Փորձագետ․ Բենզինի գնի բարձրացումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա

Հայաստանում բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է արտաքին գործոնններով, այն երկրների իրավիճակով, որտեղից այն ներմուծվում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։

Նա հիշեցրել է, որ այդ ապրանքը լրիվ ներմուծվում է (հիմնականում Ռուսաստանից)։ Նրա խոսքով՝ ներքին պահանջարկի ազդեցության գործոնը գրեթե բացակայում է։

«Ներքին շուկան Հայաստանում հիմնականում ազատ է, և գնի փոփոխությունը պայմանավորված է այն երկրների գներով, որտեղից վառելիքը ներմուծվում է»,- ավելացրել է Ադոնցը։

Նա նշել է, որ բենզինի թանկացումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, քանի որ կբարձրացնի տնտեսվարող սուբյեկտների և տնային տնտեսությունների ծախսերը։

«Դա կհանգեցնի բազային ապրանքների գների աճի, կհանգեցնի ընդհանուր գնաճի և կանդրադառնա քաղաքացիների բարեկեցության վրա»,- ընդգծել է փորձագետը։

Նշենք, որ բենզինի գնի տեսանելի աճը Հայաստանում սկսվել է այս տարվա հունիսին։ Պաշտոնական տվյալներով՝ մայիսի համեմատ աճը կազմել է ավելի քան 10 տոկոս։ Հուլիսին բենզինը թանկացել է ևս 11 տոկոսով, բայց արդեն հունիսի համեմատ։ Սեպտեմբերին աճի տեմպը դանդաղել է՝ կազմելով 5,8 տոկոս օգոստոսի համեմատ։ Բայց եթե համեմատենք այդ ցուցանիշները 2022թ. դեկտեմբերի ցուցանիշների հետ, ապա կստացվի, որ բենզինի գինը բարձրացել է 18 տոկոսով։

Իրականում իրավիճակն ավելի վատ է. բենզինը թանկացել է մոտ 50 տոկոսով։