

Այդ երեխաների և արցախցի բոլոր անմեղ զոհերի արյունը քո վրա է, Նիկոլ։ Նայի՛ր ձեռքերիդ ափերին, և կտեսնես այդ արյունը, այն շա՜տ շատ է: Եվ հանցագործությունների երկար ցուցակում, որոնք անխուսափելիորեն ներկայացվելու են քեզ, այդ արարքը նշվելու է որպես առաջիններից ու գլխավորներից մեկը. մեղսակցություն Հայոց ցեղասպանություն ոճրագործությանը, որն այսօր արդեն դարձավ պատմական փաստ: