ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ, ԵԹԵ ԱԼԻԵՎԸ ՉԿԱՍԵՑՎԻ

Հոկտեմբերի 13-ին Բաքվում սկսվեց Ալիևի մտահղացած դատական «շոուներից» առաջինը, որոնք կոչված են շարունակաբար բավարարել իր հպատակների արյունարբու բնազդները։ Ի տես ամենքի ցուցադրվեցին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի տառապանքներն ու նվաստացումները։ Հիշեցնեմ, որ շտապ վիրահատության համար Երևան տեղափոխվող մարդուն առևանգեցին նրա դստեր և ԿԽՄԿ աշխատակիցների աչքի առաջ, մեղադրեցին 1991թ.-ի ինչ-որ «կոտորածի» մասնակցելու մեջ, տարան Բաքու, հետո շտապ գտան 59 «տուժածների» և կոպիտ դատական խեղկատակություն սարքեցին։

Խաչատրյանի առեվանգումն առաջին ահազանգն էր առ այն, որ Ալիևը մտադիր է ցուցադրական դատաստանների շարք կազմակերպել։ 44-օրյա պատերազմի ավարտից 3 տարի անց Բաքվի բռնապետին պարզապես անհրաժեշտ է նոր արյուն ավելացնել սեփական «երթին», ցեղակիցներին նետելով եթե ոչ հաց, ապա թամաշա, ինչը կարող է ևս որոշ ժամանակով երկարաձգել Արցախի ահաբեկչական զավթման էյֆորիան։

Ճիշտ է, հուլիսի 29-ին, երբ առևանգվեց Վագիֆ Խաչատրյանը, դեռ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ կձերբակալվեն և Բաքու կտարվեն Արցախի նախկին և ներկա ղեկավարները։ Այսօր արդեն հասկանալի է, որ նրանք դարձել են մատաղացու, որի դիմաց տանջալի բանակցությունների արդյունքում հաջողվել է ապահովել խաղաղ բնակչության, այդ թվում ՝ բոլոր երեք պատերազմների մասնակից տասնյակ հազարավոր տղամարդկանց ելքը, իսկ ավելի ճիշտ՝ գաղթը։

Բաքվի անմարդկային թամաշայի հանգամանորեն մտածված ողջ բեմադրությունը, որի ընթացքում խախտվեցին գործնականում բոլոր միջազգային կոնվենցիաներն ու նորմերը, զազրելի տեսարանը՝ հայի հրապարակային, ցուցադրական նվաստացմամբ, նրա արցունքները, նրա դատապարտված կերպարանքը. այդ ամենն, անկասկած, ուղղված էր ոչ միայն տեղի լսարանին, որն ակնհայտորեն գազանաբարո հրճվանք էր ապրում տեսածից:

Հոգեբանական ճնշում, հայ ժողովրդին մշտապես հուսահատության, անելանելիության, ընկճվածության վիճակում պահելու ցանկություն, որպեսզի արմատապես խեղդեն ռևանշի հնարավորության, Արցախի վերադարձի մասին հույսի նշույլն անգամ, մտքեր ներշնչեն հետագա ամենին դիմադրելու անիմաստության մասին, ճնշեն սեփական երկիրը թշնամուց պաշտպանելու ձգտումը և համոզեն, թե Թուրքիայի ակնդետ հսկողությամբ Ալիև-Փաշինյան տանդեմի մտահղացածն անխուսափելի է. նաև սա էր ակներև Բաքվի դատարանում, որտեղ ահաբեկիչները, մարդասպաններն ու ավազակները դատում էին մարդուն, որը «մեղավոր» է այն բանում, որ ավելի քան 30 տարի առաջ պաշտպանել է իր Հայրենիքը։

Եվ դա առանձնակի ակնհայտ էր այն խորապատկերին, թե ինչպես արձագանքեցին Հայաստանի իշխանությունները թշնամիների մեջ միայնակ, անօգնական ու 4-ամսյա գերությունից ուժասպառ տարեց ու հիվանդ ՀՀ քաղաքացու ի ցույց դրված ողբերգությանը։

Օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնող տիկինը սահմանափակվեց «հիմնարար իրավունքների խախտման» մասին երեք տողով և հավելեց, թե իբր՝ «միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»։ Այդ տիկնոջը, ըստ երևույթին, հայտնի չէ, որ իր քաղաքացու դժբախտությանը պարտավոր է արձագանքել առաջին հերթին պետությունը։ X սոցցանցում մի քանի արտահայտություն բարեհաճեց խզբզել Հայաստանի ԱԳՆ կոչեցյալ գերատեսչության մամլո քարտուղարը. «Շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լիակատար անտեսման դրսևորում Բաքվում Հայաստանի քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ»։

Մի փոքր ավելի ընդարձակ արտահայտվեց Փաշինյանի «հատուկ հանձնարարություններով դեսպան» Էդմոն Մարուքյանը, որի հատուկ հանձնարարությունները, ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում արված գրառումներն են, որտեղ նա ցասումնալից խարազանում է Ադրբեջանի հանցավոր գործողությունները, որոնք իր շեֆի և Բաքվի բռնապետի հակահայկական դավադրության անմիջական հետևանքն են։

Նախկին Թվիթերում այս մի քանի արտահայտություններով էլ սահմանափակվեցին Հայաստանի իշխանությունները, որոնք այդքանով լիովին կատարած համարեցին իրենց պարտքը պաշտպանության և օգնության սուր ու անհետաձգելի կարիք ունեցող քաղաքացու նկատմամբ։ Դե, նաև բողոք ուղարկվեց ՄԻԵԴ, որը նույնպես արդեն այն աստիճան հերթապահ է դարձել, որ Բաքուն նույնքան հերթապահ-դանդաղ է արձագանքում դրան։ Մինչդեռ պատկերացնել, թե ուրիշ ինչ է նախապատրաստում Ալիևը դատավարական խեղկատակության համատեքստում, ամենևին էլ դժվար չէ։

Սեպտեմբերի վերջից անցել է շուրջ 20 օր, երբ մեկը մյուսի հետևից ձերբակալվեցին, ուղարկվեցին Բաքու և կալանավորվեցին Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Մինչ օրս ոչինչ հայտնի չէ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի ճակատագրի մասին: Այս 20 օրվա ընթացքում ՀՀ ԱԳՆ անվանումը կրող գերատեսչությունը հանդես է եկել մենիակ (!!!) հայտարարությամբ՝ հայկական երկրորդ պետության քաղաքական և ռազմական առաջնորդների, այդ թվում նաև Արցախի հերոսների նկատմամբ բացարձակ անօրինական, ավելին՝ հանցավոր ու դաժան հաշվեհարդարի հարցի վերաբերյալ:

Եվ նույնիսկ այդ միակ հայտարարության մեջ Միրզոյանի գրասենյակը ծուլացել է թվարկել բոլոր ութին՝ նշելով միայն մի քանիսի անունները և այնուհետ օգտագործելով հերթապահ-քամահրալից «և այլք» արտահայտությունը։ Ասենք, ուրիշ էլ ի՞նչ կարելի է ակնկալել թուրքերի դրածոյին ծառայող թուրքական գործակալի գլխավորած կառույցից։

Վերջին տարիների իրադարձություններն այն աստիճան են բթացրել ու իջեցրել մեր հոգեբանական զգայունության շեմը, որ երբեմն չենք էլ գիտակցում, թե ինչ է կատարվում մեր ու մեր երկրի հետ, և ամեն անգամ գլուխն ու սիրտն ենք բռնում ազգային-պատմական համատեքստում ապոկալիպտիկ այդ գործընթացների կոնկրետ դրսևորումների պարագայում։ Հենց այդպիսին դարձավ նաև այս առաջին դատը դեռևս Հայաստանի շարքային քաղաքացու նկատմամբ՝ ցեղասպան պետության մայրաքաղաքում, որի հաշվին հարյուրավոր հանցագործություններ կան մարդկության և հայ ժողովրդի դեմ։

Եթե չկասեցվեն Ալիեվն եվ Փաշինյանը, ապա վաղը-մյուս օրը Բաքվում մեկը մյուսի հետևից կսկսվեն է՛լ ավելի նողկալի դատական խեղկատակություններ Արցախի առաջնորդների և հերոսների դեմ, որտեղ մարդակերներն ու բարբարոսները մեզ համար է՛լ ավելի եռանդալից ու ցավագին կնսեմացնեն մեր ազգային ու մարդկային արժանապատվությունը, մեր պատմությունը, մեր պատիվն ու հայրենի հողի համար սրբազան պայքարը:

Հանձին Ռուբեն Վարդանյանի՝ նրանք վրեժ կլուծեն հայկական Սփյուռքից և դրա ամենահայտնի ներկայացուցիչներից, ի դեմս գեներալներ Մնացականյանի և Մանուկյանի՝ կնվաստացնեն հայ զինվորին և հայոց բանակին, ի դեմս Իշխանյանի՝ վրեժ կլուծեն Դաշնակցությունից, ի դեմս Բաբայանի և երեք նախագահների՝ կնվաստացնեն ու կծաղրեն Արցախի իշխանություններին և ժողովրդին…

Այս ամենն անխուսափելի է, և կդառնա ևս մեկ, շատ ծանր ու ցավոտ փորձություն հայ ժողովրդի համար, որն արդեն ավելի քան 3 տարի աչք չի բացում սարսափելի ստրեսներից: Որը ստիպված կլինի մինչև վերջ ըմպել նաև այս դառը գավաթը, եթե չկասեցվի հանցավոր տանդեմը։

Եվ եթե իշխանությունը գործում է թշնամու հետ միաբան, ապա հայ հասարակությունը պարտավոր է գոնե այս հարցում ստանձնել առաջատարի դերը և ահազանգել ողջ թափով, զանգել բոլոր հասցեներով ու թակել բոլոր դռները՝ պահանջելով ազատ արձակել այն մարդկանց, որոնց միակ «հանցանքը» սերն է Հայրենիքի նկատմամբ և ակտիվ մասնակցությունն Ազգային-ազատագրական պայքարին։ Կասեցնել Ալիևին ու Փաշինյանին ցանկացած միջոցով, քանզի այն, ինչ պատրաստում է այդ արյունարբու զույգը դատական հաշվեհարդարների առումով, ևս մեկ անտանելի հարված կդառնա ցեղասպանության ենթարկված և ենթարկվող ժողովրդին: