Ո՞ր դեպքում է ԼՂ-ից տեղահանվածների բուժումը վճարովի. պարզաբանում
Հայաստանում գործում է պետպատվերի որոշակի ծավալ, և այդ ծավալն ամբողջությամբ հասանելի է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղաhանվածներին, սակայն որոշակի ծառայություններ վճարովի են։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է պատահում, որ հայտարարվում է, թե ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար բուժումն անվճար է, բայց մարդկանցից անալիզներ հանձնելու համար գումար են ուզում։
Նախարարը խնդրեց, որ իրեն ներկայացնեն դեպքի մանրամասները ճշտումներ կատարելու համար։ «Շատ դեպքերում ինֆորմացիայի պակասը բերում է շփոթության»,– ավելացրեց Ավանեսյանը։
Նա պարզաբանեց, որ եթե, օրինակ, վիրահատությունից առաջ պետք է անալիզներ վերցնել, դա պետպատվերի շրջանակում է, բայց եթե անձն ուղղակի ուզում է ստուգում անցնել, վճարովի է։
Նախարարն ընդգծեց` նրանք, ովքեր ՀՀ են տեղափոխվել առանց փաստաթղթերի, խնդիրների չեն բախվի, եթե հաշվառվել են և նույնականացվել։
Sputnik Արմենիա