Նպատակ է դրվել ամեն կերպ ձգել Լևոն Քոչարյանի կալանքի տևողությունը. փաստաբանական խումբ
Նպատակ է դրվել ամեն կերպ Լևոն Քոչարյանի կալանքի տևողությունը ձգել առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի որդու փաստաբանական խումբը։
Նշվում է, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերի 22-ից սկիզբ առած քրեական գործով նոր նշաձող է սահմանվել։
«Առաջինը` օբյեկտիվ տվյալի` տեսանյութերի հերքում ոստիկանների ցուցմունքով։ Երկրորդը` բացառապես ոստիկանների ցուցմունքները, որոնք ուղիղ շահագրգիռ կողմ են, իրենց դեմ խոշտանգման դեպքով հաղորդման, հստակ տեսանյութի և Լևոն Քոչարյանի` տուժողի կարգավիճակի պայմաններում դիտարկվել են արդեն գրեթե 2 ամիս տևող կալանքի ռեժիմի հիմք։ Երրորդը` քննչական մարմնի ջանասիրության ուղիղ բացակայություն և այդ փաստի ուղիղ անտեսում»,–թվարկել են փաստաբանները:
Փաստաբաններն ընդգծել են, որ քննչական մարմինը կարող է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի պայմաններում գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել:
«Այս ամենը փաստում է, որ ապօրինի քրեական գործը և դրա շրջանակներում իրավունքների խախտման վերացումը հասնում է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների պաշտպանության անհնարինություն: Նույնիսկ հատուկ վերանայման բողոքի բանավոր քննության իրավունքից է զրկված պաշտպանական կողմը»,–ասվում է հայտարությունում:
Ըստ փաստաբանների` նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի:
«Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունը` արգելափակված»,հավելում են փաստաբանները։
Նշենք, որ Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներն են Արամ Վարդևանյանը, Էրիկ Ալեքսանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը։
Sputnik Արմենիա